Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կալանքը վերացնելու համար

Ապրիլ 06,2022 22:22

Վաղը ՀՀ վերաքննիչ դատարանում կկայանա նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը: Գործը Ռուբիկ Մխիթարյանի վարույթում է: Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը փաստերին մի փոքր ավելի շատ ուշադրություն կդարձնի, մանավանդ, որ գործի նախաքննությունն ավարտվել է եւ այդ պարագայում Աղվան Հովսեփյանը չի կարող խոչընդոտել գործի քննությանը: Պաշտպանական թիմը դեմ չէ նաեւ գրավի կիրառմանը: Ամեն դեպքում, Երեմ Սարգսյանն առանձնակի հույսեր չի փայփայում՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, մասնավորաբար, Աղվան Հովսեփյանի կալանքի ժամկետի պարբերական երկարացումները: Աղվան Հովսեփյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել նաեւ ՀՀ գլխավոր դատախազին՝ կալանքը վերացնելու համար: Դատախազությունից դեռ պատասխանի են սպասում:

Պաշտպանը նկատում է, որ կալանքի հարցեր քննող դատավորները, երբ կան «հնչեղ անուններ», հետաքրքրություններ՝ գործող իշխանության կողմից, անզորության են մատնվում: Այս համատեքստում, իր պաշտպանյալի կալանքի ժամկետի երկարացումները Երեմ Սարգսյանն աբսուրդ է համարում. «Ինչի՞ համար երկարացվեց Աղվան Հովսեփյանի կալանքի ժամկետը. որոշումը երբ, որ կարդում եք՝ ինչ-որ գրել է, տպավորություն է, որ վերջում պիտի գրի՝ քննիչի միջնորդությունը մերժել, որովհետեւ բոլոր հիմնավորումները դրան են ուղղված»: Պաշտպանի գնահատմամբ, նաեւ նախաքննական մարմիններն են «հանգիստ գործում», քանի որ, եթե նախկինում կալանքի գործերով կաշկանդված էին, որ դատարանում խնդիր չլինի, այժմ, եթե անգամ իրենք որեւէ բան չներկայացնեն էլ, վստահ են, որ դատավորն ինչ-որ մի բան կհորինի՝ ինչպես տվյալ դեպքում է:

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Պաշտպաններին ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար՝ լրացուցիչ մասով: Գործը դեռ դատարան չի ուղարկվել: Երեմ Սարգսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. «Իրականում, ամբողջ քրեական գործը երկու հոգու՝ շահագրգիռ անձանց ցուցմունքների հիման վրա է: Մեկն ասում է, որ Աղվան Հովսեփյանն ինձ հետ միասին բիզնես-գործունեություն է ծավալել, որի ապացույցներն ընդհանրապես չկան: Կան ապացույցներ, որ այդ անձն Աղվան Հովսեփյանի որդիների հետ միասին բիզնես-գործունեություն է իրականացրել: Մեղադրանքի կողմն ասում է՝ ոչ, քո որդիները չեն, դու ես իրականացրել: Հիմնավորումն իրենց ենթադրությունն է: Հետո էլ ասում են՝ եթե դու ես, այդ գործունեությունից գոյացած ամբողջ շահույթը փողերի լվացում է՝ գույք եք ձեռք բերել, շինարարություն եք արել եւ այլն: Սրա հիման վրա անձին երկարատեւ կալանքի տակ պահել կամ դատարան ուղարկելն աբսուրդ է»:

Պաշտպանը մեկ այլ դրվագ էլ նկարագրեց, երբ վկաներից մեկն իր ցուցմունքում ներկայացնում է, թե ինչպե՞ս է իբր կաշառք տվել Աղվան Հովսեփյանին. «Ասում է՝ Աղվան Հովսեփյանի հետ տարիներ շարունակ գտնվելով շատ մտերիմ հարաբերությունների մեջ, մի օր նա եկավ իմ տարածք, ես մոտեցա, ընդամենը երկու բառ ասեց, ասեց՝ քո հեռուստաընկերության 50 տոկոսը պետք է տաս որդուս: Ասաց ու գնաց: Ես էլ հասկանալով, որ այլ տարբերակ չունեմ, իմ նկատմամբ հետագա քրեական գործերով լավ վերաբերմունք կդրսեւորվի, որոշեցի, որ այո, 50 տոկոսը նվիրաբերում եմ նրա որդուն եւ սա կաշառք է: Հարցնում ենք՝ ինչի՞ համար ես կաշառք տվել, ասում է՝ իմիջիայլոց, հույսով, որ ապագայում, եթե քրեական գործեր լինեն, իմ նկատմամբ լավ վերաբերմունք կլինի: Դատախազը երկու անգամ ցուցում է տվել, որ այն գործերով, որոնցով այդ անձն առնչվել է, քննիչներին, դատախազներին հարցաքննեն: Չեն հարցաքննում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Աղվան Հովսեփյանը մեղադրվում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեջ: Բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ապա, մեղադրանքը վերաորակավորվեց եւ որոշակի մասերով կարճվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930