Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ