Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի մասին պատմության ուսուցչի խոսքերի ձայնագրությունը դասի ժամանակ դատավորը ապացույց չի ճանաչում. Բեկումնային ընթացք՝ բռնության կոչի գործով

Ապրիլ 06,2022 16:48

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով նիստի ժամանակ ցուցմունք տվեց 129 դպրոցի նախկին տնօրեն Լիանա Պետրոսյանը: Այնուհետեւ նաեւ՝ Հակոբ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանին՝ Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցչին մեղադրանք է առաջադրվել 7-րդ դասարանի պատմության դասաժամին Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար: Մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Նախորդ դատական նիստում պետք է հարցաքննվեր վկա Տիգրան Խաչատուրյանը, որը ոստիկանության ներկայացուցիչ է՝ Երեւան քաղաքի վարչության անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետը: Ենթադրվում էր, որ հենց նա էր ներբեռնել տեսագրությունը: Սակայն դատավորը հայտնեց, որ որպես վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը՝ կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները: Հետեւաբար, Խաչատուրյանին չեն հարցաքննել:

Այսօր մեղադրող կողմը դատարանում տեղեկացրեց, որ Խաչատուրյանը զեկուցագիր է ներկայացրել, ըստ որի, ձայնագրությունը որպես օպերատիվ տեղեկություն է ստացել, նյութերի նախապատրաստումն էլ իր կողմից չի իրականացվել: Մեղադրող կողմը միջնորդեց Խաչատուրյանին նորից դատակոչել եւ հարցաքննել: Դատավորը հայտարարեց, որ դրա վերաբերյալ արդեն որոշում կայացրել է:

Մեղադրող կողմը այս անգամ միջնորդեց Տիգրան Խաչատուրյանին հրավիրել դատարան՝ պարզելու, թե որտեղից է ձեռք բերել գործի հիմնական ապացույցը՝ ձայնագրությունը: Այս հիմնավորմամբ միջնորդությունը նույնպես մերժվեց՝ Քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված նույն արգելքի պատճառով:

Հակոբ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանում հայտարարեց. «Ամբողջ համակարգը՝ դատախազությունը, քննչական մարմինները դեմ են այս մեկ մարդու՝ ընդամենը պատմության ուսուցչին: Դուք ակնկալում եք այն ժամանակ կատարված սխալն ուղղել այլ ճանապարհով: Այդ սխալները վարույթն իրականացրած մարմնի կողմից հնարավոր չի ուղղել այսպես:

Ռուբեն Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց, որ ապացույց համարված ձայնագրությունը անթույլատրելի ճանաչի դատարանը: Նրա խոսքով՝ քրեական գործում առկա չէ որեւէ տեղեկություն, թե որն է այդ ձայնագրության աղբյուրը:

Մեղադրող կողմն առարկեց՝ ասելով, որ աղբյուրը ֆեյսբուքն է, ցուցմունքներում այդ մասին ասվել է: Դատավորը որոշեց, որ Քրդատ օրենսգրքի համաձայն, չեն կարող ապացույց դիտվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել անհայտ կամ դատական նիստում չբացահայտված աղբյուրից. «Քրեական գործում որեւէ նյութ ի հայտ չի եկել այն մասին, թե վերջիվերջո ի՞նչ աղբյուրից է ձեռք բերվել այդ ձայնագրառումը, որը կցվել էր այդ գործում: Ընդամենը առկա էր զեկուցագիր այն մասին, որ օպերատիվ տվյալներ են ստացվել այդ ձայնագրության առկայության մասին»,- ասաց դատավորը:

Մնացական Մարտիրոսյան

Ըստ նրա, եթե նույնիսկ դատավարության ընթացքում հղում է արվել այդ ձայնագրությանը, դա ապացույց համարել հնարավոր չէ: Դատավորը բավարարեց Մելիքյանի միջնորդությունը:

Ռուբեն Մելիքյան

Նիստից հետո Aravot.am-ը պարոն Մելիքյանից հետաքրքրվեց՝ այն, որ այդ ձայնագրությունը չի հանդիսանում ապացույց այլեւս, դրանից ի՞նչ հետեւանքներ են բխում ու կարո՞ղ ենք ասել, որ համարյա գործը փակված է՝ նա պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնայի նման արտահայտությունից, որովհետեւ դատական գործընթացը, դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է, բայց կարելի է ասել, որ այլեւս գոյություն չունի այն, ինչից սկսել է այս ամբողջ գործընթացը եւ այլեւս իրավաբանորեն գոյություն չունի այն, ինչից բխում են բոլոր ապացույցները: Ես բաց սրա մասին խոսել եմ դատական նիստի ժամանակ, հիմա էլ կասեմ՝ պատրաստվում եմ հաջորդ նիստին մեկ առ մեկ միջնորդություններ ներկայացնել մյուս բոլոր ապացույցների վերաբերյալ եւ այդ միջնորդությունը բավարարելու դեպքում՝ արդեն առհասարակ որեւէ ապացուցողական հիմք այս գործում չի մնա»:

Ռուբեն Մելիքյանն ասաց, որ դեռ 2009-ին մեր իրավունք ներմուծվեց մի շատ կարեւոր սկզբունք՝ դա «թունավոր ծառի պտուղների թունավոր լինելու» սկզբունքն է. «Այսինքն, երբ ինչ-որ ապացույց ճանաչվում է անթույլատրելի, ապա դրանից բխած բոլոր ապացույցները նույնպես պետք է համարել անթույլատրելի: Ես հույս ունեմ, որ դատարանը նույնպես կբավարարի բոլոր այդ միջնորդությունները, որի արդյունքում գործում այլեւս մեղադրական բնույթի ապացույցներ չեն լինի»:

Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 21-ին, ժամը 12:30-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930