Լրահոս
Օրվա լրահոսը

«Համարեք սա «100 էջանոց խմբագրական»

Ապրիլ 06,2022 15:30

Շտրիխներ Արամ Աբրահամյանի նոր` «Երկնքով եւ առանց երկնքի: Ազատ գրառումներ ազատության եւ հավատքի մասին» գրքից

Լույս է տեսել լրագրող, հրապարակախոս եւ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արամ Աբրահամյանի «Երկնքով եւ առանց երկնքի: Ազատ գրառումներ ազատության եւ հավատքի մասին» գիրքը, որը հեղինակը նվիրել է հորը` պրոֆեսոր Լեւոն-Հարություն Աբրահամյանի հիշատակին: Գրքում Արամ Աբրահամյանն անդրադարձել է հոգեւոր, մշակութաբանական եւ բարոյական այն արժեքներին, որոնք կարող են հիմք դառնալ հայկական պետության բարենպաստ զարգացմանը:

Նախաբանում հղում անելով ֆրանսիացի գրող Էրիկ-Էմանուել Շմիտի հերոսներից մեկի արտահայտությանը` հեղինակը գրում է. «Չարտահայտած մտքերը կպչուն են, դրանք ճնշում, տխրեցնում են քեզ, զրկում շարժունությունից, թույլ չեն տալիս, որ ծագեն նոր մտքեր: Եթե դրանք չարտահայտես, ուղեղը կարող է վերածվել հին մտքերի նեխած աղբանոցի:

Իմ դեպքում էլ է այդպես. անկախ նրանից, թե ինչ ծավալի գիտելիքների վրա են հիմնված մտքերս կամ որքանով են դրանք խորիմաստ, ես մշտապես դրանցով կիսվելու ցանկություն եմ ունենում: Ամեն օր ընթերցողի հետ շփվելու ցանկությունը գալիս է, իհարկե, իմ լրագրողական մասնագիտությունից…»:

Արամ Աբրահամյանն ընդգծում է, որ ինչպես իր նախորդ երկու գրքերը` «Գերմանական կվինտետը» եւ «Հանճարը` առասպելից դուրս», այս մեկը եւս զուտ լրագրողական աշխատանք է, ընտրված ձեւն էլ` ազատ գրառումներ, ու ինքը որեւէ հավակնություն չունի փիլիսոփայական, աստվածաբանական կամ քաղաքագիտական վերլուծության:

«Այնպես որ, համարեք սա «100 էջանոց խմբագրական»: Խնդրում եմ նաեւ իմ այս գրառումները դիտարկել որպես մի յուրահատուկ օրագիր. երբ ես փորձում եմ ընթերցողի հետ զրուցել այն մասին, թե ինչպես, իմ կարծիքով, պետք է զարգանա ժամանակակից մարդը, հասարակությունը, ազգը, ես, առաջին հերթին, մտածում եմ այն մասին, թե ինչպիսին եմ ուզում դառնալ ես»,- գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` իր «Երկնքով եւ առանց երկնքի: Ազատ գրառումներ ազատության եւ հավատքի մասին» նորատիպ գրքի նախաբանում:

Հեղինակը գիրքը բաժանել է 6 գլուխների, որոնցից յուրաքանչյուրում դիտարկում է ասելիքի տարբեր բաղադրիչների բանալիները` «Ազատ կամքի խնդիրը. Էլեկտրոնը՝ խնձորի դեմ», «Superbia` գլխավոր մեղքը», «Եվ թող մեզ զպարտիս մեր…», «Ինչպես հանգցնել հավատաքննության կրակները», «Սերը որպես գործողություն», «Տաշելով քարը` մտածիր տաճարի մասին»:

Մի փոքրիկ մեջբերում «Սերը որպես գործողություն» գլխից. «Ինքնախարազանումը` «ես վատն եմ», «էս ազգը էդպես էլ ազգ չդարձավ», «էս երկիրը երկիր չի» եւ այլն, ենթադրում եմ, սեփական վատ մտադրությունների, կատարելագործվելու աշխատանքից հրաժարվելու ենթագիտակցական արդարացումն է: Եթե մարդ չի սիրում գեղեցիկը եւ կատարյալը` վկայակոչելով ինչ-ինչ «արտաքին հանգամանքներ», ապա նա անխուսափելիորեն ձգտելու է ինչ-որ բան քանդել, ավերել: Մեր կյանքն էականորեն բարեփոխած Սթիվ Ջոբսն ասում էր. «Այսօր բաժանումը ոչ թե լիբերալների ու պահպանողականների, այլ կառուցողականի եւ ոչ կառուցողականի միջեւ է»:

Հետաքրքիր դիտարկում կա նաեւ գրքի վերջաբանում. «Դարերի ընթացքում մարդիկ վստահ էին ու հիմա էլ են կարծում, որ իրենց խնդիրները ՄԻԱՅՆ իրենց երկրների պետական, հասարակական, քաղաքական կառուցվածքի եւ կառավարման որակի մեջ է: Բայց իրականում դա, առավելագույնը, խնդրի կեսն է: Իսկ մյուսը՝ բարոյական այն նորմերի մեջ է, որոնք գերիշխում են տվյալ հասարակություններում: Այդ երկու կեսերն, անշուշտ, փոխկապակցված են, բայց դիտարկել որեւէ մեկը որպես «առաջնային», որպես ձու, որ հավից առաջ է, ինձ թվում է՝ այնքան էլ ճիշտ չէ:

Այս գրքով ես ցանկացել եմ ցույց տալ, թե ինչին, իմ կարծիքով, պետք է ձգտենք անհատապես եւ որպես հասարակություն` մեր երկիրը եւ աշխարհը ավելի լավը դարձնելու համար: Թե որքանով եմ կարողացել իրականացնել իմ նպատակը, դատեք ինքներդ»: Այս փոքրիկ անդրադարձում որոշ «փակագծեր» բացեցինք գրքի վերաբերյալ, իսկ եթե այն իրապես հետաքրքրեց ինչ-որ մեկին, կարող է ձեռք բերել «Բուկինիստ» խանութների ցանցից եւ «Զանգակ» գրատնից:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930