Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թուրքերի բոլոր ասածներն անում են». Վահե Հակոբյանը՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին

Ապրիլ 05,2022 19:55

«Հայաստան ոտքի, հայ ազգ ոտքի, Արցախ ոտքի»,- այս կարգախոսով եւ վանկարկումներով քիչ առաջ, Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը: Հանրահավաքի օրակարգում, ինչպես հայտարարել են կազմակերպիչները, Հայաստանն ու Արցախն են, որ իրենք չեն հանդուրժելու հայրենիքի նկատմամբ կատարվող դավադրությունը: Հանրահավաքի կազմակերպիչները հիշեցնում են, որ երբ ժամանակին ասում էին՝ պատերազմի վտանգը միայն Արցախում չէ, որ թշնամին Արցախով չի սահմանափակվելու, շատերը թերահավատ էին, բայց այսօր վտանգի տակ են ՀՀ-ն՝ Սյունիքը, Գեղարքունիքը, Արարատի մարզը եւ վտանգը չի դադարելու, քանի գործող իշխանությունը չի դադարեցրել իր զիջողական քաղաքականությունը եւ քանի հարցը չի լուծվել Երեւանում:

Սյունիքին սպառնացող խնդիրների մասին խոսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը. «Այսուհետ հանդուրժելու տեղ չունենք: Չունենք հանդուրժելու՝ ոչ մեր երկրի բզկտմանը, ոչ էլ բզկտողներին»:

Դիմելով մարդկանց, ովքեր այսօր Ազատության հրապարակում չէին, Վահե Հակոբյանը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք գիտակցում են, որ մեր երկիրը ծայրահեղ վտանգված է, արդյո՞ք գիտակցում են, որ հարցն արդեն միայն Արցախին չի վերաբերվում եւ հայտարարեց, որ այսօրվա հանրահավաքի նպատակը զանգ խփելն է՝ արթնացման, միավորման, համախմբման. «Գրեթե մեկ տարի է, որ ադրբեջանական ԶՈՒ-երը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում եւ որեւէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ նրանց մտքով չի անցնի ավելի խորանալ կամ այլ տեղերից մտնել Հայաստանի սուվերեն տարածք՝ չհանդիպելով որեւէ դիմադրության»:

Նա նկատեց, որ Ադրբեջանն արդեն այնքան է լկտիացել, որ Արցախում, ոտնձգություններ է իրականացնում ՌԴ խաղաղապահ առաքելության տակ գտնվող տարածքներում, հոգեբանական ճնշումներ գործադրում արցախցիների նկատմամբ, հումանիտար աղետ առաջացնելով՝ ստիպում են, որ մեր հայրենակիցները լքեն իրենց բնակավայրերը. «Իսկ ի՞նչ է անում Նիկո՞լը, ինքը շարունակում է խաղաղության դարաշրջանի իր կեղծ օրակարգը բերել առաջին պյան»: Նրա փոխանցմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի ձեռքը բռնած, Հայաստանին պարտագրում է ընդունել իրենց առաջարկած հինգ սկզբունքները, որոնք բացառապես Ադրբեջանի շահերից են բխում, իսկ ՀՀ իշխանություններն իբրեւ շտկումներ են մտցնում՝ խոսելով Արցախի ժողովրդի անվտանգության մասին, ոչ թե Արցախի: Բանախոսի հավաստմամբ, երկրորդ փաստը, որ ՀՀ գործող իշխանությունն ուզում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում այն է, որ իրենց հաջորդ առաջարկում խոսում են ոչ թե Արցախի ինքնորոշման մասին, այլ կարգավիճակի, որը կարող է նաեւ Ադրբեջանի կազմում լինել:

Խոսելով վաղը կայանալիք Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին էլ, Վահե Հակոբյանն ասաց. «Թուրքերի բոլոր ասածներն անում են»: Նա կարեւոր չի համարում, թե վաղը Բրյուսելում ի՞նչ փաստաթուղթ կստորագրեն Ալիեւն ու Փաշինյանը, քանի որ վստահ է՝ «գալու է թշնամու թելը թելի»: Համայն հայությանը կոչ արեց՝ անտարբեր չլինել, որպեսզի վաղը մեր երեխաները չհարցնեն, թե ինչո՞ւ համակերպվեցինք եւ լուռ հանձնեցինք պետությունը:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930