Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էջմիածնում` «Անմահության խորհրդով»

Ապրիլ 06,2022 12:00

Օրերս Էջմիածնի քաղաքապետարանի դահլիճում կայացել է «Անմահության խորհրդով» խորագրով համերգ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին: «Մենք արդեն երեք պատերազմ ենք ապրել ու քանի որ ապրիլյան քառօրյայի օրերն էին, ես պարտադիր պետք է սրտիս ու հոգուս թելադրանքով իմ խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցեի մեր քաջ հայորդիներին: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ խորհրդակցելուց հետո անմիջապես դիմեցինք քաղաքապետարան: Նպատակս էր, եւս մեկ անգամ հիշեցնելու մեր անմահացած հայորդիների սխրանքների մասին ու մեր խոնարհումը բերելու իրենց հարազատներին: Անմիջապես հավանության արժանացավ գաղափարն ու ընթացք ստացավ: Խաչիկ Մանուկյանի օգնությամբ խորագիրը ընտրվեց «Անմահության խորհրդով», ես էլ իմ համերգային ծրագիրը ներկայացրի, որը կրում էր մեր ազգային ժողովրդական ոգու ապրեցնող ուժը»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը:

Նրա ձեւակերպմամբ, նման միջոցառումներ կազմակերպելը մեծ պատասխանատվություն է պահանջում, քանի որ պետք է նաեւ նրբանկատ ու խորաթափանց լինել նման լսարանի առաջ հանդես գալուց առաջ. «Յուրաքանչյուր հայացք, քայլ, ժեստ, ներկայացված երգ, երաժշտություն, խոսք, պետք է լինի գրագետ ու բարձրակարգ»:

Մարիաննա Գեւորգյանը նշեց, որ միջոցառման սկիզբն ազդարարվել է Խաչիկ Մանուկյանի ազդեցիկ խոսքով ու Վաղարշապատի պարով տրվել ցերեկույթի մեկնարկը: «Երբ նվագեցի «Ղարաբաղի եղնիկը», Վաղարշապատից տեղափոխվեցինք Արցախ աշխարհ, երբ «Մարտիկի երգը» նվագեցի, մտքով թռանք զորամասեր, հուզվեցինք ու շարունակեցինք, Տրապիզոնցիների պարով ու այսպես շրջեցինք տիեզերական երաժշտությամբ` մեր հայրենիքով: Համերգի ողջ ընթացքում ինձ դաշնամուրով նվագակցում էր Հարություն Թագվորյանը:

Հնչեց Խաչիկ Մանուկյանից մի քանի ստեղծագործություն, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Վաչագան Մանուկյանի տողերը Հռիփսիմե Սարգսյանը հնչեցրեց քանոնի հնչյունների ներքո.

Ես էս որտե՞ղ եմ, ո՞վ գիտի, որտե՞ղ եմ հիմա,
Ի՞նչ եմ որոնում աշխարհի եղած-չեղածի ծիրում:
Ես էս ինչքա՞ն հարբեցի, որ ինձ կորցրի,
Ու ինչ-որ մռայլ, անհասցե վայրում երգեցի երգեր`
Կորուստի ձայնով, ինձանից անկախ, ավեր տաճարի աղոթավայրում:
Հուշերս վառեցի դաժան կրակով ու ինձ հանդիպած տխուր մի կարոտ
Կանչում էր հեռու` ինձ ներած ձայնով, որ փրկեր կյանքս ինչ-որ վտանգից…
Այդ մռայլ, սիրուն կարոտով տարված` ես շրջանցեցի ձայնը փրկության
Կյանքիս անորոշ խաչմերուկներում, որ ինձ չգտնի,
Որ այս քաոսում փրկեմ ամենքիդ ու ինձ մոռանամ…:

Ցերեկույթին ներկա էին Արցախյան պատերազմներում անմահացածների հարազատները, Վաղարշապատի համայնքային ղեկավարությունը` Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, կրթության ու մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:

«Ես փորձեցի այդ օրը ջերմությամբ լի երաժշտությամբ գոնե մի ժամով մարդկանց կտրել իրականությունից, ապրելու ուժ ու սեր տալ:
Անչափ հուզիչ էր այն պահը, երբ համերգի ավարտին սեւազգեստ ու ճերմակահեր մայրերն ինձ գրկել էին ու իրենց վիրավոր, բայց մեծ սրտից բխած խոսքերն էին ասում: Երբեք չեմ մոռանա այդ օրվա հույզերս»,-ասաց քանոնահարուհին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930