Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուվերեն Հայաստանում ռուսական հեռուստածրագրերը 167-ն են, հայկականը՝ 68. սա նաեւ պատասխան է ռուսական կողմին». Տիգրան Հակոբյան

Ապրիլ 05,2022 19:00

Որեւէ ճնշում հանձնաժողովի վրա չկա եւ չի կարող լինել: Բնական է, եղել են փորձեր՝ ուղղորդել հանձնաժողովի աշխատանքները, հատկապես՝ ԱԺ ընտրությունների ու լիցենզավորման մրցույթների նախօրեին, բայց դրանք մեծ նշանակություն չեն ունեցել ու իրենց նպատակին չեն հասել: Մենք ինքնուրույն ենք կայացնում մեր որոշումները՝ շատ ծանր բանավեճերից հետո ու համոզված ենք, որ մեր բոլոր որոշումները եղել են արդար»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ՀՌՀ-ի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նա նշեց, որ պահանջները կաբելային հեռարձակողների հանդեպ պետք է խստացվեն. «Այսօր փոքր մի հատ թուղթ են բերում ու մենք ստիպված ենք ընդունել: Հայաստանում կաբելային ցանցերում հեռարձակվում են 68 հայկական հեռուստածրագրեր, 167 ռուսական, 42` ԵՄ-ի, 38՝ ԱՄՆ-ի: Այսինքն, սուվերեն Հայաստանում վերցնենք ռուսական ու հայկական հեռուստածրագրերը՝ 68-ն ու 167-ը: Սա նաեւ պատասխան է ռուսական կողմին, որոնք անցած տարի բավականին ծավալուն քարոզչություն էին տանում ռուսական մեդիամիջավայրում, որ Հայաստանում փորձում են ոտնահարել ռուսալեզու բնակչության շահերը ու հետաքրքրությունները: Ես այս բոլորը դեսպանատանն ուղարկում եմ, որ նրանք տեղյակ լինեն՝ այդպիսի բան Հայաստանում չկա»:

Նա ասաց, որ եթերի ամենամեծ ծավալը սերիալներն ու գեղարվեստական ֆիլմերն են, որոնք հաճախ պատշաճ որակ չեն ունենում: Եթերում հայերենի օգտագործման առումով լավ առաջընթաց կա՝ տուգանվելու արդյունքում: Սկսել են պահպանել օրենքի պահանջը:

Տիգրան Հակոբյանն ասաց, որ անցյալ տարի էթիկայի հանձնաժողովներ 8 միջնորդություն են ներկայացրել. «Էթիկայի կանոնների համակարգը շատ ծանր է աշխատում: ԶԼՄ-ների ինքնակարգավորումը երկար ճանապարհ է, դանիական փորձն էլ արդյունավետ չէ: Անեկդոտի պես է՝ ես գողություն անեմ, դու բռնացրու, մի հատ ապտակ տուր ինձ, ես շարունակեմ գողություն անել: Նույնիսկ 1 ամսվա մեջ 7-8 խախտումների դեպքում որեւէ իրավական հետեւանք խախտողների համար չի լինում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930