Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից». Իշխան Սաղաթելյանը համամիտ է ԱՀ խորհրդարանի պատգամավորների հետ

Ապրիլ 05,2022 21:33

«Քիչ առաջ Արցախի խորհրդարանը գումարել էր արտահերթ նիստ եւ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ շատ հստակ ասվում է, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Արցախի ճակատագիրը որոշելու համար: Հայտարարությունում նաեւ ասված է, որ Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից: Եկեք այսօր այս հրապարակում միասնաբար հայտարարենք, որ տեր ենք Արցախին, տեր ենք Հայաստանին, տեր ենք ՀՀ ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- այսօր Ազատության հրապարակում, ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր պատմական օր է, որովհետեւ «այսօր ձեր ներկայությամբ, վճռականությամբ ապացուցեցիք եւ վերջնականապես փակեցիք այն խոսակցությունները, որ հայ ժողովրդին չի հետաքրքրում Արցախը, որ մենք համակերպվել ենք այս իրավիճակին»: Այսօրվա հանրահավաքով, ըստ նրա, սկիզբ դրվեց հայ ժողովրդի պարտության էջի փակելուն:

«Եկեք միասնաբար հայտարարենք, որ ցանկացած իշխանություն որը կշեղվի մեր կենսական պահանջներից, ուղարկելու ենք գրողի ծոցը: Նման իշխանությանը մեր ժողովուրդը ունի լեգիտիմ իրավունք հակազդելու, գետին տապալելու եւ երկրի ողնաշարը շտկելու: Այսօր մենք այստեղից արձանագրեցինք, որ տեր ենք Արցախին, Հայաստանին եւ ամենակարեւորը՝ պատրաստ ենք պայքարել ու պաշտպանել մեր հայրենիքը: Դուք այսօր ձեր վճռականությամբ ասում եք մեկ կարեւոր բան՝ այս իշխանությունները չունեն ժողովրդի կողմից մանդատ՝ խաղաղության կեղծ եւ հիմար լոզունգների տակ երկիրը տանելու նոր զիջումների»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ պատերազմից հետո թշնամին շարունակում է ագրեսիան ՀՀ-ի ու Արցախի դեմ, իսկ գործող իշխանությունը ժողովրդին պատրաստում է նոր զիջումների. «Ասում է՝ հնարավոր չի, բանակը թույլ է, ժողովուրդը խեղճացած, հայրենիքի համար պայքարը նշանակում է պատերազմ: Ժողովրդին շարունակում են վախեցնել պատերազմով, ներկայացնելով, որ ունենք երկու ճանապարհ՝  կամ հայրենազրկում, կամ պատերազմ: Մենք պատերազմ չեն ուզում, մեր պայքարը արժանապատիվ խաղաղության եւ հանուն ՀՀ-ի ու Արցախի է: Բայց փորձում են ներկայացնել, որ վիճակն անելանելի է»:

Պատմական անդրադարձով Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ երբ հայ ժողովուրդը պայքարել է միասնաբար՝ հաղթել է. մեկը 1992 թվականն էր, երբ  իրավիճակը ծանր էր, Ստեփանակերտի հետ չկար ցամաքային ճանապարհ, բայց որոշում կայացվեց պաշտպանել երկիրը, փոխվեց պաշտպանության նախարարը, Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. «Կանգնեցինք, ազատագրեցինք Արցախը եւ բերեինք խաղաղություն: Երկրորդ օրինակը, 1998 թվականն էր, երբ  օրվա իշխանությունը  առաջարկում էր՝ կամ պետք է զիջենք, կամ պետք է լինի պատերազմ: Մենք դեմ էինք զիջելուն, օրվա իշխանությունը խաղաղ հեռացավ, բայց ասաց, որ իշխանության եկան պատերազմի ուժերը: Բայց այդ ուժերը եկան ու 20 տարի երկիրն ունեցավ խաղաղություն»: Նա նաեւ նկատեց, որ 2018-ին իշխանության եկավ զիջման կողմնակիցները ու մենք ունեցանք հայրենիքի կորուստ. «Խաղաղություն քարոզողները մեզ բերել են միայն դժբախտություն եւ պատերազմ: Հիմա, եթե Նիկոլն ուզում է խաղաղություն, հանուն այդ խաղաղության պետք է հեռանա: Հայաստանի պատմության մեջ Նիկոլից քիչ ոչ մեկն իրավունք չունի խոսելու խաղաղությունից, որովհետեւ ինքը պարտության ու պատերազմի խորհրդանիշ է: Եթե ուզում ենք ունենալ արժանապատվություն, իրական խաղաղություն, օր առաջ պետք է սրանց հեռացնենք: Մենք այսօր, այս հրապարակի հայտարարում ենք մեր նոր պայքարի սկիզբ: Ձեր ցավը տանեմ, անելու ենք»:

Իշխան Սաղաթելյանը խոստացավ նաեւ, որ այս պայքարը կանգ չի առնելու՝ մինչեւ իր վերջնական հաղթանակ եւ խոսեց անելիքների մասին. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տանը նստածներին բերենք փողոց: Մեր գործը ավարտին հասցնելու ենք այն օրը, երբ բոլորը միանան մեզ: Մեր գործողությունները շարունակական են լինելու, հասնելու ենք հաջողության: Գիշեր-ցերեկ պետք է աշխատենք: Կրկին կոչ եմ անում բոլոր-բոլորին համազգային դիմադրությամբ, միասնությամբ պետք է պայքարենք, ընդ որում, մշտապես գիտակցելով, որ պայքարը լինելու է  երկու ճակատում. մենք պայքարում ենք հայուն Արցախի ու Հայաստանի, իսկ օրվա իշխանությունը՝ հանուն իր իշխանության: Մենք ունենք թշնամի, մեր պայքարն ուղղված է նաեւ այդ թշնամիներին»:

Հանրահավաքն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում մեկ ժամ տեւած բողոքի ցույցով: Իշխան Սաղաթելյանը հորդորեց վաղվանից տեղերում անընդհատ տարբեր մասշտաբների ցույցեր անել, փողոցներ եւ հրապարակներ փակել եւ բոլոր քաղաքներում Արցախի դրոշը պարզել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930