Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլն անհանգիստ է Փաշինյան-Ալիեւ՝ Բրյուսելյան հանդիպումից առաջ

Ապրիլ 06,2022 16:00

Սկիզբը՝ այստեղ:

Իսկ Բաքուն, ադրբեջանական զինուժի առաջխաղացման պայմաններում, հայկական կողմին մեղադրում է՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ» ունենալու մեջ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հովանու ներքո այսօր՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում ծրագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:

Բրյուսելյան կուլիսներից ըստ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետների տեղեկատվական արտահոսքի՝ Փաշինյանն ու Ալիեւը կգնահատեն այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել իրենց վերջին հանդիպումից հետո, եւ կքննարկեն հետագա ուղիները՝ հասնելու անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանում ապրող ժողովուրդների։ Գերիշխում է այն կարծիքը, որ ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես հաղորդակցության հարցը։

Եվրամիության դիվանագիտական ծառայության հաղորդագրության համաձայն՝ առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցերն են քննարկել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը մարտի 30-ին Բրյուսելում։ Նրանք բանակցել էին Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ բանակցել էին մոտ մեկ ամիս առաջ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։ Հանդիպումն անցել էր հեռավար ձեւաչափով. ըստ պաշտոնական հաղորդագրությունների` կողմերը շարունակել էին դեկտեմբերին Բրյուսելում սկսված երկխոսությունը հաղորդակցության ուղիների եւ հումանիտար համագործակցության շուրջ։ Այդ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը վերադարձրել էր եւս 8 հայ գերիների։ Ավելի ուշ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, թե ձեռք է բերվել նաեւ պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման մասին։

Սակայն, քիչ անց, Ադրբեջանը կրկին ընդհատեց Արցախի գազամատակարարումը, իսկ Ադրբեջանի զինված ուժերն էլ ներխուժեցին Փառուխ գյուղ: Մի կողմից պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Բաքուն ամեն ինչ անում է «արցախահայերի կյանքն իրենց հայրենիքում անհնար դարձնելու, էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար», մյուս կողմից, շտապում են խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում: Վերջերս Փաշինյանն անգամ նման հարցադրում էր արել. «Վերջին մի շարք իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ: Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, եւ մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի»։
Ինչեւէ, փորձագետները չեն բացառում, որ Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը համատեղ հայտարարությամբ խաղաղության համաձայնագրի որոշ սկզբունքներ ֆիքսվեն: Սկզբունքներից մեկի, օրինակ՝ տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ինքնավարության ինչ-որ աստիճանի դիմաց, կնշանակի վերջակետ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հնարավոր հստակեցման վերաբերյալ, եւ կնպաստի Արցախից հայերի հոսքին։

Նկատենք, որ օրերս Ադրբեջանի նախագահն ուղղակի արձանագրեց. «Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանից շատ լավ ուղերձներ ենք ստանում եւ հուսով ենք, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ այս հարցը ավելի հստակ կդառնա… Հուսով եմ՝ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում է կայացել, եւ մենք պետք է շարժվենք դեպի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի ստորագրում, հնարավորինս կարճ ժամկետներում ստորագրենք այդ փաստաթուղթը: Ադրբեջանը ներկայացրել է այդ պայմանագրի հիմնական սկզբունքները»:

Ուշագրավն այն է, որ Բաքվի «խաղաղության հասնելու» ձգտումների ֆոնին, Ալիեւի հայտարարությանը համահունչ Ադրբեջանի իշխանությունները նաեւ շանտաժի գործիքն են բանեցնում: Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ հարաբերությունները կարգավորելու համար, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ Նա եւս հիշեցրել է, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել 5 կետից բաղկացած փաստաթուղթ, որը ներառում է՝ «Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքները»։ «Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները, պոտենցիալ խաղաղության պայմանագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Դրանք ձեւակերպված են միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա եւ հիմք են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար», – նշել է Հաջիեւը` շեշտելով, որ եթե Երեւանը ցանկանում է այդ հարաբերությունները հաստատել, ամեն ինչ սկսվում է առաջին եւ ամենակարեւոր որոշումից` այն է. «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ զերծ մնան ուժի կիրառումից եւ ուժի սպառնալիքից տարածքային ամբողջականության դեմ»: Նրա խոսքով` այն ժամանակ, երբ «Հայաստանը վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին», հնարավոր կլինի առաջ շարժվել:

Զավեշտալին այն է, որ ադրբեջանական զինուժի առաջխաղացման պայմաններում, դեռ Բաքուն է հայկական կողմին մեղադրում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ» արտահայտելու մեջ:

Բրյուսելի հանդիպումից առաջ, նկատենք, Ռուսաստանը, որը վերջին շաբաթներին գտնվում է Արեւմուտքի աննախադեպ պատժամիջոցների տակ, հստակ ակտիվություն է դրսեւորում՝ Փաշինյան-Ալիեւ Բրյուսելյան հանդիպման նկատմամբ: Վերջին օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի հեռախոսազրույցներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաեւ՝ Ալիեւի հետ: Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցներ է ունեցել մարտի 25-ին, մարտի 31-ին եւ ապա մեկ օր անց՝ ապրիլի 1-ին: Վերջերս էլ Պուտինի խոսնակ Պեսկովը ակնարկեց, որ Պուտինն ու Փաշինյանը հաճախ են հեռախոսազրույցներ ունենում:

Ըստ ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության, մարտի 31-ին Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը եւ ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ: Նա մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին՝ բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ: «Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները եւ ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, հարցեր է առաջացնում եւ ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար:

Վարչապետը ՌԴ նախագահին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար»: Նշվում էր նաեւ, որ Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար, կարեւորել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը:

Իսկ մեկ օր անց, ապրիլի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ կայունության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետեւանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր: Կրկին վերահաստատվել էր՝ «Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը»:

Վերջին օրերին, իր հերթին Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն է ակտիվ շփումների մեջ հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ: Ապրիլի 4-ին նա հանդիպել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբակցության պատգամավորների հետ: «Հայաստան» խմբակցությունը հայտնում էր, որ զրուցակիցները կարեւորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների եւ, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։

«Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված եւ հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը», նշվում էր հաղորդագրությունում։ Նույն օրը ՀԱԿ մամուլի խոսնակն էլ հայտնել էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ: «Զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ», նշվում էր գրառման մեջ:

Ըստ ամենայնի, Մոսկվան որոշակի մտավախություններ ունի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների արգելափակման եւ Բրյուսելի հովանու ներքո պայմանավորվածությունների, համաձայնությունների հասնելու հնարավորությունների առումով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 06.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930