Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են տարբերվում զանգվածային եւ «կետային» բռնաճնշումները

Ապրիլ 06,2022 15:00

Կաթոլիկ հավատաքննությունից մինչեւ ժամանակակից Հայաստան

Ինչի՞ համար են պետությունները դիմում բռնաճնշումների: Պատասխանները կարող են տարբեր լինել: Իշխանություն պահելուց մինչեւ երկրում կարգուկանոն հաստատելը: Եվ այդ պատասխաններն այս կամ այն երկրի դեպքում ճիշտ են: Բայց նման մեկնաբանությունների ժամանակ հաճախ բաց է թողնվում տնտեսական բաղադրիչը:

Ասելով բռնաճնշումներ (ռեպրեսիաներ)՝ ժամանակակից մարդկանց մի մասն առաջին հերթին հասկանում է կաթոլիկ եկեղեցու հավատաքննությունը: Ինչպես եւ շատ այլ հարցերում, այստեղ էլ իրականությունն ու միֆերը խառնվել են իրար: Կեղծ, չափազանցված պատկերացումները ձեւավորվել են սկզբից բողոքականների, իսկ այնուհետեւ լուսավորության շրջանի հեղինակների սարսափազդու քարոզչական «թրիլերների» ազդեցության տակ:

Մասնավորապես, Ջորդանո Բրունոն ազատամիտ հեղափոխական չէր, որին այրել են աթեիստական հայացքների համար: Նա դոմինիկյան միաբան էր, մի քանի անգամ ինքնակամ լքել էր միաբանությունը, բայց հետո վերադարձել եւ ներում ստացել: Զբաղվում էր սեւ մոգությամբ: Ձերբակալվել էր միանգամայն աշխարհիկ մեղադրանքով՝ կապված ժամանակակից լեզվով ասած՝ անշարժ գույքի մեքենայությունների հետ: Քննությունը, որը վարում էր կարդինալների խորհուրդը, տեւեց ութ տարի, որի ընթացքում Ջորդանոն առանձնապես նեղություններ չէր կրում: Վերջում խորհուրդը միաբանին առաջարկել էր ապաշխարել, բայց նա հրաժարվել էր, եւ միայն դրանից հետո՝ ողջակիզվել (ասվածից, բնականաբար, չարժե հետեւություն անել, որ մարդկանց ողջակիզելը ճիշտ պրակտիկա է):

Նշանավոր գիտնական Գալիլեո Գալիլեյին ոչ ոք մահապատժի չէր ենթարկել, ինչպես շատերն են կարծում: Նա մահացել է իր մահով՝ չափազանց պատկառելի տարիքում: Գալիլեյը ներգրավված էր բազմաթիվ քաղաքական խարդավանքների մեջ, գրում էր քաղաքական պամֆլետներ Հռոմի պապ Ուրբանոս 7-րդի դեմ, որն, ի դեպ, իր ընկերն էր համարվում: Այնուամենայնիվ, մեղա գալուց հետո, ներում էր ստացել, զրկվել էր Պադուայի համալսարանում դասավանդելու իրավունքից, եւ իր կյանքի վերջին տարիներն անցկացրել էր տնային կալանքի տակ՝ Սուրբ Աթոռից ստանալով սոլիդ թոշակ: Ապաշխարելուց հետո նա երբեք չէր ասել, որ երկրագունդն, այնուամենայնիվ, պտտվում է, դա նույնպես բողոքական քարոզչության «ֆեյքնյուզ» է:

Այդքանով հանդերձ՝ կաթոլիկ եկեղեցու կողմից բռնաճնշումներ իրականացվել են, մարդկանց խոշտանգումներ նույնպես կիրառվել են՝ գուցե ոչ այն մասշտաբով, որը մենք պատկերացնում ենք: Հիմքում, համենայնդեպս, 16-17-րդ դարերից սկսած, կաթոլիկների եւ բողոքականների պայքարն էր, որը, բնականաբար, քաղաքական էր (պետությունների միջեւ եւ պետությունների ներսում), բայց նաեւ՝ տնտեսական՝ ասպարեզից աստիճանաբար հեռացող ավատատերների եւ ավելի մեծ իրավունքներ պահանջող բուրժուազիայի միջեւ:

Արդյո՞ք այդ հալածանքները կարելի է զանգվածային կոչել: Մասնագետները բացատրում են, թե ինչով են տարբերվում զանգվածային բռնաճնշումները «կետայիններից»: Խնդիրը ոչ այնքան հետապնդվող մարդկանց թիվն է, որքան թիրախներ ընտրելու սկզբունքը: «Կետայինի» դեպքում բռնաճնշումների են ենթարկվում նրանք, ովքեր հակադրվում են տվյալ ռեժիմին կամ իշխող գաղափարախոսությանը: Ինչպես որ դա ցանկացա՛ծ, ոչ միայն կաթոլիկ հավատաքննության դեպքում է: Զանգվածային բռնաճնշումների թիրախը մարդկանց այս կամ այն խումբն է՝ անկախ այդ խմբի ներկայացուցիչների քաղաքական վարքագծի: Օրինակ՝ երկրի կրթված բնակչությունը կամ, ասենք, հրեաները: Հենց այդ հատկանիշներով էին ստալինյան Խորհրդային Միությունում եւ նացիստական Գերմանիայում իրականացվում զանգվածային բռնաճնշումները:

Բայց ուշադրություն դարձրեք՝ դրա համար անհրաժեշտ է տնտեսապես շահագրգռված խավ, որը պատրաստ է փոխարինել հետապնդվող խմբին: Ասենք, եթե ձերբակալվում եւ աքսորվում են քաղաքում ապրող մտավորականները, ապա նրանց բնակարաններն են զբաղեցնում գյուղերից եկած երիտասարդները: Այդպես է, օրինակ, Բելառուսում հիմա, որտեղ վերոհիշյալ երիտասարդները համալրում են հատկապե՛ս ոստիկանության շարքերը: Որքան մեծ խանդավառությամբ են նրանք ծեծում ցուցարարներին, այդքան մեծ շանսեր ունեն քաղաքում բնակարան ստանալու:

Ռուսաստանում եւ Հայաստանում նման երեւույթներ չկան: Բռնաճնշումներն այստեղ կետային են՝ ուղղված ռեժիմի դեմ հանդես եկողներին: Ողջունո՞ւմ ես «հատուկ գործողությունը», կո՞չ ես անում ոչնչացնել «բենդերական ֆաշիստներին»՝ շատ լավ, քո «հայրենասիրությունը» այս կամ այն ձեւով կվարձատրվի: Սա՝ Ռուսաստանում: Իսկ մեզ մոտ՝ Ֆեյսբուքում ու հարցազրույցներում մերկացնո՞ւմ ես նախկին «թալանչիներին», շատ ապրես, գուցե քեզ պաշտոն կամ պատգամավորի մանդատ տան, բայց եթե ձայն չես հանում, ընդհանրապես քաղաքականությամբ չես հետաքրքրվում, ապա քեզ ոչ ոք ձեռք չի տա: Բռնաճնշումներն, այսպիսով, կետային են:

Ի՞նչ նպատակներ են հետապնդում բռնաճնշումները Հայաստանում: Դարձյալ կարելի է ասել՝ տարբեր: Բայց այստեղ նույնպես եկեք չմոռանանք տնտեսական շահերը: Օրինակ, նպատակ է դրվում, որ Առուշ Առուշանյանը կամ Մամիկոն Ասլանյանը չլինեն համայնքապետ: Թվում է, թե նպատակը զուտ քաղաքական է: Մասնավորապես, համայնքապետերը կարող են նպաստել կամ չնպաստել իշխանության վերարտադրությանը: Բայց տակը դարձյալ տնտեսություն կա՝ համայնքային բյուջեն եւ տեղական բիզնեսներին տիրանալու հարցը: Դա էլ մերօրյա «սեւ մոգությունն» է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930