Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենօրյա կապի մեջ ենք ոստիկանապետի հետ»․ Գյումրու փոխքաղաքապետը՝ թմրանյութերի թելեգրամյան վաճառքի դեմ պայքարի մասին

Ապրիլ 05,2022 17:47

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու տարբեր հատվածներում, այդ թվում քաղաքի պատմական միջուկի շենքերի վրա հայտնվել են թմրանյութերի թելեգրամյան վաճառքի հայտարարություններ, որոնք մեծ անհանգստություն են պատճառում քաղաքի բնակչությանը։ Զբոսավարները պարզել էին, որ դրանք թելեգրամյան գաղտնի խանութների հասցեներ են։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին փոխանցել էր, որ ոստիկանությունը տեղյակ է և համապատասխան ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու, թե դրանք ինչ հասցեներ են։

Այսօր Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ամենօրյա կապի մեջ է Շիրակի մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի հետ և որ լուրջ աշխատանք է ծավալվում այս հանցագործության դեմ պայքարելու համար։

Նա նաև տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետարանը որոշ շենքերի վրայից մաքրել է այդ գրառումները, թեև ցավալիորեն նոր տեղերում ևս հայտնվել են։

«Այդ գրառումները կառույցների վրայից հեռացնելը քաղաքապետարանի գործառույթն է, բայց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը բնականաբար ոստիկանությանն է։ Կարող եմ ասել, որ ոստիկանությունը շատ խիստ մտահոգված է այս երևույթով։ Ոստիկանապետի հետ գրեթե ամենօրյա զրույցներ եմ ունենում, թե ինչ ընթացքի մեջ է․ մեր քաղաքում նման դեպքերն անթույլատրելի պիտի լինեն։

Ոստիկանության գործառույթներ մասին, բնականաբար, իրավասու չեմ ոչինչ ասել, բայց կխոսեմ քաղաքապետարանի կատարած աշխատանքից։

Տեղեկատվական այդ նյութերը, ցավոք, եղել են պատմամշակութային շենքերի վրա, օրինակ՝ Գյումրի ռեստորանի պատմական շենքում։ Հենց առաջին օրը, երբ հայտնվեցին այդ գրառումները, Կումայրի արգելոց-թանգարանի տնօրենն ահազանգեց, լուսանկարներ բերեց։

Գիտեք նաև, որ զբոսաշրջային խորհուրդ ենք ձևավորվել, խորհրդի անդամները միանգամից բուռն արձագանքել են, խորհուրդը հենց այդ նպատակով է ստեղծվել, որպեսզի խնդիրներին արագ արձագանքենք։

Քաղաքապետարանն իր հերթին ահազանգել է ոստիկանությանը, և մեր բնակկոմունալ բաժինը սկսել է մաքրման աշխատանքներ տանել։

Շենքեր կան, որոնք պատմամշակութային չեն, մեր բնակկոմունալ բաժինը շատ արագ վերացրել է։ Իսկ այն շենքերը, որոնք պատմամշակութային են, օրինակ ՝ Գյումրու ռեստորանի շենքը, այս դեպքում շատ երկար պիտի մտածես ՝ ինչով մաքրել, որպեսզի չվնասես շենքը։ Այդ պատճառով մի քանի օր այդ գրառումը մնաց, մինչև որ միջոցը գտանք մաքրելու։

Մեր բնակկոմունալ բաժնի աշխատակիցները որ շենքում տեսել, մաքրել են, բայց ցավոք, ոստիկանապետի հետ խոսակցությունների ժամանակ ևս արձանագրվել է, որ շարունակում են նորերը գրել, հինը մաքրում ես, նորն են գրում»,-ասաց Դավիթ Առուշանյանը։

Թե ինչո՞ւ են թմրանյութերի վաճառքի հայտարարությունները հրամցվում հենց Գյումրիում, մի՞թե պատճառը զբոսաշրջային քաղաք դառնալն է, մեր զրուցակիցն ասում է․ «Գյումրին պատմամշակութային զբոսաշրջային քաղաք է, ոչ թե հաճույքների զբոսաշրջային քաղաք։ Մենք չենք ուզում, որ Գյումրին դառնա նմանատիպ հաճույքների զբոսաշրջային քաղաք, մենք թույլ չենք տա, ամեն ինչ անելու ենք, որ Գյումրին իր համբավը պահի։

Սա անօրինական գործողություն է, եթե մենք մեր երիտասարդների ապագայի, առողջության հաշվին պիտի զբոսաշրջություն զարգացնենք Գյումրիում, իմ ունեցած բոլոր ռեսուրսներով խոչընդոտելու եմ դրան։

Ես լրատվականներով հետևել եմ, որ Երևանում ու մյուս մարզերում ևս արձանագրվել են նման դեպքեր, այսինքն՝ ամբողջ Հայաստանում է ակտիվացել այս երևույթը, պատճառներ կան, որոնք, բնականաբար, ես չեմ կարող մեկնաբանել, կարող եմ ընդամենը ենթադրություններ անել, դրանք ոստիկանության գործառույթն են, իրենք են զբաղվում։

Ոստիկանապետի հետ ունեցած խոսակցությունից հետո արձանագրում ենք, որ շատ խիստ պայքար է ընթանում ողջ հանրապետությունում, հատկապես Գյումրիում, ամենօրյա խորհրդակցություններ են տեղի ունենում, ամենօրյա գործողություններ՝ հայտնաբերելու ու պատժելու ուղղությամբ։ Այս երևույթը զբոսաշրջության հետ չեմ ուզում կապել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930