Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ կա 30 տարի ՌԴ-ում է, իր հողը չի մշակում, բայց ես պատրաստ եմ ներդրում անել, ինչպե՞ս վարվել»․ Շիրակցի ֆերմերը՝ պատգամավորներին

Ապրիլ 06,2022 21:44

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստից հետո ֆերմերները հետաքրքրվեցին, թե պատգամավորներն ի՞նչ քայլեր են մշակում գյուղատնտեսական նշանակության բոլոր հողամասերը ճիշտ նպատակին օգտագործելու համար։

Մեղրաշենի վարչական ղեկավար Հունան Պետրոսյանը հետաքրքրված էր, թե կա՞ մի գաղափար, համաձայն որի՝ փոքր հողակտորները կկարողանան խոշորացնել։

Ըստ նրա, փոքր հողակտորների վրա շատ դժվար է արդյունավետ գյուղատնտեսություն կազմակերպելը։

Ազատանցի ֆերմերներից մեկն էլ՝ Սեյրան Ոսկանյանը հավելեց, թե ներդրողներ կան, որոնք ցանկանում են իրենց բիզնեսն ընդլայնել, սակայն չեն կարող։ Մարդիկ կան, որոնք հողատարածքներ ունեն, դրանք սեփականաշնորհված են, բայց իրենք արտերկրում են, տարիներով չեն մշակում։

«Եթե մեկը կա, որ 30 տարի գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, բայց ես պատրաստ եմ այդ հողի վրա ներդրում անել ու ստեղծել արժեք, ՀՀ բյուջեում էլ վճարումներ անել, այդ խնդիրը ինչպես լուծել»-հարցրեց Սեյրան Ոսկանյանը։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն պարզաբանեց, որ իրենց հանձնաժողովը էկոնոմիկայի նախարարության հետ միասին ուսումնասիրում է հարցը, միջազգային մասնագիտացված կառույցների հետ են խորհրդակցում , լուծման տարբերակներ փորձում գտնել։

Սակայն, ըստ նրա, սեփականության իրավունքի հետ կապված խնդիր կա, և իրենք չեն կարող այն հետ վերցնել։

«ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս այն հողատարածքը, որը երեք տարի չի օգտագործվում, հետ վերցվի համայնքի կողմից , բայց ՀՀ պրակտիկայում ոչ մի տեղ , ոչ մի կտոր չես կարող վերցնել, դա Սահմանադրական իրավունք է։ Բացի այդ, ոչ մի համայնքապետ իր բնակչի հողը հետ վերցնելու բարոյական իրավունք իրեն չի վերապահել, քանի ընտրությունից ընտրություն այդ գյուղացու ձայնը վերցնելու խնդիր է ունեցել։

Հիմա մենք ինչ ենք արել, մեր ներդրած համամասնական ընտրակարգը շատ կարևոր է, համայնքապետը ուղիղ ընտրությամբ չի ընտրվում և նման հարցերին շատ լուրջ ուշադրություն դարձնելու հավանականություն կա»,-ասաց Վահե Ղալումյանը։

Նա որպես տարբերակ նշեց՝ թանկացնել չմշակված հողակտորների գույքահարկը։ Սա դեռ քննարկման փուլում է։

«Մեր նպատակը հողը օգտագործելն է, իսկ այն գյուղացին, որը չի օգտագործում, կարող է հետ տալ համայնքին , համայնքը խոշորացնի, տա այն ֆերմերներին, ովքեր ցանկություն ունեն մշակելու»,- ասաց Վահե Ղալումյանը։

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էլ պարզաբանեց, որ կառավարությունում մշակում են նախագիծ, որով խթանող գործիքներ են ուզում ներդնել․ այն տնտեսավորողները, որոնք կգնեն ու կմիավորեն շուրջ 100 հեկտար հողակտոր, կառավարությունն իր կողմից գյուղատնտեսական աշխատանքները կֆինանսավորի ու կապահովի անհրաժեշտ ենթակառուցվածքներով։

Ազատանցի ֆերմեր Սեյրան Ոսկանյանը, որը զբաղվում է կարտոֆիլի, ցորենի ու գարու արտադրությամբ, նաև դժգոհեց, որ թեև լավ որակի սերմնացու են ներկրում, հողերը մշակում, բայց բերքահավաքի ժամանակ մեծ կորուստներ են ունենում՝ կապված հնամաշ գյուղտեխնիկայի հետ։

«Սովետմիության կոմբայներ են, 30-40 տոկոսի կորուստ ենք ունենում, շեշտը կարելի է դնել տեխնիկայի ձեռք բերման, պետության կողմից աջակցության մասին, որպեսզի կարողանանք մշակել, բերքը հասցնել նպատակին»,-ասաց նա։

Էկոնոմիկայի փոխնախարարը համաձայնեց, որ տեխնիկայի հնամաշ լինելն ազդում է եկամտաբերության և բերքատվության վրա։ Նա հիշեցրեց, որ կառավարությունը մի քանի տարի է՝ իրականացնում է գյուղտեխնիկայի լիզինգով ձեռք բերման ծրագիրը։

Արման Խոջոյանի տեղեկացմամբ, նախորդ տարի լիզինգային ծրագրերի համար շուրջ 13,5 միլիարդ դրամ է հատկացվել, սակայն տարեցտարի գումարն ավելանում է , կառավարությունը չի սահմանափակվում միայն սրանով։

Ըստ նրա, կան նաև այլ վարկային ծրագրեր․ կառավարությունը վարկ է վերցրել Համաշխարհային բանկից և տարեկան տրամադրում է գրեթե 750 միլիոն դրամի գյուղտեխնիկա, սակայն անասնաբուծությամբ զբաղվող համայնքներին։

Նա նաև նշեց, որ մեծ տեխնիկայի ձեռք բերում կարելի է հենց համայնքների միջոցով կազմակերպել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930