«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 3971 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ։ Մասնավորապես, հատուկ ընդգծել, որ Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը քրեական պատիժ է սահմանում։
Գործող Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն առհասարակ ցեղասպանության եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու դեպքերում։
Ընդդիմադիրներն ընդգծում են, որ օրենսդիրը տարբերվող մոտեցում չի որդեգրել Հայոց ցեղասպանության հարցում, ինչն առաջարկում են իրենք՝ օրենքում մի բառ ավելացնելով՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: «Փաստում ենք, որ Մեծ եղեռնի նկատմամբ առանձին մոտեցման ընդունումը նպատակադիր է ոչ միայն պատմական, այլեւ քաղաքական, սոցիալական եւ իրավական դիտանկյուններից՝ հաշվի առնելով հայ ազգի առջեւ ծառացած այժմեական մարտահրավերները»,- նշվում է ընդդիմության ներկայացրած փոփոխությունների նախագծի հիմնավորման մեջ։
Եվ առաջարկում են պատժաչափ սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով: Իսկ եթե վերոհիշյալ հոդվածը խախտողը պաշտոնյա է, ապա պատժել ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Բնական է, որ այս առաջարկը գործող իշխանությունների սրտով չէ:
Հիմա էլ տեղեկություններ կան, որ սահմանադրական «բարեփոխումների» անվան տակ ուզում են հրաժարվել Անկախության հռչակագրում ցեղասպանության մասին դրույթից։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: