Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 05,2022 20:40

«Նիկոլ Փաշինյանի իրականացրած հայելային հետքաշման գաղափարի առաջին վատ պտուղները ցավոք դրսեւորվել են Արցախում: Դրա հետեւանքով Արցախում ապրող մեր հայրենակիցները բավականին ծանր անվտանգային իրավիճակի մեջ են»,- այսօր Ազատության հրապարակում, ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ Արցախի Փառուխ գյուղը, Քարագլուխ լեռնաշղթան Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով օկուպացվել են եւ բավական ծանր իրավիճակ են ստեղծել Արցախի կենսունակության համար:

Ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանի՝  հայելային հետքաշմանը չէր վերաբերում նաեւ Արցախից եւ փաստացի վտանգի տակ է Սոթք-Խոզնավար հատվածը, ասել է, թե Գեղարքունիքը, Վայոց Ձորը, Սյունիքը, ինչպես նաեւ Արարատի մարզի Երասխ բնակավայրը, որի վերաբերյալ էր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել հայելային հետքաշման գաղափարը:

«Բոլոր այն մարդիկ, որոնք չեն պատկերացնում առաջնագիծը, սահմանամերձ մարզերի եւ բնակավայրերի առաձնահատկությունները, նրանք կարող են նման առաջարկով առաջնորդվել: Հայելային հետքաշման այս գաղափարը, տարածքները խաղաղ ձեւով հանձնելու քաղաքականության մի մասն են կազմում: Սա պետք է կանխել, այլ տարբերակ չկա: Հայաստանը չունի այլընտրանք, քան ունենալու ժամանակից զինված ուժեր, արդիական, տեխնոլոգիական բանակ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ այդ ամենի փոխարեն այս իշխանությունը ավելացնում է դատախազության, քննչական մարմինների, ոստիկանության, գումարները, քանի որ նրանց համար կարեւոր է սեփական իշխանության պահպանումը, քմահաճույքների իրականացումը, ոչ թե ՀՀ եւ Արցախի բնակչության անվտանգությունը:

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է վերահաս պատերազմի մասին, բայց 1,5 ամիս է արդեն Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակում չի անում, 1,5 տարի է մեր երկրում ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար չկա: Ըստ բանախոսի, գործող իշխանությունը թե բանակում, թե բոլոր ոլորտներում բոլոր նշանակումներն արվում են ոչ թե փորձի, պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական կարողությունների, այլ ներքաղաքական շահախնդրության եւ կուսակցական տրամաբանության ներքո:

Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է, որ հայ ժողովուրդը ցեղասպանությունից երեք տարի հետո պետականություն էր ստեղծում եւ սին են գործող իշխանության կողմից տարածվող թեզերը, թե մենք չենք կարող ոտքի կանգնել եւ ողնաշար ուղղել, մանավանդ, որ այսօր պետականություն ունենք, թեեւ իշխանությունն ամեն ինչ անում է դա էլ չեզոքացնելու համար: Բանախոսը վստահեցնում է՝ մեջքն ուղղելու եւ առաջ շարժվելու հնարավորություններ ունենք, միայն պետք է բանակը արագ վերակազմավորենք եւ մարտունակ դարձնենք, անվտանգության համակարգերը ապահովագրենք, հետո միայն գնանք բանակցությունների. «Թվացյալ խաղաղության կարգախոսները, որ բարձրացնում են այս իշխանությունները, ուղղակի փուչ են, որովհետեւ դրա տակ որեւէ բան գոյություն չունի»:

Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ արցախցին կոտրվող տեսակ չէ, արցախցին ունի կամք, ունի ցանկություն՝ հասնելու իր նպատակին, արցախցին Հայաստանից ուզում է միայն, որ իրեն թիկունք կանգնեն  եւ մենք այլ ելք չունենք, գնալու ենք դրա ետեւից: «Տղերք, մենք ձեր կողքին ենք: Այսօր 6-րդ տարին է լրանում, երբ 2016-ի մարտական գործողություններից հետո ադրբեջանցիները հրադադար էին մուրում: Հիմա ուզում են մեզ համոզել, որ մենք պարտված բանակ ենք: 44-օրյա պատերազմին մեր բանակը պարտվել է քաղաքական տհասությանը: Պարտվել են այն մարդիկ, որոնք ղեկավարել են: Մենք մեր հաղթանակների հետեւից դեռ գնալու ենք: Մեր պայքարը Հայաստանի, Արցախի վաղվա օրվա համար է: Հիշեք, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- դիմելով արցախցիներին՝ ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930