«Այս տարի արդեն երկրորդ ներկայացումը հանձնեցինք, իսկ 10 օր առաջ «Կոշկավոր կատուն» էր, որ վերաբերյալ արձագանքները շատ-շատ են: Տարեսկզբին էլ հանձնել էինք «Արքան հրապարակում» ներկայացումը Երվանդ Ղազանչյան թատերասրահում` ըստ Բլոկի հանրահայտ գործի»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:
Ներկայացնելով «Կոշկավոր կատուն»` նա ասաց, որ դա մյուզիքլ է, որի լիբրետտոն գրել է Վահե Հայրապետյանը` ըստ Շառլ Պերոյի համանուն հեքիաթի: «Ներկայացման մեջ ներգրավված են 50-ից ավելի մասնակիցներ: Հրավիրվել էին նկարիչ Գարեգին Եվանգույլյանը, ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը, զգեստների նկարիչ Մարինե Բաղդասարյանը, վոկալիստների հետ մեծ աշխատանք էր կատարել մեր երգչախմբի ղեկավար Շուշան Հովհաննիսյանը: Մի խոսքով, թիմային աշխատանքով կարողացանք ստանալ մյուզիքլը: Դեռ մեկ ներկայացում ենք խաղացել, առաջիկայում հանդիսատեսը հնարավորություն կունենա դատել»,-ասաց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենը: Ապրիլի 8-ին եւ 9-ին հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա վայելելու «Կոշկավոր կատուն» ներկայացումը, որը Կարո Շահբազյանի ձեւակերպմամբ, 6-99 տարեկանների համար է:
Նրա խոսքով, թեեւ թատրոնի լուսաձայնային տեխնիկան մեծ մասամբ խորհրդային ժամանակների է, այնուամենայնիվ կարողացել են գունեղ ներկայացում ստանալ: Հավելեց, որ կառավարության որոշմամբ թատրոնին այս տարի գումար է հատկացվել` լուսաձայնային սարքավորումների ձեռքբերման համար: «Այդ հարցը լուծվելուց հետո այլեւս խնդիր չի լինի, իսկ հիմա ամեն ներկայացման համար վարձակալում ենք տեխնիկա` այն էլ ոչ ամբողջական,-ասաց Կարո Շահբազյանը:
«Կոշկավոր կատուն» մյուզիքլը մեծ ոգեւորություն է առաջացրել ստեղծագործական կազմի եւ ինձ մոտ: Արդեն գաղափարներ կան, որ առաջիկայում անպայման ունենանք այլ մասշտաբային մյուզիքլներ: Գաղափարներն այժմ քննարկման փուլում են»,-ընդգծեց թատրոնի տնօրենը։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ