Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ոք՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կառնչվի Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելուն». Մենուա Սողոմոնյան

Ապրիլ 06,2022 14:16

«Մենք ուզում ենք ուղերձ հղել դեպի Բրյուսել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավատերը Արցախի ժողովուրդն է, և ոչ ոք՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից ստորագրել որևէ փաստաթուղթ կամ անել որևէ հայտարարություն, որն այս կամ այն կերպ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կառնչվի Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելուն»,-ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «5165 շարժման» համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը:

Նշենք՝ «5165 շարժումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ ու հասարակական, քաղաքական գործիչներ իրականացնում են բողոքի ցույց՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով:

Մենուա Սողոմոնյանն ասաց՝ ուզում են այս կարևորագույն հարցի շուրջ ժողովրդի արթնացում ապահովել, ոտքի հանել, համախմբել այս օրակարգով:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության (ԱՀ) Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված հայտարարությանը՝ նա ասաց. «Առանձնացնեմ երկու կետ: ՀՀ-ն պետք է դառնա Արցախի անվտանգության երաշխավոր, որ այս պահին իրենք կարևորում են Արցախի միջազգային ճանաչումը: Այստեղ մեր առաջադրած պահանջի և ԱՀ ԱԺ-ի օրակարգերի միջև կա հստակ կապ: Եվ սա մենք ողջունում ենք: Երեկվա ընդդիմության հանրահավաքում էլ գործող իշխանության առաջ դրվել են պահանջներ, որոնցից երկուսն առանձնացնեմ. հաստատել, որ ԱՀ ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորը ՀՀ-ն է: Չստորագրել փաստաթուղթ, որը կխանգարի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների ապահովելուն, վերականգնել ԵԱՀԿ գագաթնաժողովի ձևաչափով բանակցային գործընթացը: Այստեղ տեսնում ենք խորհրդարանական տիտղոսավոր ընդդիմության և մեր օրակարգերի միջև նմանությունը»:

Մենուա Սողոմոնյանն ասաց՝ իրենց պահանջը հստակ է իշխանություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և աշխատանքներ տանել նրա՝ միջազգային ճանաչման ուղղությամբ: Սակայն ասաց, որ պաշտոնական արձագանք չի եղել, միայն ոչ պաշտոնական մակարդակով նշվել է, որ այդ դեպքում կիրականացվեն լայնածավալ ռազմական գործողություններ, մինչդեռ ըստ Մենուա Սողոմոնյանի՝ Ադրբեջանը կսկսի ռազմական գործողություններ ցանկացած պարագայում, երբ տեսնի, որ ՀՀ-ն ու Արցախը թուլանում են, և եթե տարածաշրջանում նրա օգտին փոխված լինի ուժային հարաբերակցությունը:

Ամփոփելով՝ Մենուա Սողոմոնյանն ասաց. «Այսօր մենք մի հանգրվանում ենք, որ տարբեր տրամաչափի նախաձեռնություններ կան՝ Արցախն օրհասական վիճակից հանելու պահանջով: Պետք է շարունակել, քանի որ արցախցիներն իրենց հայացքը հառել են այստեղ, և այդ հարցում անհրաժեշտ է հասարակության և նրա մտավոր վերնախավի աջակցությունը»:

Հետագա անելիքների հետ կապված ասաց. «Մենք գնալու ենք այդ օրակարգերը մոտեցնելու ուղղությամբ: Բոլոր նախաձեռնությունների հետ փորձելու ենք կապը պահել, ավելի կոորդինացնել և մեր պահանջն ավելի մեծացնել ու հետևողականորեն առաջ տանել»: Մենուա Սողոմոնյանը նաև զգուշացրեց՝ չեն սահմանափակվելու միայն իրազեկման խաղաղ գործողություններով:

Ցույցի մյուս մասնակիցների ելույթները՝ տեսանյութերում:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930