Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կառավարությունը կոնկրետ տնտեսվարողի շահեր չի կարող սպասարկել»․ փոխնախարար

Ապրիլ 06,2022 15:25

«Չեմ կարող ասել, թե ինչ նկատի ուներ։ Կարող եմ երաշխավորել, որ կառավարությունը կոնկրետ տնտեսվարողի կամ կազմակերպության շահեր չի կարող սպասարկել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հայտարարությանը, թե ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը միտված է մեկ տնտեսվարողի շահերն ապահովագրելուն։

«Սա ուղղված է բոլոր բարեխիղճ կազմակերպություններին եւ ներդրողներին, որոնք իրենց պարտականությունները ճիշտ են կատարում, հանքարդյունաբերությունն իրականացնում օրենքին եւ նորմերին համապատասխան»,-վստահեցրեց փոխնախարարը։

Հովհաննես Հարությունյանը դժվարացավ ասել, թե այս փոփոխության արդյունքում որքան ներդրում են ակնկալում, բայց նշեց, որ օրենսդրական դաշտի բարելավումը բերում է ներդրումների աճի։ Նաեւ հայտնեց, որ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն են մշակում։

Հիշեցնենք, որ «Ընդերքի մասին» օրենսգիրքը լրացվել է նոր  հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով․ այդպիսիք են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել սույն օրենսգրքով եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930