Լրահոս
Օրվա լրահոսը

Նման հիմքով ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է ՏԻՄ-երի գործունեությանը. «Անկախ դիտորդ»

Ապրիլ 05,2022 18:10

Հայտարարություն՝ ՏԻՄ օրենքի փոփոխությունների վերաբերյալ

2022թ․ ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի անցումային դրույթները փոփոխող նախագիծ, որով ավագանու լիազորություները վաղաժամկետ դադարեցվում են, իսկ ՀՀ վարչապետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, եթե ավագանու անդամների լիազորությունները ստանձնելուց 20 օրվա ընթացքում չի իրականացվում ավագանու առաջին նիստը կամ եթե երկշաբաթյա ժամկետում չի ընտրվում համայնքի ղեկավար:

Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Օրենքի անցումային դրույթները սահմանում են, որ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած, և նոր ընտրված տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնում են իրենց լիազորությունները։

Վանաձոր համայնքի 2021 թ. դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման դեմ Լուսավոր Հայաստան կուսակցությունը բողոք է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որը մերժվել է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին: Համապատասխանաբար՝ դեկտեմբերի 22-ին Վանաձոր միավորված համայնքի նոր ավագանին ստանձնել է իր լիազորությունները։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը բողոքարկել էր Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որն այն վարույթ չի ընդունել։ Վերաքննիչ դատարանի այս որոշումը Կուսակցությունը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, որտեղ վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս կայացված չէ։ Միաժամանակ կուսակցության զուգահեռ հայցով Վարչական դատարանն արգելել է համայնքի ղեկավարի ընտրության հարցով Վանաձոր համայնքի ավագանու նիստերի անցկացումը մինչև արդյունքների վերաբերյալ վերջնական վճռի կայացումը։ Նիստերի վրա սահմանված արգելանքի վերաբերյալ հաջորդ դատական նիստը նախատեսված է հուլիսի 20-ին։

Նման հիմքով ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ, որի արդյունքում արդեն 3 ամսից ավելի Վանաձոր համայնքը չունի համայնքի ղեկավար և գործող ավագանի։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ:

Անկախ դիտորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930