Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խայտառակությունից ո՞ւր փախնենք․ տանը որ «տառական» ու «կռիս» են հայտնվում, տնից փախնո՞ւմ եք»․ Մամիջանյանը՝ արտագաղթողներին

Ապրիլ 05,2022 21:12

«Շուշիի, Հադրութի, Քարինտակի, Մարտունու, Ասկերանի գյուղերի իմ քույրերի եւ եղբայրների հետ ուզում եմ զրուցել՝ բոլոր նրանց, ում աչքերի մեջ նայելիս  իշխանությունը ստում է, չի համարձակվում ասել, որ հայրենիքն օկուպացված է»,-խորհրդարանական ընդդիմության՝ Ազատության հրապարակում այսօր հրավիրած հանրահավաքի ժամանակ  հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Վախենում են օկուպանտից՝ սխալվում են․ պետք է վախենալ նրանցից, ովքեր 2 ու դեռ շատ անգամներ ծնկի են բերելու օկուպանտներին։ Շուշիի մայր տաճարի կամարների տակ աղոթած ու Հադրութում գերեզման թողած հայրենակիցներիցս պետք է վախենան։ Հերոս-զավակների պահած հողը կտոր-կտոր ծախում են։ Իրենց բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս։ Ծախում են դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես թե բոլորիս փրկություն են բերել, մի բան էլ մեր վրա են մուննաթ գալիս»,-հավելեց նա։

Մամիջանյանի խոսքով՝ պայքարից հիասթափված մարդիկ միաժամանակ հասկանում են, որ Արցախի հարցի լուծման բանալին ոչ Վաշինգթոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Մոսկվայում, այլ Երեւանում․ «Մեր ընկերները հոգնել են անհաջողությունից։ Մեզ դժվար են հավատում։ Կներեք, բայց դուք ինքներդ ձեզ պիտի հավատաք։ Գուցե ընդդիմությունը շատ սխալներ ունի, բայց ճանապարհից հետ կանգնելու տարբերակ չկա։ Հայրենիքի համար պայքարելիս ճամփի կեսից հետ չեն կանգնում»։

Պատգամավորը դիմեց նաեւ երկրից ճարահատյալ արտագաղթողներին․ «Դուք հասկանում եք, որ Փաշինյանը ձեռ է տալիս բոլորին, բացի հայերիցս։ Հասկանում եք, բայց չեք հավատում, թե ինչ հզոր ուժ ենք մենք։ Համ էլ, մեր խայտառակությունից ո՞ւր պիտի փախնենք։ Ձեր տանը որ «տառական» ու «կռիս» են հայտնվում, տնից փախնո՞ւմ եք։ Չէ՜՝ քշում եք դրանց»։

Հայկ Մամիջանյանը դիմեց նաեւ նրանց, ովքեր 2018թ․-ին ասում էին «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք», ովքեր ուրախացան «սեփական կետից» բանակցություններ սկսողից․ «Ասում էր, թե առանց Արցախի բանակցային սեղանին չի նստի։ Չորս տարի անցավ․ ոչ միայն Արցախը բանակցային սեղանին չի, այլեւ Հայաստանը։ Առանց մեզ որոշում են մեր ապագան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930