Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի մի ամբողջ ազգի անունից վերածվել մուրացկանի». Արամ Վարդեւանյան

Ապրիլ 05,2022 20:50

«Այսօր Հայաստանն ապրում է վերջին 100 տարվա իր ամենածանր օրերը։ Սա չափազանցություն չէ։ Մենք կանգնած ենք վերանալու շեմին։ Այդ շեմը որպես ազգ, որպես պետություն վերանալու շեմին է»,- Ազատության հրապարակում այսօր կայացած հանրահավաքում, իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն։ Բայց ո՞ւմ է խոստանում այդ խաղաղությունը։ Մե՞զ։ Հայ ազգի՞ն։ Ոչ։ Այս իշխանությունը խոստանում է խաղաղություն Ադրբեջանին և Թուրքիային։ Նա խոստանում է, որ չի լինի հայկական այնպիսի պետություն, որի հետ դրանք ստիպված, ուզելով-չուզելով պետք է հաշվի նստեն։ Այս խաղաղությամբ կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանը, երբ Հայաստանը կդառնա այդ երկու երկրների համար ոտքի տակի երկիր։ Այ այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։ Դա հաստատ» ,- շարունակեց Արամ Վարդեւանյանը՝ հավելելով, որ այս խաղաղությունն Ադրբեջանի համար նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված հանրապետության, վերացում, այս խաղաղությունը նշանակում է Սյունիքի ուզուրպացիա․ այն կլինի թուրք-ադրբեջանական ուղիները սպասարկող շրջան եւ  այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։

«Այս խաղաղությունը Թուրքիայի համար նշանակում է Ցեղասպանությունը մարսել։ Մի բան, որի դեմ 100 տարի ամբողջ հայությունը և աշխարհը պայքարել են։ Այս խոսքերը, ցավոք, չափազանցություն չեն։ Պատմական փաստերի ու օրվա վիճակի մասին են։ Եթե կա հայ մարդ, որը մտածում է՝ ամենավատն արդեն անցել է, արդեն տեսել ենք, ախր՝ ոչ, սարսափելին դեռ չենք տեսել, սարսափելին չի էլ թակում, այլ մաս-մաս ջարդում ու զավթում է մեր դռները, տները»,- ասաց Արամ Վարդեւանյանը՝ հավելելով, որ ոչ ոք պատերազմ չի ուզում։ Բայց չի կարելի հանձնվել դահճին. «Թող այլևս երբեք պատերազմ չլինի։ Բայց դրա այլընտրանքը թուրքի ու ադրբեջանցու տակ կզելը չէ։ Կարելի է պարտվել ու դասեր քաղել, բայց չի կարելի մի ամբողջ ազգի անունից վերածվել մուրացկանի։ Խաղաղություն մուրացողի։ Հայ ազգը նման մանդատ ոչ մեկին չի տվել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930