Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաղավարին առանձնահատուկ գունագեղություն են հաղորդել վարպետության դասերը. Հայաստանի մասնակցությամբ իրականացված «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնն ավարտվել է

Ապրիլ 05,2022 17:09

Ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ կազմակերպված, Արաբական Միացյալ Էմիրություններում մարտի 10-28-ը տեղի ունեցած «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը՝ որպես պատվավոր հյուր, մասնակցել է առանձին, ներկայացուցչական տաղավարով։

Փառատոնի կազմակերպիչն էր Շարժայի ժառանգության ինստիտուտը՝ հովանավորությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Գերազանցություն շեյխ, դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմի:

«Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը հիմնադրվել է 2003 թվականին, որին առանձին տաղավարներով այս տարի մասնակցել է ավելի քան 30 երկիր:

Մշակութային օրերի շրջանակում Հայաստանի տաղավարի 12 սրահներում ցուցադրվել են հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ դրսևորումները` սկսած հայ մշակույթի պատմությունից մինչև արդի շրջանի կենսունակ ժառանգությունը` ձեռագրարվեստ ու մանրանկարչություն, երաժշտություն ու ժողովրդական արհեստներ (գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտագործություն, խաչքարագործություն, տիկնիկագործություն, հայկական տարազ և ուտեստ):

Տարբեր ձևաչափերով (ֆիլմերի ցուցադրություններ, բուկլետներ) ներկայացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները՝ դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշը, Քոչարին և Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը։

Տաղավարին առանձնահատուկ գունագեղություն են հաղորդել և արդի շրջանի հայկական մշակութային ժառանգության կենսունակությունն ընդգծել ավանդական երգի-պարի «Վարք հայոց» խմբի և «Կայթ» նվագախմբի պարերգային ու երաժշտական կատարումները, հայկական խոհանոցի ճանաչված մասնագետներ Սեդրակ Մամուլյանի և Արբի Ղարախանիի պատրաստած ուտեստները, ինչպես նաև խաչքարագործության, փայտագործության, գորգագործության և տիկնիկ պատրաստելու շարունակական վարպետության դասերը: Առանձին հարթակներում ներկայացվել են Հայաստանի մշակութային զբոսաշրջությունն ու բնության ժառանգությունը:

Հայաստանն այս միջոցառմանը մասնակցում էր առաջին անգամ. փառատոնի հիմնական ձեռքբերումներն էին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի բազմաբնույթ մշակութային ժառանգության ներկայացվածությունը և Հայաստանի ճանաչելիության բարձրացումը, այդ միջազգային հարթակում նոր մշակութային կապերի հաստատումը և միջմշակութային համագործակցության նոր պայմանավորվածությունները:

Դրա վկայությունն էր տեղացիների, զբոսաշրջիկների, այլ երկրների մասնակիցների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց՝ հայկական տաղավար այցելություններն ու բարձր գնահատականը:

Միջոցառման կազմակերպչական աջակիցներն էին ՀՀ արտաքին գործերի և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

 Տեղեկացնենք, որ 2013 թվականին տեղի է ունեցել Հաղարծինի վանական համալիրի բացման արարողությունը, որը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Գերազանցություն շեյխ, դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930