Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց ՀՌՀ-ի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:
Նա նախ ներկայացրեց, թե 2018-ին ինչ տեսք ուներ այդ նույն տարեկան հաղորդումը՝ 4,5 էջանոց եւ հիմա ինչ տեսք ունի՝ 70 էջ՝ ցույց տալու այն օրերի հանձնաժողովի աշխատանքի եւ ներկայիս աշխատանքի տարբերությունը:
Խոսելով տեղեկատվության ազատության իրավիճակի մասին՝ Տիգրան Հակոբյանն ասաց. «2021-ին մամուլն աշխատել է անկաշկանդ, ազատ, այն հռչակած սկզբունքները, որ կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեությանը, մեծ մասամբ պահպանվել են»: Նա ընդգծեց, որ ԶԼՄ ասելով՝ նկատի ունի միայն տեսալսողական հեռարձակողներին, որոնք ՀՌՀ-ի վերահսկողության տակ են:
Տիգրան Հակոբյանը նշեց, որ մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն, Հայաստանը 2018-ի համեմատ 17 կետով բարելավել է իր դիրքերը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ տեղը. «Նախորդ տարի մենք երկու կետ զիջել ենք ու այդ զիջումը, ըստ «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության», որը կազմում էր այդ ինդեքսը, կախված էր ընդդեմ ԶԼՄ-ների ավելի մեծ թվով դատական հայցերով ու երկրորդը, որ առանց մեդիայի մասնակցության էր որոշումներն ընդունվում: Առաջին հարցով մի քիչ տարակուսելի էր, որովհետեւ շատ ժամանակ այդպիսի կազմակերպությունները հաշվի են առնում իրենց երկրներում, Եվրոպայում ավանդույթները: Մեր երկրում դատական հայցերի մեծացումը խոսում է այն բանի մասին, որ վեճերը մեդիայի եւ իշխանության միջեւ լուծվում են մեծամասամբ իրավական դաշտում, այլ ոչ թե այլ մեթոդներով, որոնց մասին մենք շատ լավ գիտենք: Հակառակն էլ կա՝ 2020-2021-ին հանձնաժողովի հանդեպ ավելի շատ դատական հայցերով են մեդիաները հանդես եկել, քան ՀՌՀ-ի ամբողջ պատմության ընթացքում: 10-15 տարի առաջ որեւէ հեռարձակող նույնիսկ համարձակություն չէր ունենա մեր դեմ հայց բացել: Ամբողջ պատմության ընթացքում եղել է 2 դեպք, անցյալ տարվա ընթացքում՝ 6 դեպք: Սա համարում ենք շատ լավ ժողովրդավարական ցուցիչ»:
Կարդացեք նաև
Տիգրան Հակոբյանն ասաց, որ բողոքներ են եղել եթերում հաղորդավարներին դիմակով նկարահանվելու պահանջի հետ կապված, նախորդ տարվա ընթացքում դրանք նվազել են: Բողոքներ են եղել նաեւ պաշտոնյաների խտրական վերաբերմունքից՝ ԶԼՄ-ի կամ նրանց ներկայացուցիչների հանդեպ. «Համարում ենք, որ դա համակարգային բնույթ չի կրել ու չեն խոչընդոտել լրագրողների ազատ աշխատանքին, չնայած մենք այս տարեկան հաղորդման մեջ եւս կոչ ենք անում բոլոր պաշտոնյաներին առաջնորդվել այդ մասնագիտության հանրային կարեւորությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ