Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ողջունել եմ Նիկոլ Փաշինյանի գալը, ընտրություններին էլ միշտ իրեն եմ ընտրել». Փաշինյանին հրապարակում վառելու կոչի համար մեղադրվող ուսուցիչը ցուցմունք տվեց

Ապրիլ 06,2022 15:48

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով նիստի ժամանակ ցուցմունք տվեց 129 դպրոցի նախկին տնօրեն Լիանա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանին՝ Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցչին մեղադրանք է առաջադրվել 7-րդ դասարանի պատմության դասաժամին Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար: Մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Նիստի ժամանակ նաեւ ցուցմունք տվեց ամբաստանյալը՝ Հակոբ Գրիգորյանը: Նա ասաց, որ իր հիշելով՝ դասի ժամանակ այդ թեմայով խոսել է 2021-ի ապրիլին՝ ընտրություններից առաջ. «Աշակերտներից մեկը ինձ հարց տվեց: Թեման այսպիսին էր՝ Հայաստանը ուշ միջնադարում, թուրքմենական ցեղերը որտեղ տեղափոխվեցին: 547 տարի է՝ այդ ցեղի ձեռը տառապում ենք մինչեւ հիմա: Հիմա կեղծ հարեւանություն են մեր հետ խաղում: Ես ուշ միջնադարը բերեցի մեր օրերի հետ կապեցի. կրթական համակարգը, բոլոնյան համակարգը մեզանից պահանջում է, որ բեր դասը արդի դարձրու, ակտուալ դարձրու: Երեխաները հարցեր տվեցին, պատասխանեցի: 2020-ի սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ պատմությունը, ցավոք, սպիրալաձեւ կրկնվում է՝ մեր համար շատ ողբերգական ելեւէջներով: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ զբաղվել եւ ֆեյսբուքում չեմ եղել: Ուղղակի ֆեյսբուքի ծրագիրը քաշեցինք՝ դասի համար, հետո Zoom համակարգով արեցինք: Ոչ մի կուսակցության չեմ հարել կամ անդրադարձել»:

Նա պատմեց, որ ուսանողական տարիներին Կոմկուսի կուսակցական տոմս են տվել, որովհետեւ գիտական ղեկավարն է ասել՝ դիսերտացիան պաշտպանելու համար դա պետք է: Այսքանով սահմանափակվում է նրա կապը քաղաքականության հետ:

Հակոբ Գրիգորյանն ասաց, որ երբ հեղափոխություն եղավ ու իշխանությունները փոխվեցին, ինքը աշխարհի ամենաերջանիկ մարդն էր. «Այդ իրադարձությունը այնքան ցանկալի էր իմ համար, ոնց որ ամեն հայի համար Շուշիի գրավումը: Ինձ ճիշտ հասկացեք, չեմ հաճոյանում»:

Պաշտպանական կողմն ասաց, որ տեսագրություն կա, որը հերքում է մեղադրող կողմի այն պնդումը, թե ուսուցիչը ընդդիմադիր է, որովհետեւ 2018-ին նա նույնիսկ Փաշինյանին կողմ է եղել:

Մեղադրող կողմն առարկեց, որ այդ ձայնագրությունը դատարանում լսեն, քանի որ, ըստ նրա, գործի հետ առնչություն չունի, իսկ մարդու քաղաքական հայացքները կարող են փոխվել: Տեսագրությունն այնուամենայնիվ, դատարանում վերարտադրվեց:

Հակոբ Գրիգորյանն ասաց, որ միտինգներին գնալը չի նշանակում, որ ինքը քաղաքականությամբ տարված է եղել, ուղղակի երբ քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզնով զբաղվում. «Ես ողջունել եմ Նիկոլ Փաշինյանի գալը, ընտրություններին էլ միշտ իրեն եմ ընտրել»:

Նա հարց տվեց՝ եթե իր հայտնած տեսակետը համարել են վիրավորանք ու ուզում են ենթարկել պատասխանատվության, բա այն մարդիկ, որոնք իրեն են վիրավորել ֆեյսբուքում, ինչո՞ւ նրանց չեն ենթարկում պատասխանատվության. «Ամենավատ բաներն ասել են՝ էլ սրբություն, ընտանիք, երեխա…Ինչ-որ մատյաններ էին նկարել չգիտեմ որ դպրոցի ու դա էլ էին վերագրում ինձ: Ես չեմ համարում ինձ մեղավոր, չեմ գտնում, որ ես ինչ-որ լուրջ հանցանք եմ արել, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվեմ: Իմ նախկին ցուցմունքներից ոչ մի բան չեմ հիշում, որովհետեւ ես ոստիկանություն ներկայացել եմ շատ անտրամադիր, շշմած ուղղակի: Իմ նախկին ցուցմունքներից ես հրաժարվում եմ, որովհետեւ չեմ հիշում: Այդ ձայնագրությունն էլ ես համարում եմ ապօրինի՝ անհայտ ծագումով: Ես մեղավոր եմ զգում, որ քննիչի մոտ գնացի առանց փաստաբանի, ինձ միայնակ էի զգում, ճնշված ու ինձ թվում էր՝ ամբողջ համակարգը իմ դեմ է: Կյանքում առաջին անգամ էի ոստիկանությունում, մտածում էի՝ ի՞նչ եմ արել, որ»:

Մեղադրող կողմը հարցրեց, թե հիմա ի՞նչ քաղաքական հայացքներ ունի՝ Հակոբ Գրիգորյանը պատասխանեց. «Իմ քաղաքական հայացքն իմ հայրենիքն է: Արցախը կորցրել ենք, հիմա էլ Հայաստանն ենք կորցնում, դա է իմ հայացքը: Ես չէի մտածում, որ հայրենիք սիրելը, հայրենիքի մասին մտածելը դա քաղաքականություն է: Ես գլուխ չեմ գովել ուրիշների մոտ, որ Արցախի համար կռվել եմ, վիրավորվել եմ, երկու հիվանդություն եմ ձեռք բերել: Իմ դժգոհությունը քաղաքական իշխանություններից Արցախը հանձնելն է, որ Արցախը չկարողացանք պահել: Ես այդտեղ ինձ էլ եմ մեղադրում, 10-15 մլն հայությանը, մենք ուղղակի պատրաստ չէինք»:

Նա հայտարարեց, որ ձայնագրության մեջ իր խոսքերը բռնության կոչ չի համարում. «Հուզված եմ եղել, տպավորությունների ազդեցության տակ, դա բռնության կոչ չեմ համարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930