Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազքուղու կառուցման հիմնային աշխատանքներն ավարտվել են. Գիլոյանն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ

Ապրիլ 06,2022 17:52

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք՝ ծանոթանալու տեղի մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են սպորտային հատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող շվեյցարական CONICA ընկերության ներկայացուցիչ Պավել Մառեսը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն ու վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը:

ԿԳՄՍ նախարարության և CONICA-ի ներկայացուցիչներն Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ շրջել են մարզադաշտի տարածքով, ծանոթացել արդեն իսկ իրականացված աշխատանքներին և քննարկել առաջիկա անելիքները:

Վազքուղու կառուցման հիմնային՝ ջրահեռացման, բետոնապատման ու չափագրման աշխատանքներն արդեն ավարտված են: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ CONICA-ի ներկայացուցիչը ժամանել է Հայաստան՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են որակական չափանիշներին: Ռետինե ծածկը փռելու համար համապատասխան տեխնիկա է անհրաժեշտ, որը Հայաստանում չկա: Կողմերը նաև պայմանավորվել են, թե ինչպես են դրանք բերվելու Հայաստան:

Կարեն Գիլոյանի հավաստմամբ՝ այս փուլի բոլոր աշխատանքները գրեթե ավարտված են, իսկ մոտ 10-15 օր հետո ռետինե ծածկն ու անհրաժեշտ տեխնիկական միջոցները Հայաստանում կլինեն:

Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքները, հավանական է, ավարտին կհասցվեն մայիսի վերջին:

Հիշեցնենք՝ Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով տրամադրվել էր շուրջ 71 մլն դրամ:

Օբյեկտի շինարարական, նախագծային արժեքը կազմել էր շուրջ 310 մլն դրամ, որից վազքուղիների նորոգման աշխատանքներինը ՝ շուրջ 243 մլն դրամ: Վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 71 մլն 860.4 հազար դրամ, իսկ անհրաժեշտ գումարի մյուս մասը տրամադրել են Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և բարերարները:

Միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղու կառուցումը թույլ կտա Արտաշատի մարզադաշտում անցկացնել ինչպես մարզային և հանրապետական, այնպես էլ միջազգային մրցումներ:

Բացի դրանից՝ ժամանակակից տեխնիկական կառույցների առկայությունը կնպաստի մարզաձևի զարգացմանը և հայ մարզիկների՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ գրանցելուն:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930