Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Լույոն պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Ներքին գործերի նախարարության ձևավորման և հետագա կայացման հարցում

Ապրիլ 06,2022 19:35

Ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: 

Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքով: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները:

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքները: Կարևորվել է դրա դերակատարումը՝ հատկապես դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափման հարցում:

Նախարարը ներկայացրել է ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության տեսլականը և կառուցվածքային նախագիծը, որը դեռ քննարկման փուլում է: Դեսպան Լույոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Ներքին գործերի նախարարության ձևավորման և հետագա կայացման հարցում:

Ընթացիկ նախագծերը ներկայացնելիս՝  նախարար Անդրեասյանը որպես ձեռքբերում կարևորել է Հակակոռուպցիոն դատարանների ձևավորումը, որը մոտենում է ավարտական փուլին, Արբիտրաժային կենտրոնի կազմավորումը և արդեն իսկ ձևավորված Վճռաբեկ դատարանի վարչական և հակակոռուպցիոն պալատները:

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա է դարձել նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի աշխատանքները, որը գլխավորում է նախարար Կարեն Անդրեասյանը: Նախարարը հատկապես կարևորել է, որ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում հնարավոր է ունենանք կատարելագործված օրենսդրություն, որը թույլ կտա առավել նպատակային և արդյունավետ կազմակերպել դատավորների բարեվարքության ստուգումների գործընթացը:

Անդրադարձ է կատարվել նաև ծանր վիրավորանք հասցնելը քրեականացնելուն և Հարկադիր կատարման ծառայության գործունեությանը:

Անն Լույոն բարձր է գնահատել արդարադատության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ հարցում արդարադատության նախարարության ունեցած դերակատարումը:

Նախարար Կարեն Անդրեասյանն իր հերթին գոհունակություն է հայտնել դեսպան Անն Լույոյին՝ ՀՀ կառավարությանը Եվրոպական միության և հատկապես Ֆրանսիայի Հանրապետության ցուցաբերած աջակցության համար:

Ամփոփելով հանդիպումը, հիմքում ունենալով համատեղ կատարված աշխատանքների տեսանելի արդյունքները, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ի նպաստ մի շարք նախագծերի իրագործման:

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930