Երբ 2016-ի ապրիլին, ժամ առաջ հասանք ռազմաճակատ, վստահ էինք, որ կհաղթենք մահին ու հպարտ կվերադառնանք։ Մեկնելուս օրը, Հ1-ի լրագրողի հարցին պատասխանելիս, մի այսպիսի միտք ասացի. «Գնում եմ, որ պապիս ու հորս վրեժն առնեմ, ու թեթեւացնեմ որդուս հոգսը, չթողնեմ, որ իմ կիսատը նրան բաժին հասնի ու, որ իր հերթին չսպասի այսուհետ»։ Հիմա, ստացվեց այնպես, որ ես խոստումս չկատարեցի ու այդ պատճառով էլ, տարիներ անց, հազարավոր հայորդիներ, իրենց արյամբ ջրեցին արյան ծարավ «վիշապ» հողը։
Տարիներ անց, նորից, կրկին դավադրություն տեղի ունեցավ ու այս անգամ էլ Անիի, Հալիձորի նման բացվեցին Շուշիի դռներն ու թշնամին առանց կրակոցի ներս մտավ ու այն գտավ դատարկ…
Հիմա, այդ օրից հետո, ամիսներ շարունակ, միտքս մթագնում է։ Այլեւս ինձ չե՜մ ներելու, որ խոստումս չկատարեցի:
Շատ եմ լսում թե.
-Մի՛ տրտնջա, հետ ենք բերելու:
Կարդացեք նաև
Ախր ինչպե՞ս, կասե՞ք իմանամ հետ բերելու եղանակը։
Այո՛, հետ ենք բերելու, բայց մեր որդիների հաշվին։ Իսկ ես, ինձ ա՞յ, հենց դրա համար էլ չե՛մ ներում, որ դա մե՛ր անելիք գործն էր, որ մենք չարեցինք, որ հերթը հասավ նրանց։ Այո՛, դա մե՛ր գործն էր, որը «կատարեցինք» անփութորեն ու հիմա հայացքներս հառել ենք ապագային, առանց անցյալը հիշելով: Մեր պապերը մեզ Հայրենիք թողեցին, հայրերն այն շենացրին, մե՞նք՝ կործանեցինք։ Ու հիմա, փլատակված երկիր ենք բաժին հանել մեր զավակներին ու նրանց հայացքի մեջ դժգոհություն կարդալով, փորձում ենք համոզելով՝ արդարանալ, թե հոգ մի արա, մենք միշտ էլ հանց փյունիք, հառնել ենք մոխիրներից։ Սա ասում ենք կասկածով, բայց դեմքի վստահ արտահայտմամբ, որ նրանց մեջ վախը սպանենք։ Կստացվի՞: Չգիտե՜մ: Բայց, որ մենք էլ, ես էլ, մյուսների նման իմ մեղքը բարդում եմ ուրիշների ուսերին, այ դա հաստատ է: Թող անիծվեմ զավակիս կողմից, որ մի կտոր խաղաղությունն իրեն ափսոս զգացի: Յոթնիցս անիծվեն բոլոր նրանք, ովքեր իմ ձեռքից խլեցին այն խաղաղությունը, որը խնամքով գրկել ու վազում էի դեպի զավակներս, որ վայրկյան առաջ շաղ տամ նրանց ոտքերի տակ:
Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
Հ.Գ. Մեր անսուրբ ու անհայրենիք լինելու պատճառով, մեր Ազգայինին զգուշորեն չմոտենալու պատճառով, մեր՝ Հայրենիք չճանաչելու եւ այն ատելու պատճառով, մեր լույսն ուրիշների խավարի հետ փոխանակելով, այսօր՝ պատժվելով պատժեցինք նաեւ մեր զավակներին ու նրանց ճակատագրին ավելացրեցինք եւ մեկ տող՝ հայրենազրկված ու ջախջախված մի լքված ազգ, ժողովուրդների մեջ:
Փա՜ռք նրան, ով գերությունից կարձակի այս հնամենի ազգն ու դեպ ազատ Մասիս կառաջնորդի։
«Առավոտ» օրաթերթ
05.04.2022