Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փափուկ կլանման» մտադրությունը. Ինչո՞ւ է Թուրքիան շահագրգռված Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում. Վահրամ Հովհաննիսյան

Ապրիլ 06,2022 14:34

ՆԱԽԱԲԱՆ. Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ԱՅՍՕՐ

1990-ականների սկզբի, 1999-2000 և 2008-2009 թվականների Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման անհաջող փորձերից հետո 2022թ․ նշանավորվեց չորրորդ փորձի մեկնարկով՝ այս անգամ, թերևս, լիովին նոր մոտեցումներով ու պայմաններում:

Եթե 1993թ․ տապալումը և նույնիսկ մինչ այդ առկա քիչ թե շատ շփումները եզրափակվեցին Թուրքիայի կողմից սահմանի միակողմանի փակմամբ և Հայաստանի նկատմամբ շրջափակման մեկնարկով, պայմանավորված Արցախյան պատերազմի ընթացքով, իսկ 2008-2009թթ.-ից սկիզբ առած երրորդ փորձն ի վերջո մերժվեց կրկին հիմնականում Արցախյան հակամարտության հարցում ունեցած անհամատեղելի դիրքորոշումների պատճառով, ապա այս մեկնարկը տեղի ունեցավ այդ հակամարտության էական ձևափոխման պարագայում:

Չմանրամասնելով 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրականությունը՝ միայն ընդգծենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առանցքային խոչընդոտ հանդիսացած «տարածքների հարցը», ըստ էության, լուծված է (թեև զենքի ուժով և միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումներով, իսկ հայկական կողմն ու միջազգային հանրությունը հակամարտությունը լուծված չեն համարում), և Ադրբեջանի կողմից Թուրքիայի վրա նախկինում բանեցվող ճնշումը կարծես թե այլևս արդիական չէ: Մասնավորապես ադրբեջանական իշխանությունները 2021թ. հայտարարեցին, որ ողջունում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ աշխատանքները: Թուրք պաշտոնյաներն իրենց հերթին շեշտեցին, որ այդ գործընթացում ունեն Բաքվի լիակատար աջակցությունը, ասել է թե՝ Բաքուն այս անգամ չի խոչընդոտի:

Արդյունքում բանագնացների՝ 2022թ. հունվարի 14-ին Մոսկվայում, փետրվարի 24-ին Վիեննայում կայացած հանդիպումներից հետո պաշտոնական Երևանն ու Անկարան երկուստեք պնդեցին, որ գործընթացն առանց նախապայմանների է և որ մտադիր են այդկերպ էլ շարունակել, ինչը վերահաստատվեց մարտի 11-ին Անթալիայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո:

Ինչպես հանդիպումների մեկնարկից առաջ, այնպես էլ դրանցից հետո հայկական հասարակական և քաղաքական շրջանակներում միմյանց են բախվում երկու երկրների միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման պարագայում ի հայտ եկող սպառնալիքների և, ի հակադրություն դրանց, հնարավորությունների վերաբերյալ կարծիքները: Սակայն քիչ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ, ի տարբերություն նախկին փորձերի, այսօր հենց թուրքական կողմն է շահագրգռված և հպարտությամբ է շեշտում, որ «Ադրբեջանը չի առարկում»:

Անշուշտ, հայկական տիրույթում կան կարծիքներ, որ այսօրվա հետաքրքրության պատճառը թուլացած Հայաստանն ու «զբաղված» Ռուսաստանն են (որից հնարավոր կլինի առավելագույնն ու շահավետը կորզել), սակայն փորձենք հասկանալ, թե հատկապես որոնք են Թուրքիայի համար ներկա իրավիճակում գերակա առաջնահերթությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման համատեքստում՝ կատարելով նաև դրանց վերլուծությունից բխող որոշակի կանխատեսումներ:

  1. «ՓԱՓՈՒԿ ԿԼԱՆՄԱՆ» ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պարագայում Կարսի և Իգդիրի (գուցեև այլ) նահանգների թուրք գործարարները, երկրի պետական քաղաքականության սկզբունքներով և ինչու ոչ նաև «խորքային պետության» կառավարող շրջանակների ուղղորդմամբ, կփորձեն իրենց ձեռքը վերցնել սահմանից այս կողմ գործող, իրենց հետ համագործակցության՝ արդեն նախկինում փորձ ունեցած և գործակցելու պատրաստ տնտեսվարողների հետ առևտրային հարաբերությունները՝ հանդես գալով որպես «բարեխիղճ, պարտաճանաչ, հարմարվող և վճարման հարցում չշտապեցնող» գործընկերներ:

Վերջինների կարիքը, անշուշտ, ունեն հատկապես սահմանամերձ բնակավայրերը, օրինակ, Գյումրին, Արարատը, Մասիսը, որոնք ամենաառաջինն իրենց վրա կարող են զգալ բաց սահմանի «առավելությունները»: Փոխադարձ առևտրային հարաբերություններում միանշանակ նախաձեռնությունը թուրքական կողմում է լինելու՝ հաշվի առնելով դեպի հայկական տնտեսություն մուտքին ուղղվելիք միջոցների ծավալը և դրանց նկատմամբ Երևանի ներկայիս ցածր դիմադրողականությունը:

Արդյունքում շփումներն առևտրի «ապրանքային» մակարդակից կտեղափոխվեն դեպի բանկային համակարգ, երաշխիքների, անշարժ ու շարժական գույքի վարձակալության, ձեռքբերման և երկարաժամկետ պայմանագրերի հարթություն: Այս ամենն ամուր թելեր պետք է լինեն, որոնք կբանեցվեն Հայաստանում ամրապնդվելու, կլանման քաղաքականության հետագա խստացման նկատմամբ հայկական կողմի դիմադրողականության նվազեցման ու զսպման համար:

Հայաստանում թուրքական ընկերությունները կարող են հաստատվել առաջին հերթին տեխնոլոգիաների (հաղորդակցության միջոցների), հումքի և առաջին անհրաժեշտության մատչելի ապրանքների միջոցով: Սրանք «գործընկերոջը» կառավարելի դարձնելու այն լավագույն ապրանքներն են, որոնցով մշտապես հնարավոր կլինի բանեցնել սպառնալիք՝ այս կամ այն հարցում ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհին խոչընդոտելով հայկական կողմի անհամաձայնության դրսևորումները:

Անշուշտ, առևտրային, ֆինանսական հարաբերությունները, փոխադրումները և այս համալիր շղթան ենթադրելու են նաև լրացուցիչ ենթակառուցվածքների, այդ թվում՝ վերահսկողական համակարգերի, կացարանների, պահեստների և այլնի անհրաժեշտություն:

Թեև այս ամենը վերաբերելու է նաև հայկական կողմին, որպես հնարավորություն սահմանից այն կողմ նույնատիպ «հաստատման» գործողությունների համար, սակայն պայմաններն արդեն այլ են: Մասնավորապես, էականորեն տարբեր են ներդրումային հնարավորությունները, որոնք առկա են սահմանի տարբեր կողմերում գործող տնտեսվարողների սեփական գրպանում և պետական բյուջեի՝ այդ նպատակի համար առանձնացվող տողերում:

Ավելի ուշ կարելի է ենթադրել նաև հայկական տարածքում թուրքական կապիտալով գործարանի կամ արտադրամասի (այդ թվում՝ համատեղ ձեռնարկության կարգավիճակով) հիմնում, որի համար էժան աշխատուժը համապատասխան հայ մասնագետների բացակայության պատճառաբանությամբ կլրացվի թուրքական սահմանակից շրջանների բնակիչների հաշվին, որոնք շուտով ընտանիքներով հանդերձ մշտական բնակություն կհաստատեն «բանավաններում»:

  1. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ ԴԵՊՔՈՒՄ

Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ նորագույն պատմության ընթացքում բնավ բացառված չեն պատերազմները ոչ միայն մերձավորարևելյան, ասիական տարածաշրջաններում, այլև Եվրոպա աշխարհամասում և դրա սահմանների հարևանությամբ:

ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման դեմ Մոսկվայի աղետաբեր արձագանքը, մասնավորապես փետրվարի 24-ին սկիզբ առած Ռուս-ուկրաինական պատերազմը փաստեցին, որ հետխորհրդային տարածքում շարունակվող հակամարտությունների պարագայում բնավ բացառված չեն լայնամասշտաբ պատերազմները, այդ թվում՝ ոչ միայն առանձին շրջաններում (հակամարտության գոտիներում), այլև դրանցից դուրս:

Աչքի առաջ ունենալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց ծագման պատճառները, ընթացքը, հնարավոր հետևանքները՝ չենք կարող բացառել նույն դիպաշարը նաև հետխորհրդային այլ երկրներում։

Այսպես, Վրաստանից անջատված Աբխազիան և Հարավային Օսիան նույնպես այդ չբացառման համատեքստում կարող են հաջորդ բախման օջախները դառնալ՝ հաշվի առնելով Վրաստանի ընտրած ճանապարհը (դեպի ՆԱՏՕ) և Հարավային Օսիայից արդեն իսկ հնչող հայտարարությունները:

Թեև ներկայումս անհամեմատելի են Ուկրաինայում և Վրաստանում հասարակական մակարդակում առկա տրամադրությունները, ռազմականացման ու ազգայնականացման՝ հայտարարվող տվյալները, իշխող ուժերի և առանձին ղեկավարների արտահայտությունները, աշխարհագրական դիրքի կարևորությունը, սակայն ռուսական աշխարհաքաղաքական տեսանկյունից ուկրաինական հնարավոր հաջողությունը կարող է տեղափոխվել նաև Կովկասյան լեռներից այս կողմ:

Այս պարագայում Վրաստանում էական ենթակառուցվածքներ ունեցող Թուրքիայի համար առաջանալու է այլընտրանքային օդային, ավտոմոբիլային և երկաթուղային կայուն հաղորդակցության, մասնավորապես դեպի արևելք ամենահարմար հայկական երթուղիների կարիքը:

2.1 ԵՐԿԱԹՈՒՂԻՆ՝ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի, այստեղից նաև կենտրոնասիական մի շարք երկրների հետ օդային և ցամաքային կապը (այդ թվում՝ ռազմական նպատակներով) մեծամասամբ իրականացվում է հենց Վրաստանի տարածքով: Այս նպատակով դեռևս 2007թ. փետրվարին սկիզբ է դրվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծին (բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2017թ. հոկտեմբերին), որի գործունեությունը կարող է վտանգվել Վրաստանի տարածքում հնարավոր խժդժությունների կամ ռազմական գործողությունների պատճառով:

Վրաստանի տարածքով է իրականացվում նաև Թուրքիա-Ռուսաստան ցամաքային կապը, որը վերոնշյալ իրադարձությունների պարագայում նույնպես կարող է վտանգվել: Հիշելով Թբիլիսիի՝ վերջին շրջանում հաճախ շոշափվող թուրքական 3+3 նախաձեռնությանը միանալու անհամաձայնությունը՝ ենթադրելի է դառնում, որ այդ դիրքորոշման պնդման պարագայում ձևաչափի շրջանակներում նախատեսվելիք տրանսպորտային գործարքների հարցում Վրաստանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ցամաքային կապի համար արդեն ոչ ցանկալի գործընկեր կարող է դառնալ:

Ուստի այս համատեքստում արժե դիտարկել այն հնարավորությունը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը և ներկա փուլում Մոսկվայի «ողջունող» դիրքորոշումը կարող է ենթադրել նաև ռուս-թուրքական ցամաքային (այդ թվում՝ երկաթուղային) և ինչու չէ անխափան հաղորդակցության ապահովում: Ընդ որում, երկաթուղայինի դեպքում կարող են դիտարկվել ինչպես Կարս-Գյումրի-Նախիջևան-Բաքու-Դերբենտ երթուղին, որում առանցքայինը Նախիջևան-Մեղրի-Հորադիզ հատվածն է (թուրք-ադրբեջանական պնդմամբ՝ «Զանգեզուրի միջանցք», հայկական, ռուսական և իրանական տարբերակով՝ «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման» արդյունքում գործարկվելիք ուղի), այնպես էլ Իջևան-Ղազախ ուղղությունը:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում Թուրքիայի համար նշված երթուղով երկաթուղու հնարավորինս շուտ գործարկման նշանակության մասին դեռ կխոսենք, իսկ այստեղ շեշտենք միայն, որ Հայաստանի տարածքով երկաթուղու գործարկումը Թուրքիայի համար կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ ցամաքային կապի, այլև վրացական հնարավոր անցանկալի դիպաշարի դեպքում արևելք-արևմուտք (մասնավորապես՝ Չինաստան-Եվրոպա) տնտեսական ուղիների ապահովման առումով:

Ընդ որում, Ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում, երբ չինական ընկերություններն իրենց արտադրանքը Եվրոպա են հասցնում ծովային ուղիներով կամ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝ առավել երկար, ժամանակատար (35 օր) ու ծախսատար հատվածով, դիտարկվում են այլ՝ ավելի կարճ ճանապարհներ: Տարբեր հաշվարկների համաձայն՝ Եվրոպա-Չինաստան ամենակարճ հնարավոր ճանապարհը հենց «հայկականն» է:

2.2 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐ

Մյուս կողմից, երբ աստիճանաբար նշմարվում է ՀՀ տարածքով Հյուսիս-հարավ (Պարսից Ծոց – Սև ծով) միջանցքի գործարկման իրատեսականությունը (մասնակից երկրների հաջորդ՝ 6-րդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որտեղ կարող է ստորագրվել տարանցիկ միջանցքի համաձայնագիրը), Թուրքիան ձգտում է անմասն չմնալ նաև այդ խոշորագույն ծրագրից, բայց յուրովի:

Թեև որոշ մասնագետներ համարում են, թե թուրք-ադրբեջանական կողմը (գուցե նաև՝ ռուսական) փորձում է խոչընդոտել դրա իրագործմանը, սակայն առավել հավանական է, որ Անկարան, այլևս չկարողանալով իսկապես տապալել այն, փորձի պարզապես «խցկվել» այդտեղ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում Հյուսիս-հարավի որոշ (հատկապես իր տնտեսական հետաքրքրությունների) հատվածներում տեղակայի իր ենթակառուցվածքները՝ առնվազն հսկողական նկատառումներից ելնելով:

Կարելի է դիտարկել և չբացառել նաև այն տարբերակը, որ Հյուսիս-հարավի շահառուները, ի դեմս եվրոպական խոշոր տնտեսվարողների, ցանկություն հայտնեն Հայաստանի տարածքում ունենալու որոշակի վերահսկողություն, որը կերաշխավորի Հնդկաստանից ու Իրանից դեպի Եվրոպա ապրանքների ապահով տեղափոխումը:

Իսկ ո՞վ պետք է երաշխավորի դերում հանդես գա, եթե եվրոպական երկրների և հայկական երկաթուղին ու սահմանային անցակետերը փաստացի վերահսկող Մոսկվայի միջև հատկապես Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով պատժամիջոցային, կարելի է ասել նույնիսկ ռազմական հակամարտությունն իր գագաթնակետին է հասել: Իսկ Իրանը Եվրոպայի համար դեռևս «անծանոթ» գործընկեր է համարվելու:

Այս դեպքում ամենահավանական թեկնածուն Թուրքիան է, եվրոպական երկրների մեծ մասի դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակներում, ունի գործընկերային և տարբեր տարածաշրջաններում (Սիրիա, Արցախ, գուցե ապագայում նաև Ուկրաինայում) փորձված հարաբերություններ Ռուսաստանի հետ, զարգացած ռազմական, տեխնոլոգիական և վերահսկողական հնարավորություններ (այդ թվում՝ ԱԹՍ-ներ):

Գուցե և սրանով է պայմանավորված Եվրոպայի աջակցությունը Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ հաշվի առնելով, որ արդեն նշված «վրացական խառնաշփոթի» դեպքում Հյուսիս-հարավի անխափան ընթացքը կարող է շարունակվել Գյումրի-Կարս երկաթուղային ու ավտոմոբիլային երթուղիներով:

  1. ՆԱԽԻՋԵՎԱՆԸ՝ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ» և «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ» ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ինչպես հայտնի է, 1992թ.-ից ի վեր Անկարան հետևողականորեն իրականացնում է Նախիջևանի ինքնավար Հանրապետության թրքացման քաղաքականություն՝ որպես թյուրքական աշխարհի հետ կապի և իր ռազմաքաղաքական ու տնտեսական հետաքրքրությունների կարևոր հարթակ:

Սրան դիմակայելու նպատակով Ադրբեջանն իր հերթին ջանք չի խնայում Թուրքիայի արևելյան՝ Հայաստանի հետ սահմանակից Կարսի և Իգդիրի նահանգներում ադրբեջանցիների թվաքանակի ավելացման համար (որոշ տվյալներով՝ նրանց թիվն այդ երկու նահանգներում արդեն գերազանցում է 600 հազարը):

Հիշենք, որ դեռևս 2009թ. ապրիլին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր փուլում, Թուրքիայի ադրբեջանաբնակ բնակավայրերում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման վերաբերյալ Անկարայի մտադրության: Այն մարեց, երբ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանը հայտարարեց, որ «հայ-թուրքական բանակցություններում Ադրբեջանի շահերը և Լեռնային Ղարաբաղի գործոնը չեն կարող երկրորդային լինել»:

Միաժամանակ Թուրքիայի կողմից տարիներ շարունակ մշակված Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու ծրագիրը երկու կողմերի տարբեր շահերի պատճառով դեռևս կյանքի չի կոչվել: Տվյալ դեպքում, եթե թուրքական կողմի համար ծրագիրը բավականին թանկ արժենա, ապա ադրբեջանականի համար դա Նախիջևանը կորցնելու վտանգ է պարունակում: Ընդ որում, գաղափարին կտրականապես դեմ է հատկապես Իրանը:

Այս պարագայում Թուրքիայի համար դրան կարող է փոխարինել Կարս-Գյումրի-Երասխ-Նախիջևան երկաթուղին, որը բացի ՀՀ տարածքում ազդեցություն հաստատելուց կապահովի թուրքական լիարժեք տիրապետություն Նախիջևանի նկատմամբ (շեշտենք երկաթուղային հաղորդակցության կարևոր նշանակությունն ազդեցության տարածման ու ամրապնդման գործում):

Տվյալ նպատակին ամբողջապես հասնելու համար, թերևս, անհրաժեշտ կլինի, որպեսզի հենց Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում այդ երթուղին ձևավորվի: Այսինքն ավելի շուտ, քան կլինի հայ-ադրբեջանականը՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով կապի վերաբերյալ կամ այլ համատեքստում նոր համաձայնությունը:

Բացի այդ Ադրբեջանի նկատմամբ ազդեցությունը որոշակիորեն մեծացնելու նպատակով Թուրքիայի համար առավել նախընտրելի կլինի իր «շնորհիվ» Բաքվի և Նախիջևանի միջև կապի ստեղծումը, որի նախնական փուլն արդեն իսկ հովանավորվել է «մեծ եղբոր» կողմից 2020թ. աշնանը: Սակայն դրանից հետո ինչ-որ առումով իրավիճակ է փոխվել, մասնավորապես ռուս-ադրբեջանական համաձայնագիրը, Եվրոպայի համար ադրբեջանական գազի կարևորության մեծացումը:

Ուշագրավ է, որ Թուրքիան սկսել է հանդես գալ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման առաջարկով (Անթալիայում դա նրան չի հաջողվել)՝ շարունակելով պարբերաբար շեշտել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարան հաշվի է առնում Բաքվի դիրքորոշումը: Սա նշանակում է, որ թուրքական կողմը փորձում է կանխել ռուս-ադրբեջանական մերձեցումը՝ դրա փոխարեն իրեն վերապահելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում Ադրբեջանին իր բաժինը հանձնելու իրավունքը:

Պատկերավոր ասած՝ թյուրքական աշխարհում հեղինակությունն էլ ավելի բարձրացնելու, Ադրբեջանի նկատմամբ ազդեցությունն էլ ավելի մեծացնելու, Նախիջևանում վերջնականապես ամրապնդվելու և հատկապես առաջիկա ընտրություններում հաղթանակի գրավական ունենալու նպատակով Էրդողանի համար կարևոր է, որպեսզի երկաթուղին առաջինն անցնի Կարս-Գյումրի-Նախիջևան երթուղով, և ոչ թե հակառակ ուղղությամբ:

Սակայն այս հարցում արդեն ակնհայտ է, որ լրջագույն մրցակցություն է առկա մի կողմից «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման» և մյուս կողմից՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացների միջև:

Ուստի պատահական չէ թուրքական շտապողականությունը, որին, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ռուսական կողմի լուռ կամ թաքուն համաձայնությամբ, իրանական կողմի զուսպ արձագանքի ներքո կփորձի խոչընդոտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով, Արցախի նկատմամբ նորանոր սադրանքներով՝ օգտվելով նաև հայկական տիրույթում գերիշխող «սահմանային դեպքերի պայմաններում թուրքի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված գործընթացների» նկատմամբ բացասական և, ըստ էության, խոչընդոտող դիրքորոշումներից:

Պետք է հաշվի առնենք նաև, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական լայնածավալ գործողությունների ձեռնարկման դեպքում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը պարզապես կարող է կրկին տապալվել՝ Հայաստանին պարտադրվելիք «ապաշրջափակման» նոր ստորագրությամբ դուրս մղվելով ներկայիս իշխանությունների օրակարգից:

  1. ՔՐԴԵՐԻ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ

Ինչպես հայտնի է, Թուրքիայի տարածքում, ըստ 2016թ. տվյալների, բնակվում է ավելի քան 15 մլն քուրդ (ընդհանուր բնակչության 20%-ը): Նրանց մեծ մասն արևելյան և հարավարևելյան՝ Իրանին ու Իրաքին սահմանակից նահանգներում են: Թեև Հայաստանի հետ սահմանակից շրջաններում նույնպես քրդաբնակ բնակավայրեր կան, սակայն նրանց թիվն այստեղ համեմատաբար քիչ է (հիշեցնենք, որ ադրբեջանցիներն են այստեղ մեծամասնություն):

Հաշվի առնելով անջատման ու անկախության ձգտող «Իրաքյան Քրդստան» միավորի ստեղծումը (շուրջ 6 մլն քուրդ բնակչությամբ)՝ կարելի է պնդել, որ Իրաքի հյուսիսում քրդական պետության ստեղծումը կարող է ոտքի հանել նաև Թուրքիայի տարածքում բնակվող ավելի մեծ թվով քրդերի: Իսկ «քրդական երազանքի» պետության սահմանները ձգվում են մինչև Արաքսի ափերը:

Անջատողական պայքարի վտանգը («Սևրի սինդրոմ») թուրքական իշխանություններին մշտապես ստիպել է պայքար մղել նրանց դեմ ոչ միայն ռազմական, այլև սոցիալական, քաղաքական, մարդասիրական և այլ տեսակ ճնշումներով: Դրա վկայությունն են Սիրիա և Իրաք թուրքական զորքերի ներխուժումները, քուրդ գործիչների ձերբակալություններն ու բռնաճնշումները, ինչպես նաև հայտնի «ջրային քաղաքականությունը»:

Այս համատեքստում ակնհայտ է, որ Թուրքիան, ձգտելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, նպատակ պետք է ունենա կասեցնել հայ-քրդական հնարավոր համագործակցությունը՝ իր տարածքում հավանական քրդական շարժման դեպքում մեկուսացնելով քրդերին:

Թուրքական քրդաբնակ նահանգների բնակիչները ներկայումս որոշակի տնտեսական հնարավորություններ են ստանում Իրան-Թուրքիա տարանցիկ ուղիների շնորհիվ (օրինակ, Թեհրան-Ստամբուլ երկաթուղին, որը Վանա լճում ընդհատվում է, և փոխադրումները լճում իրականացվում են լաստանավերով): Հայաստանի հետ սահմանի բացմամբ դրանց զգալի մասը կարող է տեղափոխվել այստեղ՝ վերոնշյալ երկաթուղային երթուղի՝ քրդական տնտեսություններին զրկելով տարանցման հետ կապված ծառայություններից ստացվող եկամտից:

Արդյունքում առանց այն էլ մյուս նահանգների համեմատ առավել ցածր կենսամակարդակ ու գործազրկության բարձր ցուցանիշներ, ջրային և մարդասիրական այլ խնդիրներ ունեցող շրջանները կենթարկվեն լրացուցիչ մեկուսացման: Հնարավոր քրդական շարժման մեկնարկի դեպքում, ինչպես Վրաստանի օրինակով արդեն ներկայացվեց, հայկական հաղորդակցության ուղիները Թուրքիան կօգտագործի որպես ապահով այլընտրանք:

ՎԵՐՋԱԲԱՆ

Առկա տեղեկատվության և հետագա հնարավոր դիպաշարերի վերաբերյալ կանխատեսումների համադրումը ցույց է տալիս, որ Հայաստանի համար ճիշտ և արդյունավետ գործելու դեպքում կարող են բացվել որոշակի հնարավորություններ: Սակայն այդ մակարդակին հասնելու ճանապարհը և օրվա իրավիճակը Հայաստանի համար ամենևին բարենպաստ չեն և էլ ավելի են վատանում «հայ-թուրքական» ու «հայ-ադրբեջանական» կարգավորումների և «Հյուսիս-հարավի» մրցակցության ուժգնացմանը զուգահեռ։

Հաշվի առնելով, որ այդ երկու հարկադրանքների հետևում կան այլ՝ ավելի մեծ դերակատարներ, ովքեր միմյանց դեմ հակամարտությունները վարում են հիմնականում իրենց սահմաններից հեռու՝ տեղային բախումների ու խժդժությունների միջոցով, ինչպես նաև այդ խոշորներից յուրաքանչյուրի համար «հայկական ուղիների»՝ իր հետաքրքրության առարկայի կարևորությունը, ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները մի կողմից՝ Թուրքիայի և նրա դաշնակիցների, մյուս կողմից՝ Ադրբեջանի և տվյալ պահին նրա հետ շահերի համընկնումով դաշնակից դարձած Ռուսաստանի (և ոչ միայն) առաջարկների ընտրության հարցում լրջագույն ընտրության առաջ են կանգնած:

Սրանց գումարվում է նաև «Հյուսիս-հարավը», որը, թերևս, Հայաստանի Հանրապետության համար լավագույն առաջարկն է, սակայն այն խիստ հակասության մեջ է մյուս երկուսի հետ միաժամանակ:

Չբացառելով, որ բոլոր «կարգավորումներն» էլ կարող են կյանքի կոչվել որոշակի ժամանակահատվածում ու կարգավիճակներով (օրինակ, «խաչմերուկային տրամաբանությամբ»)՝ շեշտենք, որ խոսքն առաջնահերթության մասին է, քանի որ հենց դրանից է կախված լինելու մյուս ծրագրերի գոյությունը, ազդեցությունը, տնտեսական ու քաղաքական նշանակությունը:

Այս պատճառով դրանց միջև պայքարը, ի վնաս Հայաստանի, դրսևորվելու է մեծ համառությամբ՝ վատագույն կանխատեսումներով: Եվ այդ պայքարի արդյունքում առաջինը կյանքի կկոչվի այն խմբի տարբերակը, որը պատրաստ կլինի կիրառել ամենաազդեցիկ միջոցները: Դրանց թվում չպետք է բացառել ռազմական, տնտեսական, քաղաքական, մարդասիրական սպառնալիքները, ներքաղաքական բախումների հրահրումները և այլն:

Վահրամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովրդավարության XVII դպրոցի շրջանավարտ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930