Գյուղատնտես Հարություն Մնացականյանը նկարագրելով գյուղատնտեսության այսօրվա մարտահրավերներն ասաց, որ անասնակերի պակասի հետևանքով այսօր Հայաստանում տեղի է ունենում կենդանիների՝ խոշոր եղջերավորների, խոզերի, թռչունների մեծաքանակ մորթ: Նա մասնակցում էր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկմանը:
Ըստ գյուղատնտեսի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացումը պահանջում է երկար տարիներ, ինչ համար նաեւ կառավարության աջակցությունն է անհրաժեշտ: Սակայն, ըստ նրա, կառավարությունն այսօր քայլեր չի ձեռնարկում, որպեսզի անասնակեր հանդիսացող հացահատիկի գինը չբարձրանա, անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ զբաղվողներին էլ սուբսիդավորում չի տրամադրում. «Անցած տարի, երբ որոշվեց սերմացուի համար սուբսիդավորում չիրականացնել, շատերը սերմ չներկրեցին։ Արդյունքում այսօր ունենք սերմացուի մեծ դիֆիցիտ՝ չկա գարնանացան գարու, եգիպտացորենի սերմ»:
Հարություն Մնացականյանի խոսքով, գյուղատնտեսական բարդ տարի է սպասվում եւ իրավիճակը շատ կբարդանա, եթե ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի մինչեւ մայիս, քանի որ Ուկրաինան հանդիսանում է ձեթի խոշոր արտադրող, եթե չկարողանա արեւածաղիկի ցանք կատարել, ապա առաջիկայում կլինի բուսական յուղի մեծ գնաճ ողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում։
Նրա խոսքով, կանխատեսումներ կան, որ Հայաստանը նույնպես կունենա հացահատիկի խնդիր. «Արդեն անցած տարի բերքի ծավալը կիսով չափ կրճատվել էր, ընկել է հողի բերքատվությունը, 200 հազար հեկտար հողատարածք չի մշակվում, կորցրել ենք Արցախի գյուղատնտեսական նշանակության 90 հազար հեկտար հողերը, որոնցում աճում էր մինչեւ 150 հազար տոննա հացահատիկ։ Մենք հայտնվել ենք ցայտնոտային իրավիճակում, չկան նաեւ 0 տոկոսով վարկերը։ Նման իրավիճակում Հայաստանի կառավարությունը պետք է անընդհատ ֆորսմաժորային, արագ որոշումներ կայացնի։ Իսկ դա չի արվում, որովհետեւ չունենք գյուղատնտեսության նախարարություն, որը փակել են»։
Կարդացեք նաև
Գյուղատնտեսը հույս հայտնեց, որ գյուղնախարարությունը կբացեն ու արագ այս քայլերը կիրականացնեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ