Լրահոս
Օրվա լրահոսը

Կոյուղաջրերը խարխլում են շենքի նկուղային հարկերը. բնակիչներն անհանգստացած են

Ապրիլ 05,2022 17:22

Վանաձորի Բազում թաղամասի Չերկասի 2-րդ շենքի բնակիչներն անհանգստացած են, նրանք լուրջ խնդրի առջեւ են կանգնել: Արդեն մի քանի ամիս է ինչ թաղամասի կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղներ, խարխլելով ու վթարային դարձնելով շենքի հիմքը:

Բնակիչներն ասում են, որ ­բազմաթիվ անգամներ են դիմել պատկան մարմիններին, սակայն խնդիրն այդպես էլ մնացել է դեռեւս չլուծված. «Շատ-շատ անգամ ենք դիմել, բողոքել ենք, բայց ոչ մեկը չի արձագանքել: Նույնիսկ Երեւանի իրենց կենտրոնից ահազանգում են այստեղ, բայց ոչ մի բան չեն անում: Էսքան քար անտարբերություն ժողովրդի նկատմամբ, ժողովրդի կյանքի ու ճակատագրի նկատմամբ՝ սա աններելի է: Նկուղներ պետք է նավակով մտնես: Շենքը քանդվելու է»:

Շենքի 80-ամյա բնակիչ Գարեգին Նիկողոսյանն ինքն էլ առանձին է իր բողոքը ներկայացրել, սակայն պատասխանը միայն թղթի վրա է մնացել. «Նոյեմբերի 29-ին դեպքը կատարվել է, ես իրենց դիմել եմ, պատասխանը եկել է, որ եղանակների լավանալու դեպքում անպայման մենք կհանդիպենք: Բայց նոյեմբերն անցավ, դեկտեմբերն անցավ ու մինչեւ այսօր: Էս ո՞ւր ենք գնում»:

Խնդիրն անհանգստացնում է հատկապես առաջին հարկի բնակիչներին: Կոյուղաջրերի հետեւանքով ոչ միայն շենքի հիմքն է թուլանում, այլեւ գարշահոտությունն ու խոնավ պատերն իրենց ազդեցությունն են ունենում բնակիչների առողջական վիճակի վրա. «Հնարավոր չի ապրել, չեմ իմանում, թե ոնց կարելի է այս իրավիճակից դուրս գալ, արդեն 2 ամսից ավելի է՝ էս հոտի մեջ ապրում ենք: Ես չգիտեմ՝ գնամ ում բարեկամի տանը մնամ, արդեն էլ հնարավոր չի: Էս ցրտից, հոտից ու սառնությունից հիվանդացել եմ արդեն: Շատ-շատ տեղեր եմ դիմել, բայց մինչեւ հիմա փոփոխություն չկա»:

Առաջիկայում խնդրի վերաբերյալ Aravot.am-ը կզրուցի համապատասխան մարմինների հետ եւ կներկայացնի վերջիններիս պարզաբանումը ստեղծված իրավիճակի մասին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930