Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուրախ են տեղեկացնել, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունն անելու են առավելագույնը, որ հոբելյանական՝ 20-րդ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար: Մենք ջանք չենք խնայելու, որ տարեվերջին երաժշտական հրաշքն իրականություն դարձնենք Երևանում»:
«Մանկական Եվրատեսիլը» Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ՝ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ լավագույն տասնյակում տեղ է զբաղեցրել:
«Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը նկատում է. «Հայաստանին հաղթանակ բերած տարբերվող ու ժամանակակից «Քամի-քամի» երգը նոր նշաձող է սահմանել մեր մրցույթում, և մենք կասկած չունենք, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը գերազանց շոու կկազմակերպի հոբելյանական այս տարում: Մենք ոգևորութամբ սպասում ենք Հանրային հեռուստաընկերության հետ ինտենսիվ աշխատանքին: Անհամբեր ենք տեսնելու, թե ինչպես են Երևանի մեր գործընկերները գործի դնելու այն բացառիկ ոգևորությունն ու ավյունը, որ ունեն «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հանդեպ»։
Կարդացեք նաև
Միջոցառման մասին այլ մանրամասները կհրապարակվեն առաջիկա ամիսներին։
Հանրային հեռուստաընկերություն