Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության ուսուցիչը ձայնագրությունից հետո դպրոցի տնօրենին ասել է՝ «Տվեք ինձ սպանեք, արդեն ասել եմ…Ի՞նչ անեի, հո չէ՞ի ծեծի». Տնօրենի ցուցմունքը՝ դատարանում

Ապրիլ 06,2022 14:39

«Ճանաչում եմ Հակոբ Գրիգորյանին (լուսանկարում), ինձ մոտ պատմության ուսուցիչ է եղել: Մինչեւ Հակոբի մասին պատմելը, երեւի մեր կրթական սիստեմի մասին մի քիչ խոսեմ»,- այսպես այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում թիվ 129 դպրոցի նախկին տնօրեն Լիանա Պետրոսյանը սկսեց ցուցմունք տալ՝ պատմության ուսուցչի գործով նիստի ժամանակ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործի քննությունը: Հակոբ Գրիգորյանը Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցիչն է: Նրան մեղադրանք է առաջադրվել 7-րդ դասարանի պատմության դասաժամին Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար, մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Լիանա Պետրոսյանն ասաց, որ 2 տարվա մեջ պատմության 4 ուսուցիչ է ընդունել ու դուրս են եկել աշխատանքից. «Անելանելի վիճակում էինք, մեկը գալիս էր, մի շաբաթից չէր դիմանում երեխեքին, դուրս էր գալիս, մյուսի ներվերն էր քայքայած, մյուսը ընդհանրապես պատմությունը չգիտի ինչ բան է, ուսուցիչն ինչ է: Մի խոսքով, տարբեր պատճառներ: Դրանից հետո գտնում եմ Հակոբին, որը սովորել է մեր կուրսում, մեր կուրսի լավագույն ուսանողն էր՝ կարմիր դիպլոմով ավարտած, ամենալավ ուսանողն էր: Իրեն խնդրեցի, որ գար աշխատելու, պատմության ուսուցիչ չունեինք, թափուր էր: Ինչ եկել էր՝ շատ լավ ուսուցիչ է եղել, ծնողները գալիս էին, շնորհակալություն էին հայտնում, որ հազիվ իրենց երեխաները պատմություն իմացան, հայրենասիրություն սովորեցին: Ինչ վերաբերում է այդ դեպքին, ընդհանրապես ինձ բոլորը գիտեմ՝ ամեն մանկավարժական խորհրդի ժամանակ ասում էի՝ ոչինչ դրսից ներս մի բերեք, կապ չունի ինչ է, քաղաքականություն է՝ առավել եւս: Աշակերտը չպետք է տեսնի ուսուցչի թթված դեմքը՝ իր տանը ուսուցիչը հիվանդ ունի, սկեսուրի հետ է կռվել, ինչ-որ մի բան է եղել: Ես իմ օրինակով ցույց էի տալիս, որ պետք է ուսուցիչը ժպիտով մտնի դպրոց, դաս պատմի, դաս տա, ուրիշ ոչ մի բան, առավել եւս՝ քաղաքականություն: Ինձ որ հարցնում են՝ քո կուսակցությունը ո՞րն է, ասում եմ՝ երեխան է: Պարոն Գրիգորյանը երբեւէ առիթ չի տվել խոսելու, դա որ եղավ, մեզ համար շոկ էր, բոլորս զարմացած էինք: Թե ինչ էր պատահել, չգիտեմ»:

Լիանա Պետրոսյանն ասաց, որ դեպքի մասին իմացել է ֆեյսբուքից. «Հաջորդ օրը դպրոցում շոկային վիճակ էր, բոլորը մեկը մեկին տալիս էին: Հենց հաջորդ օրն էլ եկել էին պարոն Գրիգորյանը դիմում է տվել, ազատվել, ասաց՝ դպրոցին ու ձեզ վատ վիճակի մեջ չդնեմ»:

Պատասխանելով մեղադրող կողմի հարցերին՝ նա ասաց, որ Գրիգորյանի հետ ինչպես դեպքից առաջ, այնպես էլ դեպքից հետո լավ հարաբերություններ ունի, նա լավ մարդ է, լավ ընկեր է՝ քաղաքականապես հասուն: Թե ի՞նչ նկատի ունի՝ նա պատասխանեց. «Երբեւիցե իր հայացքները չի հայտնել: Ես ուսուցիչներ եմ ունեցել ե՛ւ այս կողմը, ե՛ւ այն կողմը, բայց ինքը միայն տարված էր Արցախով, երեւի գործում կա, որ պատերազմի մասնակից է եղել ու իր հոգսը Ղարաբաղի հարցն էր»:

Նախկին տնօրենը վստահեցրեց, որ որեւէ բողոք նրանից երբեւիցե չի եղել. «Ես երեխաներին հարցրել եմ՝ մի՞շտ է այդպես խոսել Հակոբ Գրիգորյանը, ինչո՞ւ ինձ չեք ասել, նույնիսկ մի պարսկահայ երեխա ունեինք, ասաց՝ ինձ թվում է՝ այդ օրը ընկեր Գրիգորյանը բարկացած էր, ուզում էր մեզ հետ կիսվել, ընկեր Պետրոսյան, այդքան բան»:

Լիանա Պետրոսյանը հայտնեց նաեւ, որ դեպքից հետո էլ մանկավարժական խորհրդի նիստ է հրավիրել ու խոսել քաղաքականությունը դպրոց բերելու անթույլատրելիության մասին. «Կա նաեւ հակառակ բեւեռը, վարչապետով հիացած են, ես ասում եմ՝ դա էլ պետք չի խոսել: Դպրոցից դուրս կարող եք մեկդս սիրել, մյուսդ չսիրել: Ես իմ օրինակով ապացուցել եմ, երեք տարի հիվանդ եմ տանը պահել, դպրոցում չեն իմացել, իմ հարազատներից մարդ է մահացել՝ չեն իմացել, ես միշտ ժպիտով մտել եմ դպրոց»:

Մեղադրող դատախազը հարցրեց՝ դեպքից հետո, երբ արդեն ձայնագրությունը տարածվել էր, խոսե՞լ եք ամբաստանյալի հետ՝ նա պատասխանեց. «Հա խոսել եմ, ամբաստանյալը փոշմանել էր հենց նույն պահին, ընդունել է, ասում էր՝ տվեք ինձ սպանեք, արդեն ասել եմ, չեմ հասկանում հետս ինչ էր կատարվում, որ ասեցի: Ի՞նչ անեի, հո չէ՞ի ծեծի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930