Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոն հաճելի է ճանաչում բերելու առումով, թատրոնը ոտքից գլուխ հաճույք է»

Ապրիլ 06,2022 12:30

Ասում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, «Արտավազդ-2022» մրցանակակիր Էդգար Քոչարյանը

– Ինչքանո՞վ եւ ինչո՞ւ եք կարեւորում թատրոնն այսօր հայ մարդու կյանքում։

– Թատրոնը գրեթե սկսել է մարդու գոյության հետ՝ 1000 տարվա տարբերությամբ ու ծնվել է ըստ անհրաժեշտության։ Նա հորինովի բան չէ՝ անհրաժեշտություն է, ուստի ժամանակները չեն կարող նրան իրենց շավղից դուրս նետել եւ իր ասելիքն ունի նաեւ այսօր։ Գուցե մեծ տարբերություն չկա, թե որ ազգի համար ինչ կարեւորության աստիճան ունի, բայց այնուհանդերձ, եթե տեղայնացնենք, այն կարող է մի քիչ թեթեւացնել, մի կարճ ժամանակով գողանալ մարդուն իր իրականությունից, կտրել ներկա բազում խնդիրներից եւ տանել այլ աշխարհներ։

– Այս տարի արժանացաք «Արտավազդ-2022» մրցանակի` որպես երկրորդ պլանի լավագույն դերասան: Ի՞նչ տվեց ձեզ այդ մրցանակը:

– Հաղթանակ՝ ինքդ քո հանդեպ։ Մի կողմից քննություն ինքդ քո համար, որ կարող ես աճել մասնագիտական շրջանակներում, մյուս կողմից՝ հաճելի եւ սպասված գնահատական։

– Բնականաբար, թատրոնը բարդ օրգանիզմ է, քան կինոն։ Ձեր ընտրությունը միանշանա՞կ է…

– Հենց սկզբից՝ մանուկ հասակից, արվեստում գրավել ու իր հետեւից տարել է կինոն։ Երազում էի դառնալ կինոդերասան։ Հետո, երբ եկավ գործնական քայլերի ժամանակը, հասկացա, որ միջոցը թատրոնն է։ Ա՜խ այդ միջոցը, որ ճանապարհին կախարդեց ու գրավեց կինոյի տեղը։ Կինոն հաճելի է միայն ճանաչում բերելու առումով։ Թատրոնը ոտքից գլուխ հաճույք է՝ սկսած ընթերցումից, մինչեւ բեմ բարձրանալ եւ խաղալ հանդիսատեսի համար եւ հետ։

– Վերջին շրջանում հիասթափություններ ունեցե՞լ եք ստեղծագործական ոլորտում։

– Վերջին շրջանում հիասթափություններ շատ են եղել, բայց դա այդքան էլ կապված չի եղել ստեղծագործելու հետ։ Այդ առումով երջանիկ մարդ եմ, մեծ հաշվով՝ բողոքելու տեղ չունեմ։

-Ի՞նչն է անհանգստացնում ձեզ։

– Ամենամեծ անհանգստությունս մեր երկրի ապագան է։ Եթե հարցն ավելի նեղացնենք, տեղափոխելով իմ ոլորտ՝ թատրոնի ճակատագիրը։ Սոս Սարգսյանն ասում էր. «Քաղհան անող չկա, մոլախոտը կերել է ամեն ազնիվ բան»։ Վախենում եմ՝ էժան շոուներն ու նմանատիպ բաները իջեցնեն նշաձողը, ուշադրություն սեւեռելով իրենց վրա եւ զուգահեռ չունենալ այն հզոր թատրոնի մոդելը, որն իր տեղը եւ հետաքրքրությունը կպահի իր նկատմամբ։

– Մեր իրականությունն օգնո՞ւմ է ձեզ երազել ու գործել, կամ էլ` երազելով գործել…

– Երազող մարդը կոնկրետ տեսակ է, որին չի խանգարում ոչինչ, ոչ մի գորշ իրականություն։ Ավելին, այն խթանում է ավելին անել։ Ես արդեն դուրս եմ գալիս երազելու տարիքից, որովհետեւ երազելը մի քիչ պարապ գործողություն է, անհույս՝ եթե չի վերածվում նպատակի։ Պետք է դնել նպատակ եւ կամաց-կամաց ընդառաջ գնալ։ Շատ ճիշտ նշեցիք, երկու դեպքում էլ օգտագործելով «գործել» բառը. Իմ առաջ նպատակ եմ դնում եւ սկսում գործել…

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930