Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՒԵԴ-ը բավարարեց Նանա Մուրադյանի բողոքը. «Ես բավարարված կլինեմ միայն այն ժամանակ, երբ իմ երեխային սպանողները բանտերում փտեն»

Ապրիլ 05,2022 17:13

«Ես բավարարված կլինեմ միայն այն ժամանակ, երբ իմ երեխային սպանողները բանտերում փտեն: Եվրոպական դատարանն, այո, բավարարել է իմ դիմումը, այդքանով բավարարված եմ, բայց պայքարը շարունակվելու է»,-Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց 2010 թվականին Լեռնային Ղարաբաղում ոչ մարտական պայմաններում մահացած զինվոր Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց «Նանա Մուրադյանն՝ ընդդեմ ՀՀ-ի» գործով որոշումը, որով դատարանը որոշել է բավարարել Նանա Մուրադյանի բողոքը: Որոշմամբ դատարանն արձանագրում է, որ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը. դիմումատուի որդու կյանքը պետության կողմից չի պաշտպանվել, ինչպես նաև չի իրականացվել դիմումատուի որդու մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն: ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է Նանա Մուրադյանին վճարել 20.000 եվրո:

Զոհված զինվորի մոր կարծիքով՝ գումարը խորհրդանշական է, սակայն, ըստ էության, դատարանն այսպիսով ապտակ է հասցրել ՀՀ-ին:

Նանա Մուրադյան

Նանա Մուրադյանը հայտարարեց. «Հանցագործները պիտի իրենց պատիժը կրեն: Ցմահ պետք է բանտարկվեն դրանք: Ես մինչև վերջ պայքարելու եմ: Իմ էրեխան այսօր հողի տակ է, արևի երես չի տեսնում, իրենք էլ ճաղերի հետևում պիտի արևի լույս չտեսնեն»:

Մեր հարցին՝ այս իշխանության մոտ տեսնո՞ւմ է քաղաքական կամք, որպեսզի իրենց երեխաների գործերն ի վերջո բացահայտվեն, պատասխանատուները պատիժ կրեն, Նանա Մուրադյանը պատասխանեց. «Չկա քաղաքական կամք, իրենք ոչինչ էլ չեն անում: Խորհրդատվական եզրակացությունները հանեցին, տվեցին մեր ձեռքը, տարանք դատախազություն, դատախազությունից քննչական են ուղարկել: Տեսնում եմ, որ էլի ոչինչ չեն անում: Իրենք տարիներն ուզում են գլորել: Ասում են՝ վարչապետն իրավունք չունի քննչական մարմիններին ասել: Բայց վարչապետը շատ էլ լավ իրավունք ունի քննչական մարմիններից պահանջել, որ ինքն էլ է ուզում արդյունք տեսնել: Շատ խախտումներ են բացահայտվել, որոնք տանում են նրան, որ սա սպանություն է, ոչ թե իմ որդուն ինքնասպանության են հասցրել: Իրենք ամեն ինչ արել են, որ փակեն իմ որդու գործը, հիմա նորից այդ միտումը կա, որ տանում են փակուղի: Բայց մեկ է՝ ես չեմ հանգստանալու, հանցագործները պիտի ճաղերի հետևում հայտնվեն: Իմ երեխային խմբակային են սպանել, դա եղել է հրամանատարի գլխավորությամբ: Ես իմացել եմ, որ սպանության օրը առավոտյան հրամանատարի հետ իմ որդին վեճ է ունեցել, հենց այն հրամանատարն է եղել, որ Վալերիկն ասում էր՝ գալիս էր, տղերքը սոլյարկան լցնում էին, գնում էր»:

Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Նանա Մուրադյանն ասում է՝ ահա փաստերը, դնում ենք Ձեր առաջ: Նա հիշեց, երբ սևազգեստ մայրերը հանդիպել էին Նիկոլ Փաշինյանին. «Այդ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մեզ ասաց՝ փաստերը բերեք, մտցրեք աչքս, տեսեք՝ ես նրանց ինչ կանեմ: Հիմա փաստերը հանված են իրենց աշխատակիցների կողմից էլ, իրավաբանական կազմի կողմից էլ: Իրենք էլ տեսել են, թե ինչ է կատարվել այս քրեական գործերում: Այդքան տարի, որ մենք պայքարել ենք, այսքան գոռացել, փողոցում կանգնել ենք, որ մեր էրեխեքին սպանել են: Այսօր մենք ապացուցում ենք, որ մենք ճիշտ էինք: Պետություն, եթե դու ընդունում ես քո մեղքը, ուրեմն պարտավոր ես պատժել հանցագործին: Մենք այն ծնողները չենք, որ մեզ կարող են խաբել: Արդեն 12 տարի՝ ես պայքարում եմ. ինչեր են գլխիս վրայով անցել՝ դատախազություն, քննչական մարմիններ, ՊՆ: Ես նաև ուզում եմ ասել՝ թող ՊՆ նախարարն էլ ձեռքերը չլվա, չքաշվի մի կողմ, ասի՝ մենք իրավասություն չունենք: Ի վերջո, ՊՆ վերահսկողության ներքո են այս զինվորները ծառայում և իրենց վերահսկողությունը պիտի լինի զինվորների վրա: Իրենք էլ են գլխով պատասխան տալիս մեր էրեխեքի սպանությունների համար: Ի վերջո, մենք բանա՞կ ենք երեխա ուղարկում, թե՞ բարդակ: Եթե պատերազմի ժամանակ իմ էրեխեն զոհված լիներ, կասեի՝ պատերազմ էր, բայց քնած զինվորին խաղաղ պայմաններում սպանեն այն բանի համար, որ ինքն ականատես է եղել բանակի, գողությանը, թալանին.. Էդ չարաշահումների մասին Գևորգ Կոստանյանը երբ նոր էր նշանակվել զինդատախազ, հայտարարեց, որ Վալերիկ Մուրադյանը ականատես է եղել զորամասում բազմաթիվ չարաշահումներին»:

Նանա Մուրադյանն ասաց, որ երկու տարի իրենք փողոցում պայքար չեն մղել, քանի որ Նիկոլ Փաշինյանն իրենց հանդիպման ժամանակ խնդրել է՝ որ քանի տղաների գործերն ուսումնասիրում են, մի դուրս եկեք, նստեք տանը: Նանա Մուրադյանը հիշեց՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր սիրտն էլ է ցավում, որ իրենց տեսնում է այդպես:

Ըստ Նանա Մուրադյանի՝ եթե մեկ անգամ հանցագործին պատժեն, մյուսը կտեսնի դա և էլ նման քայլի չի գնա: Նրա բնորոշմամբ՝ «այս բարդակ վիճակը ծնում է նորանոր հանցագործություններ»:

Ամփոփելով՝ զոհված զինվորի մայրն ասաց. «Մինչև վերջ պայքարելու եմ, պետությունը, որ ընդունում է մեղքը, ուրեմն պարտավոր է հանցագործին պատժել: Թող կանգնեն, ասեն՝ մեղավորին պիտի գտնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930