Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչ-որ բան ինձ հուշում է, որ սա մեկ տնտեսվարողի համար է»․ Վահե Հակոբյանը՝ «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումների մասին

Ապրիլ 06,2022 12:38

«Մի ժամ առաջ ենք ստացել։ Ո՞նց ասեմ, որ մեղմ հնչի։ Ոչ պատշաճ ձեւով է նախագիծը մեզ ներկայացվել։ Կարծում եմ՝ հանձնաժողովը ոչ էլ հասցրել է ծանոթանալ։ Ես որ՝ չեմ հասցրել։ Հարցը հետաձգվում է երկու ամսով։ Գնացեք, լրամշակեք, պատշաճ ներկայացրեք հանձնաժողովին»,-ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ դիմելով կառավարության հեղինակած «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումների նախագիծը զեկուցող՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին։

Հիշեցնենք, որ «Ընդերքի մասին» օրենսգիրքը լրացվել է նոր  հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով․ այդպիսիք են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել սույն օրենսգրքով եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները:

Փոխնախարարն իրավիճակն այսպես բացատրեց․ «Երեկ վերջին պահին փորձագետների կողմից տերմինների հետ կապված լրացումներ արվեցին՝ խնդրանք-պահանջ։ Ձեր ասած ժամկետում ներկայացնելու պատճառը միայն դա է։ Մեզանից չէր կախված։ Դիտարկումները լրացրել ենք ոչ թե մինչեւ երկրորդ ընթերցում, այլեւ մինչեւ ներկայացնելը։ Եթե հնարավոր է՝ մի հետաձգեք»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը նկատեց․ «Օրակարգը հաստատվել է, այս հարցն էլ ներառված է։ Իրավասություն կա՞, որ հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշի հետ ուղարկել»։


Վահե Հակոբյանը պատասխանեց, որ այո․ «Լրամշակելու մասին է խոսքը։ Սա ամենակարեւոր ոլորտներից է։ Անթույլատրելի է նման մոտեցումն այս ոլորտի հանդեպ»։


Հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հարցրեց՝ նախագիծը փետրվարի կեսից ԱԺ կայքում է, լրացումներն են նոր հայտնվել, չէ՞։ Փոխնախարարը դրական պատասխան տվեց։ «Մտահոգությունը հասկանալով հանդերձ ասեմ, որ չկա ընթացակարգ, երբ հանձնաժողովի նախագահի որոշմամբ նախագիծը հետաձգվի»,-նկատեց Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝ կարող է հետաձգվել այն դեպքում, երբ հեղինակն է դա առաջարկում։

Հովհաննես Հարությունյանը պնդեց, որ պարզապես մի քանի տերմինի բացատրություն են ավելացրել․ «Բովանդակային առումով բան չի փոխվել»։ Արդյունքում որոշվեց նախագիծը քննարկել նախնական տեսքով, հետագայում՝ լրացումներով։ Քննարկումից հետո Վահե Հակոբյանը հայտարարեց․ «Կարծիքս ամրապնդվեց, սա դեռ մեծ լրամշակումների կարիք ունի։ Առաջարկում եմ հետ տանել երկու ամսով, լրամշակել եւ ներկայացնել մեզ»։ Հովհաննես Հարությունյանը պնդեց, որ բոլոր դիտարկումները լսելուց հետո են լրամշակել եւ պատասխանել, թե որ առաջարկն ինչու հնարավոր չէ ընդունել․ «Լիազոր մարմնի եւ իրավաբանների հետ քննարկումների արդյունքում եկել ենք այն կետին, որ այս փոփոխության կարիքը կա։ Երկու ամսով հետաձգելը նպատակահարմար չէ»։

Այնուհետեւ Վահե Հակոբյանը հանձնաժողովականներին առաջարկեց քվեարկել, որ նախագիծը հետ գնա կառավարություն երկու ամիս ժամկետով․ «Որոշեք, թե ոնց եք քվեարկում»։ Բաբկեն Թունյանն ասաց՝ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից խնդիր չկա, բայց ըստ իրավաբանների՝ իրավական որոշակիության խնդիր կա, ուստի պետք է իրավաբանների հետ լրացուցիչ քննարկել․ «Քանզի պայմանավորվել էինք, որ քվեարկելու ենք նախնական տարբերակը, որը երկար ժամանակ է ունեցել առաջարկներ ստանալու համար, այս պահին հետաձգման բավարար պատճառներ չեմ տեսնում։ Մինչեւ երկրորդ ընթերցումը կարող ենք աշխատանքային քննարկումներ անել։ Առաջարկում եմ ժամանակ չվատնել։ Ժամանակ կար, եւ պատգամավորներս պատշաճ հետաքրքրություն չենք դրսեւորել նախագծի հանդեպ»։

Վահե Հակոբյանը հավելեց․ «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ սա մեկ տնտեսվարողի համար է։ Չեմ ուզում անունը տալ»։ Արդյունքում հանձնաժողովը նախագծի նախնական տարբերակին մեծամասամբ կողմ քվեարկեց։ Հովհաննես Հարությունյանը վստահեցրեց, որ առաջարկները հետագայում կքննարկեն, իսկ նախագիծը ՀՀ-ում ներդրումային միջավայրը բարելավելու նպատակ ունի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930