Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծ՝ հանքարդյունաբերողների համար․ ինչո՞ւ փոփոխությունը 4 տարվա հետադարձ ուժ ունի

Ապրիլ 06,2022 16:38

Բնապահպանների մտահոգության առիթ տված «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումների նախագիծն այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն՝  նախնական տեսքով եւ հետագայում առաջարկները քննարկելու պատրաստակամությամբ։

Հիշեցնենք, որ «Ընդերքի մասին» օրենսգիրքը լրացվել է նոր  հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով․ այդպիսիք են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել սույն օրենսգրքով եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները:

Հարցի զեկուցող, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկեց․ «Քաղաքացիական պատերազմ» եզրույթի հետ կապված մի հատ լրացուցիչ ուսումնասիրություն կատարեք։ Դա միջազգային պրակտիկայում ընդունված տերմի՞ն է»։ Փոխնախարարը դրական պատասխան տվեց։ Նաեւ հայտնեց, որ նախագծի լրամշակված տարբերակում առաջարկել են օրենքով մեկնաբանել նաեւ «քաղաքացիական անհնազանդություն» տերմինը։

Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը շեշտեց, որ «քաղաքացիական անհնազանդություն» տերմինն օրենքով սահմանված չէ։

«Տերմինն առաջարկել են իրավաբանները, մենք էլ ներառել ենք։ Եթե դիտարկումներ կան, քննարկենք»,-արձագանքեց փոխնախարարը։ Հովիկ Աղազարյանն առաջարկեց հանել այդ տերմինը․ «Ի՞նչ քաղաքացիական անհնազանդություն, ի՞նչ մեսիջներ եք տալիս»։ Հովհաննես Հարությունյանը պատասխանեց․ «Հանքարդյունաբերողին տալիս ենք հստակ երաշխիքներ, որ ապահովագրված են ներդրումներն ու շահույթը։ Երաշխավորում ենք, որ անհաղթահարելի իրավիճակները չեն խաթարելու նրա գործունեությունը»։ Աղազարյանը պնդեց, որ դեմ է տերմինը ներառելուն։

ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն առաջարկեց ժամկետների հետ կապված հստակեցում անել, քանի որ, օրինակ, ջրհեղեղը կարող է տեւել մի քանի օր, իսկ հետեւանքը՝ ավելի երկար։ Փոխնախարարն առաջարկն ընդունելի համարեց։

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նկատեց․ «Ոնց հասկանում եմ՝ նախագիծը հանքարդյունաբերողների շահերից է բխում։ Ֆորսմաժորային իրավիճակներում կանխատեսելիության որոշակիություն է ապահովում։ Սա ոլորտի հետ քննարկե՞լ եք»։ Հովհաննես Հարությունյանը պատասխանեց․ «Կառավարությունը շարունակում է բիզնեսի հանդեպ գրավչության բարձրացման քաղաքականությունը։ Սահմանումներն ընդերք օգտագործողներին կամ ներդրում անել պատրաստվողներին հնարավորություն կտան կանխատեսելիություն ապահովել։ Բիզնեսը պետք է ապահովագրված լինի անհաղթահարելի իրավիճակներից։ Ոլորտի ընկերությունների հետ քննարկել ենք, ողջունել են ու շնորհակալություն են հայտնել կառավարությանը նման նախագծի համար»։

Հետո Վահե Հակոբյանը հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ նախագիծը չորս տարվա հետադարձ ուժ ունի։ Հովհաննես Հարությունյանը պատասխանեց․ «Ընդերք օգտագործողներն ունեն օգտագործման իրավունք, իսկ ուսումնասիրման մասով չեն կարող շատ հետ գնալ։ Ուստի չորս տարին ենք վերցրել դիտարկելու համար, թե դաշտում ինչ է տեղի ունեցել։ Սա բարի կամքի դրսեւորում է ընդերք օգտագործողների հանդեպ։ Կարգավորումը հիմնականում ապագայի համար է՝ ներդրումներ բերելու համար»։

Վահե Հակոբյանը հարցրեց՝ կոնկրետ ո՞ր ընկերության փորձն եք ուսումնասիրել։ Հարությունյանը պատասխանեց, որ 400 ընկերության փորձ են ուսումնասիրել, որոնք այս պահին գործում են կամ ոչ․ «2020թ․-ին եղան դեպքեր, որոնք կանխատեսելի չէին։ Պատերազմի ժամանակ հանքարդյունաբերողներից տեխնիկաներ են վերցվել։ Եթե ընկերությունը կապացուցի, որ նման հանգամանքն ազդել է աշխատանքի վրա, հնարավորություն կտրվի թերությունները փոխհատուցելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930