Երկրապահ կամավորականների միությունն այս օրերին հանրապետության բոլոր տարածքային կառույցներում հանդիպում-ժողովներ է կազմակերպում։ Նպատակը տարին ամփոփելն ու փոփոխությունները ներկայացնելն է։ Միությունը 76 կառույց ունի ողջ հանրապետությունում։
«Երկրապահը ոչ մի իշխանության կցորդ չի դառնալու։ Երկրապահը կանգնելու է պետության ու հատկապես բանակի կողքին»,-ասաց Սասուն Միքայելյանը։
Փոփոխություններ են կատարվել վարչության կազմի մեջ, մաքրվում են ցուցակները, փոխվում են անդամատոմսերը։ «Ոչ թե նպատակը Մանվել Գրիգորյանի ստեղծած անդամատոմսերի ձեւը փոխելն է ու իմ կողմից ստեղծածը դնելը, այլ միության մեջ այնպիսի մարդիկ են, որոնք կապ չունեն ու չեն ունեցել Երկրապահի հետ։ Զտում ենք մեր կառույցը»,-նշեց ԵԿՄ նախագահը։
Կարդացեք նաև
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խոսքով, միությունը պետք է երիտասարդացվի ու բավականին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Զինակիցներին Սասուն Միքայելյանը հորդորեց մի կողմ թողնել քաղաքականությունը, մեջներից հանել ամեն ինչ ու համախմբվել։ « Մի քիչ խելոք լինենք ու համախմբվենք։ Թողնենք մեր քաղաքական խաղերը, ամբիցիաներն ու համախմբվենք պետության շուրջը»,-ասաց Սասուն Միքայելյանը։
Վերջինս նշեց, որ պայմանավորվածություն ունի պաշտպանության նախարարության հետ, որպեսզի երկրապահները եռամսյա հավաքների չկանչվեն։ «Մենք ունենք հնարավորությունները կրակային ու շարային պատրաստականություն անցնելու, անում ենք ու այդպես ավելի կպատրաստվենք»,-համոզված է ԵԿՄ նախագահը։
ԵԿՄ հավաքին հրավիրված էին նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ Սյունիքի մարզպետը 12 տարեկան էր, երբ սկսվեց արցախյան առաջին պատերազմը։ «Հիշում եմ՝ ասում էիք՝ երկրապահը գնաց, երկրապահը եկավ, երկրապահ բառը բոլոր երեխաներին ոգեշնչում էր։ Ցավոք սրտի, տարեցտարի այդ ոգեւորությունը նվազեց, այդ ոգեւորությունը, չգնահատեցինք այնպես, ինչպես պիտի գնահատեինք, հիմա ունենք այն ինչ ունենք»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը՝ ավելացնելով, որ «պատմությունը ինչքան մեզ դաս է տալիս, էլի մենք չենք խրատվում»։
Նրա խոսքով պիտի միասնական լինենք ու հայրենասիրության զգացումը բարձր պահենք։ «Համոզված եմ, որ Սասուն Միքայելյանին կհաջողվի վերականգնել Երկրապահի նկատմամբ ժողովրդի վստահությունը, պառակտում չի լինի, մենք համախմբված կլինենք, իսկ հրամանատարներն արդեն կասեն՝ թե ոնց հաղթենք թշնամուն»,-իր խոսքը եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը։
Սասուն Միքայելյանի որոշմամբ, ԵՄԿ Կապանի բաժանմունքի նախագահ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հրայր Եփրեմյանը։
Նշենք, որ երկրապահների հավաքին մասնակցում էր Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ մազային կառույցի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ