Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխել ընդդիմության օրակարգը

Ապրիլ 06,2022 10:00

Ընդդիմության երեկվա հանրահավաքը մարդաշատ էր: Դատելով ՔՊ-ական պատգամավորների եւ իշխանության երկրպագուների գրառումներից՝ այդ առիթով «վերեւներում» որոշակի անհանգստություն կա: Հանրահավաքի մասնակիցների քանակի հետ կապված բանավեճի վրա կենտրոնանալը, թերեւս, երկրորդ պլան է մղում ընդդիմության բուն ասելիքը: «Արձանագրային» մասում առանձնապես վիճահարույց կետեր չեմ տեսնում. Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականության պատճառով մենք կանգնած ենք Արցախի եւ հայկական պետականության կորստի շեմին: Արտահայտման ձեւի՝ պիտակների, վիրավորական որակումների հետ ես համաձայն չեմ, բայց, ինչ արած, այդպիսին է Հայաստանի իշխանական եւ ընդդիմադիր ուժերի մշակութային մակարդակը:

Սակայն, հիմնականում ճիշտ արձանագրելով իրավիճակը, այնքան էլ հասկանալի չէ, թե ի՞նչ են ընդդիմադիրներն առաջարկում: Եթե իշխանափոխություն, ապա՝ ինչպե՞ս՝ ընտրությունների միջոցո՞վ: Բայց անցած տարվա հունիսին ընտրություններն արդեն տեղի են ունեցել, եւ դրանց մասնակիցների մեծամասնությունն իր ձայնը տվել է պատերազմում պարտված ԶՈՒ գլխավոր հրամանատարին: Հանրահավաքի կազմակերպիչները պետք է բաց աչքերով նայեն ճշմարտությանը եւ պատասխանեն հարցին, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Գուցե այն պատճառով, որ որպես «հիմնական ընդդիմություն» հրապարակում հենց իրե՞նք են: Պարզաբանման կարիք ունի եւս մի հարց՝ այս ինն ամսում արդյո՞ք տեղի է ունեցել հասարակական տրամադրությունների էական փոփոխություն:

Վերջին երեսուն տարում ընդդիմության միակ օրակարգն է առաջին դեմքի փոփոխությունը: Երկու անգամ դա հաջողվել է, բայց դրանով ոչ մի հարց չի լուծվել: Հետեւաբար, իմ կարծիքով, պետք է փոխվի ընդդիմության բուն օրակարգը: Փորձեմ բացատրել, թե ինչի մասին է խոսքը:

Թրամփը եւ Բայդենը տարբեր են ամեն ինչով՝ քաղաքական հայացքներով, անցած ճանապարհով, Պուտինի հանդեպ անձնական վերաբերմունքով, խառնվածքով: Բայց կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ԱՄՆ նախագահի հերթական փոփոխությամբ էապես փոխվել է այդ երկրի քաղաքականությունը, հատկապես՝ արտաքին: Կարծում եմ՝ ոչ: Պատճառն այն է, որ այդ երկրի ինստիտուտներն այնպես են «կարգավորված», որ սպասարկում են որոշակի քաղաքական շահեր, անկախ նրանից, թե ով է կանգնած այդ պետության գլխին:

Ես ուզում եմ ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ այնքան կարգավորված ինստիտուտներ լինեն, որ նշանակություն չունենա գրագե՞տ է արդյոք երկրի առաջին դեմքը, թե՞ անգրագետ, հմո՞ւտ է պետության կառավարման գործում, թե՞ տկար, հավասարակշի՞ռ բնավորություն ունի, թե՞ հաճախ կանգնում է հոգեբանական բարդ խնդիրների առաջ, հրապարակավ օգտագործո՞ւմ է ոչ նորմատիվ բառապաշար, թե՞ ոչ: Դա է իմ ցանկությունը, կամ, եթե ուզում եք, երազանքը: Բայց իմ ցանկությունը քիչ է: Նույնը պիտի ցանկանա նաեւ քաղաքացիների մեծամասնությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ասա ով է ընդդիմությունը, կասեմ ով է իշխանությունը: Մենք ամեն անգամ խոսում ենք բացասական երեւույթներից, բայց ոչ մի կերպ դրական բաներ չենք նկատում: Այն, որ մեր ժողովրդի մեծամասնությունը, այդ թվում եւ սփյուռքում, քաղաքականապես հետամնաց է՝ դա բացասական երեւույթ է, բայց այն, որ մենք ունենք համաշխարհային մակարդակի քաղաքականապես հզոր փոքրամասնություն՝ դա շատ դրական է, շեշտը դնում ենք քաղաքականապես հզոր, ոչ թե փոքրամասնություն բառի վրա: Մեզ իրականում պետք չի քաղաքականապես հզոր մեծամասնություն, անհրաժեշտ է ընդամենը մեր փոքրամասնությունը, այդ թվում եւ սփյուռքում, համաձայնության գան բոլորի համար որպես սրբություն ընդունված սկզբունքների, կարմիր գծերի կամ պարզապես մեկ ընդհանուր քաղաքական՝ այդ թվում ռազմական եւ տնտեսական, դոկտրինայի մշակման եւ միաձայն ընդունման ամենահրատապ հարցի շուրջ: Այսօրվա իշխանությունընդդիմության առաքելությունը՝ ստեղծել տպավորություն իրական իշխանության եւ իրական ընդդիմության, իրականում դրանք բուտաֆորիա են՝ լոժնիե ցելի: Դրանց վրա ժամանակ ու ուշադրություն ծախսել իմաստ չունի, ժողովրդի մեծամասնության ճակատագիրը ժողովրդի փոքրամասնության հավաքական ուժի մեջ է: Հայեր ջան, միավորվենք, ձեւակերպենք ու ընդունենք մեր քաղաքական դոկտրինան եւ բոլորին պարտադրենք այդ դոկտրինային համապատասխան մեր քաղաքական օրակարգը, դրանով Դանկո կաշխատենք մեր շատ սիրելի ժողովրդի մեծամասնության համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930