Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառք տամ Աստծուն, որ այսքանն էլ կա, էդ էլի էս կառավարության շնորհիվ է»

Ապրիլ 07,2022 13:30

Վեդիի բնակիչը դեմ է, որ «թալանչի նախկիններին» բերդ տանեն ու իր խոսքով՝ բյուջեի հաշվին «կեր տան»

«Պատերազմի պարտության մեջ ամեն մարդ իր մեղավորության բաժինն ունի, բայց ընդհանուր ընդգծված երեւում է, որ մեղավոր են նրանք, որոնք դղյակներ են սարքել, զենքը չեն առել ու այդ փողով դղյակ են սարքել: Բանակը թալանել են, 7 մլն դոլարանոց դղյակ ունի, յանի մի ֆրանսիացի է իրեն նվեր տվել: Այս կոռուպցիան, այս թալանը, որ գիշերը քնել են, ում տունն են քանդել, որ փող աշխատեն, էլ չեն նայել ոչ մի բան, պարտությունը դա է»,- ահա այսպիսին է Վեդիի միջին վիճակագրական քաղաքացու, այս դեպքում՝ Վանիկ Սարգսյանի կարծիքը՝ 44-օրյա պատերազմում պարտության մասին:

«Առավոտը» երբ նրան հարցրեց՝ բա եթե թալան եղել է, ինչո՞ւ այս իշխանությունները չբռնեցին այս 4 տարվա ընթացքում՝ վեդեցին դրա պատասխանն էլ ուներ. «Ասեմ, դա պարզ երեւում է՝ դատական համակարգի 90 տոկոսը իրենց դատավորներն են, ենթարկվում են իրենց, այդտեղ ուրիշ լոգիկա չկա: Պետք է վեթինգ լինի, դատարանները փոխվեն, ամեն ինչ կգա կընկնի իր տեղը»:

Հարցին՝ ընդդիմադիրները մատնացույց են անում, որ քանի Նիկոլ Փաշինյանն է իշխանության, օր օրի մենք տարածքներ ենք տալիս թշնամուն, գիտեք հիմա ինչ է կատարվում Արցախի Փառուխի, Խրամորթի հատվածում, ասում են՝ երբ իշխանությունը փոխվի, մենք կդադարենք արնահոսել այսպես ու տարածքներ զիջել՝ նա պատասխանեց. «Այդ ի՞նչ դեղատոմս կա, որ դրա տեղը իշխանությունը չգիտի, իրենք գիտեն: Եթե դրանք կոչվում են ընդդիմություն, որը մտահոգված է երկրի ճակատագրով, պետք է ասեն՝ իշխանություն ջան, ի՞նչ անենք, միասին խելք խելքի տանք, հելնենք պահենք»: Փոխանցեցինք՝ դեղատոմսը սա է՝ իրենք ասում են՝ պարտված իշխանություն է եւ չի կարող բանակցել ո՛չ Ալիեւի հետ, ո՛չ էլ Փաշինյանը որեւէ այլ երկրի հետ լավ հարաբերություններ ունի, որ կարողանա մեր բանակցային դիրքերն ամրապնդել՝ Վանիկ Սարգսյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ կարելի է ասել, թե՝ Փաշինյանը չի կարող: Իսկ ո՞վ է կարող: Նախկինները նորից գա՞ն: Համաձայն ենք, այսօր Նիկոլ Փաշինյանին պարտված համարենք, պարտվել է, բայց ուրիշը չի նշանակում, որ պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը, կամ Սերժ Սարգսյանը, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս երկրի հիմնադիր ավերիչը ընդհանրապես Լեւոն Տեր-Պետրոսյանն է ու այս կադրերն էլ իր կադրերն են: Նիկոլն է՞լ է իր կադրը, համաձայն եմ, փոխե՛ք, բայց նրանք պիտի չգան: Դրա համար ընդդիմություն է պետք, բայց հզոր ընդդիմություն, որը մտահոգված է երկրի ճակատագրով ոչ թե այս ընդդիմություն, որը հանցանքներ է գործել: Արդեն քրեական գործեր պիտի բացվեն, օրենքի առաջ պատասխան չտալու համար կարող են էս ասեն, էն ասեն, ինչ ուզեն՝ ասեն: Էդ ես ընդդիմություն չեմ հաշվում: Եթե լավ ընդդիմություն գա, ես էլ համաձայն եմ Նիկոլին փոխարինենք»:

Հարցին՝ հիմա, քանի դեռ չկա ձեր ուզած ընդդիմությունը, ստիպված էլի ընտրում եք ՔՊ-ի՞ն՝ նա պատասխանեց. «Չէ, ստիպված էլ չէ: Որ այդքանն ասում եք՝ ասեմ՝ 90 քանի թվերին պատերազմ կար, արտաքին թշնամի, մութ ու լույս տարիներ, սով, գաղթ: Իսկ հիմա կորոնավիրուսը կա, ներքին այս դավադրությունը կա, արտաքին թշնամին կա, պատերազմը կա, տնտեսությունում ես տեսնում եմ, որ բավականին աշխուժություն կա: Փառք տամ Աստծուն, որ այսքանն էլ կա, էդ էլի էս կառավարության շնորհիվ է»:

Վանիկ Սարգսյանն ասաց, որ իր էությամբ ընդդիմադիր է, ուստի կառավարությանն էլ է քննադատում ու սխալները տեսնում է. «Օրինակ ասում եմ՝ հարգելի՛ կառավարություն, թավիշով հարցեր չեն լուծվում, էդ մարդկանց լեզվով պիտի խոսես, ոչ թե օրենքով: Էդ մարդիկ, եթե օրենք ճանաչեին, օրենք իմանայի՜ն…»:

Հարցրեցինք՝ ի՞նչ եք առաջարկում՝ այն մուրճը՝ «կապույտ չագուչը», որը քարոզարշավներին ցույց էր տալիս, խփի գլխների՞ն՝ նա պատասխանեց. «Չէ: Ես չեմ սիրում, որ 37 թիվ են ասում, չգիտեմ ինչեր են ասում, տանեն բռնեն եւ այլն, ես դրա կողմնակիցը չեմ: Նրանց զենքը էդ գողացած փողերն են, թող էդ փողերը հանձնեն: Ես չեմ ուզում տանեն բերդեր դրանց, կեր տան, եսիմ ինչեր տան: Թող հանձնեն փողերը, գան խաղաղվեն»:

Ճշտեցինք՝ բայց եթե չեն ապացուցում, որ դրանք գողացած փողեր են, ո՞նց վերցնեն՝ նա պատասխանեց. «Ճիշտ եք ասում, դրա համար նորից կրկնում եմ՝ քանի դեռ դատական համակարգը չի մաքրվել, վեթինգ չի եղել, դա այդպես էլ կմնա: Դա կառավարությունը կարա ասի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930