Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ հիմա են պատրաստվում անել, Ղարաբաղի խնդրի լուծման վերաբերյալ կապիտուլյացիայի վերջնական ամրագրում է». Էդգար Ղազարյան

Ապրիլ 06,2022 16:58

«Ադրբեջանից միշտ հայտարարություններ են հնչում՝ որ չկա Լեռնային Ղարաբաղ: Այո, իրենք ճիշտ են. ԼՂ չկա, կա Արցախի Հանրապետություն, հայկական Արցախ, որը գերկարևոր ճիգեր է գործադրում ապացուցելու աշխարհին, որ ինքնորոշման իրավունք ունի»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց անցկացված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «5165 շարժման» համահիմնադիր Կարին Տոնոյանը:

«5165 շարժումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ ու հասարակական, քաղաքական գործիչներ իրականացրին բողոքի ցույց՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով:

Կարին Տոնոյանը փաստեց՝ առանց Արցախ չկա ՀՀ անվտանգություն ու զգուշացրեց. «Եթե այսօր զիջում ենք Արցախը, վաղը զիջելու ենք Սյունիքը, մյուս օրը՝ Երևանը: Անմտություն է թողնել, որ թուրքը հասնի յուրաքանչյուրիս դուռը, նոր միայն դուրս գանք պայքարի»:

Պատասխանելով այն մտահոգություններին, որ եթե ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ կսկսի՝ Կարին Տոնոյանն ասաց. «Միշտ վախեցա՞ծ պիտի ապրենք: Մեզ պատի՞վ է բերում, որ թույլ տանք, որ նույն Ադրբեջանը քայլ առ քայլ գրավի այն, ինչ վախենում ենք կորցնել»:

Այսօր Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից Կարին Տոնոյանը լավ սպասելիքներ չունի: Նա ասաց. «Եթե այսօր որևէ էական բան չստորագրվի, դա չի լինի Փաշինյանի ջանքերի շնորհիվ, այլ այստեղ մեր կանգնելու ջանքերի շնորհիվ: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնք անկախ նրանից՝ Փաշինյանն ինչ էլ ստորագրի, դեմ են լինելու, եթե դրանք դեմ են լինելու Արցախի անկախությանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը հանրահավաքի ընթացքում փաստեց՝ Ալիև-Փաշինյան հանդիպումից առաջ տեղի են ունեցել պատմական փաստեր ու մանրամասնեց. «Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայկական կողմին է փոխանցել հինգ կետից առաջարկություն, որի վերաբերյալ ՀՀ վարչապետն ու ԱԳՆ-ն հայտարարել են, որ առարկություն չունեն: Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի ԱԳ նախարարությունում ստեղծված փաստաթղթի վերաբերյալ ՀՀ իշխանություններն առարկություն չունեն: Ուստի կամ միասնական են դա գրել, կամ շահերը համընկնում են այդ հարցում: Տեղի են ունեցել մարտական գործողություններ, որոնցում ԱԹՍ հարվածներից հայ զինվորներ են զոհվել: Արցախում երեք զորակոչ ու զորացրում է տեղի ունեցել, բայց զինծառայողները միայն զորացրվել են, և չի հայտարարվել նոր զորակոչ: Որևէ համալրում չի եղել որևէ տեսակի սպառազինությամբ և զինտեխնիկայով: Մինչդեռ այս պայմանը նույնիսկ չկա նոյեմբերի 9-ի փաստաթղթում: Սա բանավոր պայմանավորվածություն է»:

Ըստ Էդգար Ղազարյանի՝ իրական կապիտուլյացիան հիմա է մեզ սպասվում: Նա պարզաբանեց. «Նոյեմբերի 9-ին՝ այդ կապիտուլյացիայի ստորագրումից հետո այստեղ էին հավաքվել հազարավոր քաղաքացիներ: Մտածում էին, որ դա հայրենիքի կործանում է: Դա կապիտուլյացիա էր հրադադարի մասին: Այն, ինչ հիմա են պատրաստվում անել, Ղարաբաղի խնդրի լուծման վերաբերյալ կապիտուլյացիայի վերջնական ամրագրում է: Իրական կապիտուլյացիա հիմա է մեզ սպասվում: Դա պետք է կանխել բոլոր ձևերով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930