Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանաստեղծը՝ «Աստղափոշին ձեռուոտին». Գագիկ Դավթյանի ծննդյան 75-ամյակն է

Ապրիլ 06,2022 13:00

«Չեմ հասցրել թափ տալ անգամ աստղափոշին ձեռուոտիս»,- իր ստեղծագործություններից մեկում գրում է Գագիկ Դավթյանը։ Նրա ստեղծած գրականությունն իր երազ-հույսերի, ճամփեքի վրա անթաղ թողած կարոտների, տողատակերում ծպտյալ ապրումների, սիրո տիեզերական անդավ պահերի մասին է։ Քնարական պոեզիայի կողքին ունի նաեւ հայրենականչեր, հայոց պատմական անցյալին բանաստեղծական ծավալուն անդրադարձներ, որոնցով պանծացնում է ազգի անկոտրում ոգին եւ ստեղծածար էությունը։

Բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանն իր ապրած յոթանասունհինգ տարիներից շուրջ հիսունհինգը նվիրել է բանաստեղծությանը։ Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Մենախոսությունը», լույս է տեսել 1980-ին, «Վերադարձը»՝ յոթ տարի անց։ 1990-ականների կեսերին հիմնադրել եւ խմբագրել է «Սյունիք» տպագիր պարբերականը։ Գրական գործունեության արգասիքն են «Անվերջ սկիզբ», «Որպես լույս ու խիղճ» ժողովածուները, «Վարք Բաբիկի՝ որդվո Սյունյաց իշխան Անդովկի» պոեմը, ֆրանսերենով («Անհնարին զրույց»), ռուսերենով («Ժամանակների ժամադրություն»), վրացերենով («Բաց նամակ», «Արեւն ու մենք»), լեհերենով («Աստանդական սիրտը»), բուլղարերենով («Հոգու շառավիղներով»), սերբերենով («Վեճ Հոբի հետ») գրքերը։ Նրա քերթվածքները թարգմանվել են տասնվեց լեզուներով։ Հեղինակն է թարգմանությունների, որոնք լույս են տեսել առանձին գրքերով կամ անթոլոգիաներում՝ Տասոս Լիվադիտիս, Մաղվալա Գոնաշվիլի, Ռաբինդրանաթ Թագոր, Միխայիլ Լերմոնտով, Ալեքսանդր Բլոկ, Ցիպրիան Կամիլ Նորվիդ, այլք։

ՀԳՄ, Վրաստանի գրողների ստեղծագործական միության, Բուլղարիայի Անկախ գրողների միության անդամ է, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, պարգեւատրվել է Պոեզիայի եւ արվեստի եվրոպական «Հոմեր» մեդալով եւ այլն։ Իր պոեզիայից մի քանի տող մեջբերելով՝ փորձենք արժեւորել հեղինակի՝ ինքնանվիրման, ինքնակեղեքման միջոցով կատարելության հասնելու ձգտման գաղափարները։ Իր անձի ներքին մաքրագործման ճանապարհը հասցեագրված է մարդկությանը, ոգեղենության հորդոր է, աղերս:

Լինի սիրո երգ, թե հայրենիքի, բնությանը ձոն, թե իմաստնախոսություն, պարունակում են հեղինակի խորհրդածություններն ու հորդորները, ուստի խոհականությունն է ամենից ավելի բնորոշիչ նրա բանաստեղծական արվեստին: Նրա խռովքները, խորհրդածությունները հաճախ են ընդմիջվում բնության բանաստեղծական «գեղանկարներով»:

Ահա նրա քնարական պատկերներից մեկը.
«Քնկոտ աչքերով արշալույսը պաղ
թափանցիկ, աննյութ մառախուղներից
պսակ է հյուսում լեռնապարերին…
Օդը հավատի փառաբանության
մեղեդիներ է նվագում նորից
ճառագայթների շեկլիկ լարերին…»:

Նման գեղապատկերներ Գ. Դավթյանն ունի թե՛ առանձին բանաստեղծություններում, թե՛ «Վարք Բաբիկի» պոեմ-վիպերգում, որում հարակցվում են իրական դեպքերն ու առասպելը։ Բանաստեղծն այս պոեմով իր ժամանակակիցներին հերոսականության եւ հայրենիքին նվիրվածության նոր օրինակներ է տալիս: Տասնվեցդարյա վաղեմության պատմական դրվագները գեղարվեստական խոսքով եւ լայն ծավալով ներկայացնելով՝ կերտում է կերպարներ, որոնք, չնայած հայ ազգին պատուհասած աղետներին, օտար նվաճողների ասպատակությունների հետեւանքով հայոց բնակավայրերի դատարկվելուն, հուսաբեկ չեղան, չհաշտվեցին օտարությունում ապահով ապրելու հեռանկարի հետ, ընտրեցին սեփական անձը վտանգելու գնով հայրենի արժեքները վերադարձնելու, մայր հողի վրա սերնդագործելու եւ արարելու իրավունք ձեռք բերելու ուղին:

Գագիկ Դավթյանի բանաստեղծությունն ու թարգմանական արվեստն անչափ միաձույլ են: Նրա բարձրարվեստ թարգմանություններում պահպանվում է հեղինակային տեքստերի զգայականության շերտավորումը, գտնվում են բառին ու տողին համահունչ հոմանիշներն ու համաչափը: Իր թարգմանած գրքերից առանձնացնում եմ սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչի «Ներիր հրեշտակ» բանաստեղծությունների ժողովածուն, հզոր աշխատանք է դավթյանական թարգմանությամբ Թագորի գիրքը: Գագիկ Դավթյան թարգմանիչն իր բանաստեղծական բարձունքին է՝ այլալեզու հեղինակների գործերը հայալեզու դարձնելիս, եւ նրա արվեստի ու վարպետության մասին կարելի է դատել նաեւ իր թարգմանություններով:

Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930