Տնտեսագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր հարց հնչեցրեց՝ մեր ժողովուրդը պատրա՞ստ է գնաճի, կենսաթոշակի ոչ բավարար լինելու կամ սոցիալական խնդիրների դեմ ընդվզել, բողոքել, թե՞ այլ խնդիրները կարող են նրան փողոց հանել՝ օրինակ` անվտանգային: Պարոն Մելքումյանը մասնակցում էր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկմանը:
Նա ասաց. «Կիեւում կամ Խարկովում ապրող քաղաքացիները կպատկերացնեի՞ն, որ իրենց շենքերը կարող են ռմբակոծվել, չէ՛: Իսկ մենք ինչ-որ մի բան ենթադրո՞ւմ ենք, այդպիսի ռիսկեր այստեղ կան, որ Գյումրիում, Երեւանում, Գորիսում մեր կողքի խոշոր պետությունից հրթիռներ կգան, մենք պատրա՞ստ ենք դրան՝ սկսած ռմբապատաստարաններից»:
Ըստ Միքայել Մելքումյանի, այսինքն՝ տնտեսական եւ սոցիալական հարցերն իրար հետ սերտ կապված են: Նրա խոսքով, Ռուսաստանն այժմ այլ գործերով է զբաղված։
«Հայաստանում ապրում է հայերի միայն 17 տոկոսը։ Հարցեր են առաջանում՝ արդյոք Հայաստանը գրավիչ վայր է հայերի համար։ Կարողանո՞ւմ ենք մոբիլիզացնել մեր ռեսուրսները։ Ի՞նչ է արվում 100 տարի առաջ տեղի ունեցածը կանխելու համար։ Եթե ամեն ինչ կրկնվի, ուրեմն ամոթ է»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքների մասին եւ թե ինչ ռիսկեր է այն առաջացնում Հայաստանի տնտեսության համար, Միքայել Մելքումյանը նշեց, որ ռուբլու արժեզրկմանը զուգահեռ՝ մեր երկիր եկող տրանսֆերտները կնվազեն, արտահանման հետ կապված խնդիրներ կունենանք, արտագնա աշխատանքի մեկնող մարդիկ էլ ՌԴ-ում աշխատանք չեն ունենա: Ըստ նրա, ամեն տարի 650 հազար Հայաստանի քաղաքացի գնում է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ