Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլն անցկացվեց Բաքվում, որին, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մեր մարմնամարզիկները չէին մասնակցելու: Նա նաեւ նշել էր, որ հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշվել է նախորդ փուլերում նվաճել հնարավորինս շատ մեդալներ եւ միավորներ, որպեսզի Աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր արդյունքներն ամփոփելու ժամանակ մեր տղաները տեղ զբաղեցնեն որքան հնարավոր է՝ բարձր դիրքերում:
Եվ ահա ամփոփվել են արդյունքները եւ հայտնի են ըստ մրցաձեւերի հաղթողներն ու մրցանակակիրները:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկերում վաստակել է 90 միավոր եւ նվաճել այդ մրցաձեւի գավաթը: Նա ամբողջ 10 միավոր հետ է թողել իր մոտակա հետապնդող ուկրաինացի մարզիկին:
Օղակների վրա վարժությունում հավասարը չունի Վահագն Դավթյանը՝ 85 միավորով՝ 5 միավորով գերազանցելով երկրորդ տեղում հայտնված թուրք մարզիկին, իսկ մրցանակային 3-րդ տեղը նվաճել է երիտասարդ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ