Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Երեւանը շտապում խաղաղության համաձայնագիր կնքել

Ապրիլ 06,2022 10:30

Ադրբեջանը «կարճ ժամկետներում փաստաթուղթ ստորագրելու» ակնկալիքներ ունի

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը մարտի 28-ին հրավիրած նիստում քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, այն գնահատեց խիստ լարված: Նշվեց, որ Ադրբեջանը՝ «փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ»: Սակայն, միեւնույն ժամանակ, Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ համարեց եւս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանին առաջարկեց՝ «անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»: Անվտանգության խորհրդի հայտարարությունում նաեւ ասվում էր, որ՝ «միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա եւ էթնիկ զտում թույլ չտալու համար»:

Երեւանի շտապողականությունը մի քանի օր անց վերահաստատեց նաեւ ՀՀ ԱԳ նախարարը: Հայաստանը պատրաստ է անմիջապես սկսել բանակցություններ Ադրբեջանի հետ` ամբողջական սկզբունքների հիման վրա Մինսկի համանախագահության շրջանակում, ապրիլի 3-ին Երեւանում իտալացի գործընկերոջ հետ հայտարարության ընթացքում նշեց Արարատ Միրզոյանը։ «Տեղեկացրել եմ, որ Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական եւ լրացրել ենք մեր առաջարկներով եւ բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունն անմիջապես սկսել բանակցությունները՝ այդ ամբողջական սկզբունքների հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», – ասաց նա։ «Ես ներկայացրել եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված քայլերի, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի քաղաքականության եւ այլ դրսեւորումների հետեւանքներով ստեղծված իրավիճակը: Կարծում ենք, որ միջազգային հանրությունը պատշաճ եւ հասցեական արձագանք պետք է տա ադրբեջանական կողմի այս գործողություններին եւ աջակցի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին», – հավելեց նա։ Ապա` Միրզոյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հստակ ու հասցեական արձագանքել են տեղի ունեցածին, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում էլ Երեւանը պատկերացնում է խաղաղ բանակցությունների հնարավորությունը Բաքվի հետ։ Միրզոյանը նաեւ հայտնեց, որ Ադրբեջանի՝ խաղաղության բանակցությունների 5 կետերին պատասխանել են՝ նշելով, որ դրանք ընդունելի են, բայց ոչ ամբողջական եւ պետք է լրացվեն։

ԵՄ երկրներից Հայաստանին ու Ադրբեջանին վերջին օրերին հորդորում են շտապել: Օրերս Երեւանում ԵԱՀԿ նախագահը՝ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն Երեւանին եւ Բաքվին կոչ արեց «բարեխղճորեն մասնակցել բանակցություններին»: ԵԱՀԿ հայտարարությունում, որը հաջորդեց Ռաուի հարավկովկասյան այցը, ասվում էր. «Լեհաստանը` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, վճռականորեն աջակցում է երկխոսությունը հեշտացնելուն ուղղված նախաձեռնություններին, որոնք անհրաժեշտ են տեղում լարվածությունը թուլացնելու համար»: Ըստ Ռաուի` ԵԱՀԿ-ն ակնկալում է առաջընթաց հրատապ հումանիտար հարցերում, ինչպիսիք են կալանավորների ազատ արձակումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը եւ պատմամշակութային վայրերի պաշտպանությունը: Նա ընդգծել էր ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դերը՝ առաջարկելով ընդլայնել նրա մասնակցությունը առկա խնդիրների լուծմանը։ Ռաուն նաեւ ողջունել էր Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ այս գործընթացը կարող է նպաստել կայունության բարելավմանը տարածաշրջանում: Երեւանում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը վստահեցրեց՝ ԵԱՀԿ-ն հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը:

Ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցությունների օրակարգում ընդգրկելու պաշտոնական Երեւանի առաջարկին Ադրբեջանից այդպես էլ չեն արձագանքել, սակայն ՀՀ ԱԽ նիստից հետո արված հայտարարությունից հետո հանկարծ, Ալիեւն էլ խոսեց, թե՝ «պետք է կարճ ժամկետներում ստորագրենք խաղաղության համաձայնագիրը»:

Ադրբեջանի նախագահը, ոչ ավել, ոչ պակաս հույս հայտնեց, որ ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը արդյունավետ կլինի։ Նա կրկնեց իր հայտնի դիրքորոշումը՝ «լուծել ենք հակամարտությունը, եւ այժմ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման ժամական է»։ «ԵՄ-ն հայտարարել է, որ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետի հետ նոր հանդիպում է կայանալու։ Հույս ունեմ, որ այն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում կայացել է եւ մենք պետք է շարժվենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, եւ կարճ ժամկետներում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանը ներկայացրել է իր սկզբունքներն ու տեսակետը»,- ասաց Ալիեւը։

Մենք պետք է հնարավորինս արագ ստորագրենք խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի հետ հանդիպմանը, վերահաստատեց դիրքորոշումն Ալիեւը՝ հավելելով, որ ըստ իրեն հասած ազդակների, Հայաստանն ընդունել է իրենց առաջ քաշած պայմանները: «Մենք որոշակի հաղորդագրություններ ենք ստանում Հայաստանի պաշտոնատար անձանցից: Ինչպես ինձ վերջերս հայտնեցին, այդպիսի հաղորդագրություններից մեկն այն մասին էր, որ նրանք մեր առաջարկն ընդունելի են համարում: Դա շատ լավ նորություն է, եւ ես հույս ունեմ, որ դա կհստակեցվի Բրյուսելի հանդիպմանը: Մեր կողմից ներկայացված հինգ սկզբունքներն արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը եւ պատշաճ միջազգային վարքագիծը: Ինչպես ասում են՝ մենք նոր հեծանիվ չենք հորինում: Այդ բոլոր սկզբունքները ցանկացած երկրների միջեւ միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներն են: Տարածքային ամբողջականության ճանաչում եւ միջազգային սահմանների անխախտելիություն, հետո սահմանազատում, կարծում եմ, որ այս հիմքի վրա Կովկասում խաղաղություն կլինի: Մենք դա ենք ուզում»,- ասել է Ալիեւը: Նա նաեւ նշել է, որ Բաքուն Հարավային Կովկասի երեք պետությունների գործակցության համար ներուժ տեսնում է: «Մենք ներուժ ենք տեսնում Հարավային Կովկասի երեք երկրների միջեւ ակտիվ գործակցության համար, եւ ես կարծում եմ, որ դա կարեւոր կլինի ոչ միայն այդ երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Իհարկե, այդ հարցերը պետք է լուծել շատ զգույշ եւ ժամանակին»,- ասել է Ալիեւը:

Այսպես, պաշտոնական Բաքուն, ինչպես ասում են, վերցրեց պաշտոնական Երեւանի ուղերձը, փաստելով, որ «խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանից լավ ուղերձներ են ստանում» եւ որ Ադրբեջանը նույնպես շտապում է՝ «կարճ ժամկետներում փաստաթուղթ ստորագրելու» հարցում:

Ամփոփումը՝ ավելի ուշ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 05.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930