Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոմա. Կրակե օղակը» տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել

Ապրիլ 06,2022 13:30

Ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն ու դիրիժոր Կարեն Դուրգարյանը կանդրադառնան Տերտերյանի ինտրիգային գործին

«Առավոտը» չի հիշում մի դեպք, երբ համացանցում՝ նաեւ արտասահմանում բնակվող մեր արվեստագետների մասնակցությամբ, բուռն քննարկվի երեւանյան որեւէ բեմադրություն, որի պրեմիերան դեռեւս չի կայացել։ Խոսքը Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» բեմադրության մասին է, որի պրեմիերան Ազգային օպերային թատրոնում կկայանա ապրիլի 14-ին։

Ընթացող քննարկումներում տեղ են գտել Չարենցին աթեիստ որակող գրառումներ։ Դրանց հեղինակներին հավանաբար հայտնի չէ, որ հայ հանճարեղ, բացառիկ անհատականություններից մեկի՝ Չարենցի դիմանկարի վերծանումը չարենցագիտության մեջ տարակարծությունների, հակասական մեկնաբանությունների, բուռն բանավեճերի տեղիք են տվել միշտ։ Գրառումների մի ստվար մաս էլ ուղղված է օպերային թատրոնին, թե ինչու է դիրիժոր, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը անդրադարձել հենց այս գործին, մի մասն էլ տարակուսում է, թե ինչու է «Սոման» հայտնվել «Կրակե օղակի» հայտագրում։ Ի դեպ, կարծիքներ էլ կան, որոնք գտնում են, թե հայտագիրը տպավորիչ է եւ ներկայացնում է հենց Չարենցի Սոմային, որը «Արշալույսների սրբազան արգանդն է, ոգու Ծիր Կաթինը։ Ազատություն է եւ ոգու խնդում… Կյանքը դառնում է կրակ, ամբոխները զրահապատ ծափ են զարկում ու պարում եւ ամեն մարդ ջահ է դառնում կրակապաշտ աշխարհում…»։

Այն, որ Տերտերյանի երաժշտությունը «դժվարամարս» է նույնիսկ երաժիշտների համար, ժամանակին մեզ հայտնել է երջանկահիշատակ անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանը, երբ նրան խնդրել էինք հակիրճ ներկայացնել Տերտերյանի ստեղծագործական դիմանկարը. «…Նրա երաժշտությունը հասկանալու համար մե՜ծ ժամանակաշրջան է պահանջվում. խոսքը տասնամյակների մասին չէ, այլ դարերի։ Տերտերյանը 20-րդ դարի հանճարներից է, որի երաժշտության մասին կարելի է կարծիք հայտնել, ասենք՝ 21, 22-րդ դարերում։ Նրա երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ, որը իր նորարարական խիզախությամբ, հայկական հոգեւոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք է ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում։ Էլ չեմ խոսում նրա երկու օպերաների մասին…»։

Վերադառնանք «Կրակե օղակին»։ Այն առաջին անգամ բեմադրվել է 1967թ.։ Լիբրետոյի հեղինակն էր Վ. Շահնազարյանը՝ ըստ Վ. Լավրենյովի «Քառասունմեկերորդը» պատմվածքի, Չարենցի «Ամբոխները խելագարված» եւ «Սոմա» պոեմների ու բանաստեղծությունների, ռեժիսորներն էին՝ Լ. Միխայլովը, Վ. Բագրատունին։ Բեմադրող դիրիժորներն էին Ա. Քաթանյանն ու Հ. Տերտերյանը, նկարչական ձեւավորումը Մինաս Ավետիսյանինն էր, պարերը բեմադրել էին Վ. Խանամիրյանն ու Վ. Գալստյանը, խմբավարն էր Ռ. Այվազյանը։ Պրեմիերայից հետո ներկայացումն այլեւս բեմ չի բարձրացել։ Իսկ թե ինչու, արվեստաբան Սերգեյ Առաքելյանը ընդամենն ասաց, որ Չարենցի դուստրը՝ Արփենիկ Չարենցը հանդես է եկել ջախջախիչ հոդվածով, ինչպես ասում են՝ քարը քարին չթողնելով։ Տարիներ անց՝ 1979-ին, Տերտերյանի հիշյալ օպերային՝ «Դեպի արեւն էին գնում», ըստ Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի, անդրադարձել են ռեժիսոր Տիգրան Լեւոնյանն ու դիրիժոր Արամ Քաթանյանը։ «Թեեւ երկար տարիների կյանք չի ունեցել ներկայացումը, բայց Արփենիկ Չարենցը դարձյալ հանդես եկավ հոդվածով, որտեղ գրել էր, թե այդ բեմադրությունում արդեն Չարենցն էր՝ ըմբոստ, մարտնչող, եւ պոեմի ոգին, ուժը զգաց հանդիսատեսը,- պատմեց Սերգեյ Առաքելյանը, ներկայացնելով մի հետաքրքիր դեպք։ – Պրեմիերային ներկա էր գրականագետ, թատերագետ, ակադեմիկոս Լեւոն Հախվերդյանը, որը լսելով կուլիսներից հնչող պոեմի որոշ հատվածներ, կարծել է, թե ասմունքում է Վլադիմիր Աբաջյանը։ Տիգրանին շնորհավորելով նա ասաց՝ ինչ լավ է, որ ընտրել ես Աբաջյանին, այնինչ հատվածները կարդում էր հենց Տիգրան Լեւոնյանը»։

Երրորդ անգամ «Կրակե օղակը» 2014թ. Շուշիում բեմադրեցին վաղամեռիկ կինոռեժիսոր Մարիա Սահակյանը եւ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը։ Իսկ թե ինչու այն երբեւէ չբարձրացավ օպերային թատրոնի բեմ, ինչպես ասում են՝ այդ մասին պատմությունը լռում է։ Մաեստրո Ասատրյանը, որը հայտնի է որպես Տերտերյանի երաժշտությունը ամենաշատը մեկնաբանած դիրիժոր, երբ նրան փոխանցեցինք Տերտերյանի արվեստի մասին Արաքսի Սարյանի վերը նշված խոսքը, թե կոմպոզիտորի երաժշտությունը գալիք դարերի համար է, ասաց. «Բացարձակ համաձայն չեմ։ Տարիների ընթացքում մեկնաբանելով Տերտերյան, եկել եմ այն եզրահանգման, որ լինելով ռեալիստ կոմպոզիտոր, նա խոսում է կոնկրետ իրավիճակների մասին եւ մարդը պետք է պատրաստ լինի այդ ամենը տեսնելու։ Խոսքս աշխարհի իրական, մետաֆիզիկական պատկերի մասին է։ Ինչ վերաբերում է հանդիսատեսին, նա երբեմն ինտուիտիվ հստակ ընկալում է կոմպոզիտորի երաժշտությունը»։

Ի դեպ, նոր՝ «Սոմա. Կրակե օղակը» իրականացնում է ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը, երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, պարերի բեմադրությունը՝ Արա Ասատուրյանինը, մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի եւ մենակատարների։ Պրեմիերան նախատեսված է ապրիլի 14-ին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.04.2022

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930