Լրահոս
Օրվա լրահոսը

10 առաջարկ՝ Աշոտ Թավադյանից՝ ՌԴ դեմ պատժամիջոցների պայմաններում ԵԱՏՄ-ն զարգացնելու համար

Ապրիլ 06,2022 18:04

Եվրասիական տնտեսական պայմանագրի որոշ հոդվածներ շատ ընդհանրական են գրված եւ դրանք ԵԱՏՄ անդամ երկրների կողմից շատ ազատ են կատարվում, ինչը անդամ երկրների տնտեսական հարաբերությունների, մասնավորաբար՝ կոոպերացիայի զարգացման համար խնդիրներ է ստեղծում: Այս մասին այսօր «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ ՌԴ դեմ հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների համատեքստում» քննարկման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:

Բանախոսի կարծիքով, ԵԱՏՄ լիդերը՝ ՌԴ-ն պետք է հետամուտ լինի այս հարցերի կարգավորմանը, բայց Հայաստանը ևս՝ իր շահերի տեսանկյունից, պետք է հստակ դիրքորոշումներ հայտնի: Այս համատեքստում, Աշոտ Թավադյանը մի քանի առաջարկ է հնչեցնում: Օրինակ, ՌԴ-ի դեմ առկա պատժամիջոցների պայմաններում ստեղծել ԵԱՏՄ-ում կոոպերացիայի միասնական ծրագիր՝ օգտագործելով նաեւ հայաստանյան փորձագետների հնարավորությունները, որպեսզի ստեղծվեն կամ վերափոխակերպվեն այնպիսի ձեռնարկություններ, որոնք միտված են ռազմարդյունաբերական արտադրանքի ստեղծմանը: «Ելնելով ստեղծված իրավիճակից, կարծում եմ, որ այդ կարգի ձեռնարկությունները պետք է գրանցվեն Հայաստանում»,- ասաց Աշոտ Թավադյանը:

Հաջորդը՝ ԵԱՏՄ-ում միասնական ծրագրի ստեղծումն է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրների ներուժը, մանավանդ, եթե խնդիր է դրվում ԵԱՏՄ-ից դեպի Արեւելք արտահանումները խթանել: Աշոտ Թավադյանն այս հարցը կարեւորում է այն համատեքստում, որ Հայաստանը հնարավորություն կստանա պատրաստի արտադրանք արտահանելու, ինչն ավելի մեծ արժեք է, քան հումքի արտահանումը: Նաեւ՝ լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն մեր երկրում, որտեղ գործազրկությունը՝ պաշտոնական թվերով, մոտենում է երկու տասնյակի:

Մեր զրուցակիցը կարեւորում է նաեւ էներգակիրների միասնական շուկային անցումը, քանզի գների տարբերություն է առաջանում, ինչը կոոպերացիայի եւ մոդեռնիզացիայի համար խոչընդոտ է: Նա նաեւ առաջարկում է անցնել հումքի ավելի խորը վերամշակման: Հայաստանում, խոսքը գունավոր մետաղներին է վերաբերում:

Տնտեսագետը առաջարկում է նաեւ էներգակիրների եւ չմշակված հումքի վրա արտահանման մաքսատուրքեր սահմանել՝ արեւմտյան պատժամիջոցներին պատասխան պատժամիջոցներով արձագանքելու փոխարեն: Տնտեսագետը կարծում է, որ նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներում ԿԲ-ները պետք է վերանայեն վերաֆինանսավորման տոկոսադրույքը, քանի որ թանկ փողերի քաղաքականությունը չի նպաստում արդյունավետ համագործակցությանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930