Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հասկանանք ինչ է ճնշումը, երբ որ ասում ես՝ դու վատ մամուլ ես, նույնիսկ հայհոյում ես, դա ճնշում չի, ճնշումը գործողություններ են». ՀՌՀ նախագահ

Ապրիլ 05,2022 19:44

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ՀՌՀ-ի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա ասաց, որ 2018-ը բեկումնային էր, ժողովրդավարական սկզբունքները հնարավորություն տվեցին հեռարձակողներին առանց կառավարության միջամտության գործել:

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի, ոչ քաղաքական մարմնի կողմից քաղաքական գնահատական է սա: Տիգրան Հակոբյանն արձագանքեց. «Կա քաղաքական գնահատական ու կա իրավիճակի գնահատական: Մենք տալիս ենք այն իրավիճակի գնահատականը, որը կարգավորում ենք ու որի զարգացման, թերությունների մասին ունենք ամբողջական ինֆորմացիա: Հանձնաժողովի կարիքը մեծապես չկար: Մամուլը ղեկավարվում էր այլ տեղերից, մամուլը հանձնարարականներ էր ստանում այլ տեղերից, մամուլը պատիժ կամ խրախուսանք էր ստանում այլ տեղերից: Եվ եթե մենք սկսենք  դրա մասին բաց քննարկել, շատ-շատ տհաճ կլինի հեռուստադիտողների համար: Ես կառավարության անդամ եմ եղել, ե՛ւ պետական թերթեր, ե՛ւ գործակալություններում եմ եղել, եղել եմ վարչապետի մամուլի քարտուղար, համակարգող մարմին եմ ղեկավարել 2000 թվականներին, ե՛ւ ընդդիմադիր  թերթի ղեկավար եմ եղել, ե՛ւ մասնավոր ռադիոյի ու հեռուստատեսության….Ես ամեն ինչ տեսել եմ: Այն ազատության աստիճանը, որ կա  հիմա, Հայաստանում երբեւէ չի եղել, նույնիսկ մեր իշխանության ժամանակ, երբ քիչ թե շատ մամուլն ազատ էր: Չի՛ եղել: Կարող եք  մեկնաբանություններ տաք, ասեք, որ մամուլը ճնշված է, փաստեր կբերեք՝ կխոսենք:

Մեր մոտ գալիս է հեռուստաընկերության ղեկավար, սուրճը խմում ենք, ասում է՝ ապրեք, շնորհակալ եմ, ոչ մի բանով  ճնշված չենք, հանգիստ ապրում ենք, բայց մեր խնդիրներն ուրիշ տեղ են: Բայց 3 օր հետո կարա գնա ու հեռուստաընկերությամբ ասի՝ մեզ փորձում են ճնշել: Պետք է հասկանանք ինչ է ճնշումը, երբ որ ասում ես՝ դու վատ մամուլ ես, նույնիսկ հայհոյում ես, դա ճնշում չի: Ճնշումը գործողություններ են, որոնց մասին ես կարող եմ լեկցիա կարդալ: Այն, որ մամուլն այսօր ազատ է, մենք կարող ենք քննարկել, թե բացի ազատությունից, ինչ խնդիրներ ունի, ինքը ազատ է հայհոյելու, ազատ է ապատեղեկացնելու: Մենք կարող ենք մի օր նստենք, սուրճ էլ կդնեմ, հաց էլ կդնեմ, մի 3 րոպեանոց ռեպորտաժի վրա նայենք՝ 25 հատ մանիպուլյացիա են անում ու կեղծիք են թույլ տալիս, բայց չեն տեսնում: Մի կողմը չի տեսնում, որովհետեւ պրոիշխանական է, մյուս կողմը չի տեսնում, որովհետեւ ընդդիմադիր է: Հարցրեք այն հանձնաժողովին, որը «Ա1»-ը փակում էր ու հարցրեք այն ճնշումների մասին, որը եղել էր իշխանության կողմից, հո մենք հեծանիվ չենք հորինում: Սա իմ կարծիքը միայն չի, սա հանձնաժողովի կարծիքն է, որտեղ կա նախկին ՀՅԴ-ական, որը իշխանություններին չի սիրում, սա ստորագրած խնդիր է ու որեւէ մեկը սրա դեմ չի խոսացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930