Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծաղկի արտադրությամբ զբաղվողները լուրջ կրիզիսի առաջ են կանգնած»․ արտագնա նիստ՝ Գյումրիում

Ապրիլ 06,2022 20:15

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում՝ մի քանի գործարարների ու ֆերմերների մասնակցությամբ տեղի ունեցավ արտագնա նիստ։

Առաջին անգամ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից մեկը նիստն անցկացրեց Գյումրիում։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հայտնեց, որ պատրաստվում են արտագնա նիստեր անցկացնել հանրապետության մյուս բոլոր մարզերում, սկսել են Գյումրիից։

Նիստը կարճ տևեց, քննարկվեց ՔՊ-ական երկու պատգամավորների՝ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի կողմից ներկայացրած նախագիծը, որը ՀՀ Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է և մեկնաբանվում է որպես ոռոգման նպատակով ջրավազանների կառուցելու համար գործարարներին լավ հնարավորություններ ընձեռող։

Նիստին, ըստ Վահե Ղալումյանի, հրավիրված էր նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, որը սակայն չէր կարողացել գալ, հետևաբար և հանձնաժողովը կենտրոնացավ միայն գյուղատնտեսական հարցերի վրա։

Գործարարների, ֆերմերների բարձրաձայնած հարցերը տարբեր էին՝ սկսած վարդերի բիզնեսի լճացումից, նեղ շուկա ունենալուց մինչև համայնքների գյուղտեխնիկա չունենալը, հողերը սեփականաշնորհելն ու արտերկիր մեկնելը։

«Վարդենի ջերմոց» տնտեսության համահիմնադիր ու համասեփականատեր Ցոլակ Չադրյանը իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ սպառման խնդիր ունեն։

«Ճիշտն ասած սահմանային խոչընդոտներ կան՝ և՛ Լարիս հետ կապված, և՛ օդային ճանապարհով ապրանքների տեղափոխման։ Վարդի շուկան այս պահի դրությամբ բավականին լճացած է, մեքենաները բարձած՝ մի ամսից ավելի սահմանին կանգնած են։

Շատ լավ է, որ մենք արտադրում ենք, որոշակի նախաձեռնություն ենք հանդես բերում, բայց Գյումրիում, Շիրակի մարզում շատ բարդ է ՝ գազի ծախսի հետ կապված, հատկապես անորակ, ցածր կալորիականությամբ գազով տնտեսությամբ զարգացնել։ Հիմա բոլոր խնդիրները հաղթահարում ենք, գալիս-կանգնում ենք վաճառքին»,- ասաց գործարարը։

Նա խնդրեց ուշադրություն դարձնել վարդի սպառման խնդրին։ Խնդրեց նաև ուշադրություն դարձնել ջերմոցներ կառուցող տնտեսություններ համար մշակված օրենսդրական նախաձեռնություններին։

«Մենք վարդ ենք արտադրում, դուք էլ օրենք եք արտադրում, դա էլ է արտադրանք , եթե չի վաճառվում, վերանայելու խնդիր ունի։ Այդ օրենքը, որ դուրս է գալիս, պիտի նայեք՝ քանի մարդ օգտվեց։ Ես ինչո՞ւ չեմ օգտվում այդ արտոնյալ պայմաններից, որովհետև կրիտերիաները շատ բարդ են։ Այնտեղ պիտի մասնագիտական որոշ մասնակցություն լինի այն տնտեսվարողների կողմից, ովքեր զբաղվում են այդ գործով։

Ճիշտ է՝ շատ լավ նախաձեռնություն է, բայց այնտեղ կրիտերիաներ կան, որոնք բացարձակ պետք չեն, ասենք՝ դրսից ներկրումը, բարձրությունը 7 մետր, անպայման պիտի ցինկապատ լինի։ Եթե այդ նույն ապրանքը ես կարող եմ 50 դոլարով ստանալ, իսկ ես մեխանիկ եմ առաջին կրթությամբ, 50 դոլարով ստացել եմ 4-րդ սերնդի ջերմոց, ինչո՞ւ գնամ դրսից 100 եվրոյով գնեմ այդ նույն ջերմոցը։

Ես խնդրում եմ օրենսդրական մշակումների ժամանակ ներգրավեք մասնագետների, որոնք իրենց մտահոգությունները կարտաբերեն։ Ու դուք օրենսդրական ավելի լավ պրոդուկտ կունենանք, քան հիմա է»,-ասաց Ցոլակ Չադրյանը։

Նա նշեց, որ ծաղիկի արտադրությամբ զբաղվող հարյուրավոր արտադրողներ լուրջ ճգնաժամի առաջ են կանգնած։

Վահե Ղալումյանը պատասխանեց, որ ցանկացած օրենք միշտ էլ շտկումների կարիք ունենում է։

Գործարարի հարցերին պատասխանեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Նա նշեց, որ ինքնաշեն ջերմոցները կարող են և լավ ստացվել, սակայն շատ հաճախ լավը չեն ստացվում, և կառավարության համար կարևոր է գումար ծախսելիս՝ ստեղծել առաջադեմ ջերմոցներ։ Այդ պատճառով էլ, ըստ պաշտոնյայի, բավականին խիստ կրիտերիաներ են կիրառվում։

Նա ներկայացրեց նաև կառավարության երկու ծրագրերը՝ ջերմոցների ձեռք բերման։

Փոխնախարարն անդրադարձավ նաև Լարսի անցակետում վերջին մեկ ամսվա ընթացքում արտահանողների ու ներմուծողների համար առաջացած դժվարություններին։

«Այս խնդրի լուծման նպատակով, կառավարությունը մշակեց մեկ այլ ծրագիր, որը լաստանավի գործարկում ն է ապահովելու։ Կառավարությունը նախորդ նիստի ժամանակ հաստատեց այդ ծրագիրը՝ լաստանավի կիրառման։ Կառավարությունը կփոխահատուցի և այդպիսով կփորձենք շրջանցել Լարսի անցակետը։ Եվ նախագծի կիրառման արդյունքում կարծում եմ ինչ-որ չափով լուծում կստանա ձեր բարձրացրած հարցը։ Իսկ օդային փոխադրումների հարցը ամբողջ աշխարհում մնում է չլուծված»,-ասաց փոխնախարարը։

Գործարարն այդուհանդերձ այն համոզմանն էր, որ տեղի ներուժով հնարավոր է ժամանակակից, մրցունակ ջերմոցներ ստանալ, նա հրավիրեց իր ջերմոց, որպեսզի աչքով տեսնեն այն ու համոզվեն։

Ցոլակ Չադրյանը նաև նշեց, որ արտադրող անձը միտինգավոր չի լինում, բողոքավոր չի լինում, հետևաբար և պետք է խնդիրները լսել ու լուծում տալ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930