Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Ապրիլ 06,2022 14:00

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Խաչիկ Մարոզյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենց է դիմել 87-ամյա կենսաթոշակառու: Նրա խնդրանքով չենք հրապարակում տատիկի անձնական տվյալները, վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքի հասցեն: Տարեց կինը հայտնել էր, որ թոռնուհին, 2020թ. օգոստոսին, իր երեխայի նպաստի հարցը լուծելու, այդ պատճառաբանությամբ՝ հաշվառվելու համար, մոլորեցնելով տատիկին, նրան տարել է նոտարական գրասենյակ, որտեղ ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրել է: Տատիկը տեղեկացված չի եղել, թե ինչ փաստաթղթի տակ է ստորագրում: Հետագայում պարզվել է, որ թոռնուհին խաբել է նրան, եւ ստորագրել է տվել անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրի տակ, որի հիմքով նա դարձել է բնակարանի 1/3-րդի սեփականատերը:

Տատիկն ասել է, որ ինքը առքուվաճառքի պայմանագիրը չի կարդացել, ակնոց չլինելու պատճառով չի կարդացել փաստաթղթերը, որոնց տակ ստորագրել է, իսկ եթե պայմանագիրը կարդացվեր բարձրաձայն եւ նոտական գրասենյակում ինքը լսեր «առքուվաճառք» բառը, կհասկանար գործարքի իմաստը: Տատիկը իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել էր, որ երբ մտել են, «պետնոտարը» փաստաթուղթ է դրել սեղանի վրա, ասելով՝ ստորագրի, երբ ստորագրել էր, հարցրել է՝ «տատի, չե՞ս զղջա», ինչին պատասխանել է. «Չէ, տղա ջան, ինչի պիտի զղջամ»:

Տատիկի մտքով չի անցնի, թե թոռը կարող է իրեն խաբել, քանի որ իր համար մի բան է եղել պարզ. թոռանը հաշվառում է, որպեսզի նա նպաստ ստա: 2021թ. սեպտեմբերի 21-ին, երբ օրինական ժառանգ տղաները բնակարանը վաճառելու հարցով են զբաղվել, անձնագրային բաժին դիմում են ներկայացրել, որպես օրինական ժառանգների, պատասխանել են. «Անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է ձեր եւ թոռնուհու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը», դրանից ելնելով մերժել են թոռնուհուն հաշվառումից հանելու դիմումը:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մալաթիայի անձնագրային բաժանմունքից գրությունը ստանալուց հետո է տատիկն իմացել, որ ինքն, ըստ էության, խաբեության զոհ է դարձել: Տղաների հետ փորձել է խոսել թոռնուհու հետ, սակայն նա ասել է. «Դիմեք դատարան, քաղաքակիրթ ձեւ կա, դուք չգիտեք, դեռ ինչ թղթեր կան»:

Ի դեպ, տղաները մինչ այս ամենը փնտրել էին բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, սակայն չէին գտել, իսկ երբ զանգել են թոռնուհուն, քանի որ նա տատիկի մոտ էր բնակվել մի ժամանակ, կարծելով նա կիմանա տեղը, վերջինս պատասխանել է՝ «Չեմ բերի, բերեմ, որ գրանցումից ինձ հանե՞ք»:

Իրավապաշտպան կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն, խնդրելով հարուցել քրեական գործ, պատժել մեղավորներին, վերականգնել սոցիալական արդարությունը: Իրավապաշտպան կազմակերպության հաղորդման մեջ ակնարկվում է նոտարի կողմից «հանցավոր անփութություն» հանգամանքի մասին նույնպես: Խաչիկ Մարոզյանի գնահատմամբ՝ մենք գործ ունենք թոռնուհու կողմից «մելամաղձոտ գայթակղությամբ օժտված հանցավոր նկրտումների» հետ, որն ուղղված է եղել տատիկի գույքը ձեռք բերելուն:

Արժե հիշեցնել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային մի որոշման մեջ վերլուծել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը՝ խարդախությունը, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու հանցակազմը: Մասնավորապես, խարդախության հանցակազմի իրավական վերլուծությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լ. Ավետիսյանի եւ Վ. Մաթեւոսյանի գործերով կայացրած որոշումներում: Լ. Ավետիսյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձեւավորել այն մասին, որ. «Խարդախությունը դասվում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես՝ հափշտակությունների շարքին: (…) Թեեւ խարդախության պարագայում առկա է գույքի սեփականատիրոջ կողմից հանցագործին գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու կամային ակտ, սակայն գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու ակտի կամային բնույթը սեփականատիրոջ գիտակցության եւ կամքի վրա հանցագործի ունեցած ներգործության հետեւանք է»: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի իմաստով վերոնշյալ հանցավոր ներգործությունն իրականացվում է խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով:

Այսինքն՝ օբյեկտիվ կողմից խարդախության հանցակազմը դրսեւորվում է կատարման հատուկ եղանակով՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով: Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ եւ շահադիտական նպատակով: Ըստ դատարանի. «Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձեւով. հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաեւ պետք է նախատեսի եւ ցանկանա դա: Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաեւ շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչեւ գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930