Հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքել է դատախազության որոշմանը, որով օրենքի խախտում թույլ տալու հիմքով վարույթից հեռացվել է քննիչը, որ ճանապարհ էր հարթել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը կալանքից հանելու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեն քննիչին վարույթից հեռացնելու մասին որոշումը համարում է անհիմն և ապօրինի:
«Ավելին` ևս մեկ անգամ հարկ ենք համարում փաստել, որ քննիչը գործել է բացառապես օրենքի շրջանակներում: Նշված հիմքով քննիչի կողմից հիշյալ որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին` ակնկալելով, որ վերջինս կվերացնի ստորադաս դատախազի ոչ իրավաչափ որոշումը, այլ ոչ թե կնախընտրի հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հանրայնացված կարծիքին դեմ չգնալու գործելաոճը», – հայտարարել է կոմիտեն:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը, որ վերջերս վաճառվել էր հինգ միլիոն դոլարով, կրկին դրվել է կալանքի տակ։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը ստուգել վաճառքի գործարքը և պարզել՝ ինչպե՞ս է քրեական գործով անցնող դղյակը հանվել կալանքից ու վաճառվել ընդամենը երկու շաբաթվա մեջ։
Գլխավոր դատախազը նաև հրապարակավ մեղադրել էր Հակակոռուպցիոն կոմիտեին այս հարցում շտապ որոշումներ կայացնելու համար։