Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ նրանց կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, Հայաստանը դարձնել մշտապես խաղաղություն մուրող երկիր». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպման մասին

Ապրիլ 05,2022 19:11

«Եթե իրավիճակը մտահոգիչ չլիներ, հազարավոր մարդիկ այս պահին այստեղ չէին լինի»,- այսօր Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, ինչպես հայտարարվել էր, մասնակցում էր Ազատության հրապարակում ընդդիմադիր քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին:

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ պետք է անել, ի՞նչպես է հնարավոր կանխել վերահաս վտանգը, քանի որ, չի բացառվում, որ վաղը կայանալիք հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւն արդեն որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեն, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Նայած ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն, բայց ես չեմ կարծում, որ նրանց կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, Հայաստանը դարձնել մշտապես խաղաղություն մուրող երկիր»:

Թեմայի շուրջ լրագրողների այլ հարցերին պատասխանելով էլ, Սերժ Սարգսյանy հավելեց, որ օդում, իհարկե, վտանգներ կան կախված, բայց դժվար թե վաղն այնպիսի փաստաթուղթ ստորագրվի, որը կարող է հիմք հանդիսանալ հետագա կապիտուլյացիայի համար:

Պատասխանելով հարցին՝ գործող իշխանությունները պնդում են, որ նախկին իշխանությունները եւս ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Սերժ Սարգսյանն ասաց, որ հարյուրավոր անգամներ այդ հարցին պատասխան հնչել է:

Ադրբեջանի՝ ՀՀ-ին ներկայացրած հինգ կետերի մասին հարցին էլ նախկին նախագահը պատասխանեց, որ հրապարակն այն վայրը չէ, որտեղ որ պետք է խոսել այդ ամենի մասին եւ լրագրողներին հորդորեց բավարարվել այնքանով, ինչ ինքն ասաց:

Պատասխանելով հարցին՝ իշխանությունն ասում է, որ 30 տարի պետք էր ժողովրդին պատրաստել խաղաղության, որպեսզի ստեղծված իրականության մեջ չհայտնվեինք, Սերժ Սարգսյանն ասաց. «Գիտեք, այսպիսի կոնֆլիկտները հեշտ չէ 30, 40, նույնիսկ 50 տարում լուծելը: Ինչքան կարողացել ենք, այդ լուծումը մոտեցրել ենք եւ դա մեր մեղավորությունը չի, որ իշխանության եկան մարդիկ, ովքեր ասեցին, որ իրենց կետից են սկսում եւ ձեր գործը չի, թե մենք ի՞նչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք եւ մենք հասանք այս վիճակին»:

«Ասողը ղալլաթ ա անում: Ես երբեք հանձնելու մասին չեմ բանակցել: Ես միշտ բանակցել եմ այն մասին, թե մենք ի՞նչ կարող ենք ստանալ եւ դրանից ելնելով, մենք էլ, ինչ-որ չափով, պատրաստ էինք փոխզիջումների»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը հարցին՝ ասում են, որ դուք միշտ բանակցել եք հանձնելու համար:

Այլ հարցերի Սերժ Սարգսյանը չպատասխանեց՝ խնդրելով հանրահավաքը ասուլիսի չվերածել, իսկ հարցազրույցների համար դիմել իր գրասենյակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930